Եթե անկեղծ` չկա Նիկոլի խնդիր. կա ջրհեղեղի խնդիր. Չի լինի Նիկոլը, նրա «հումքը» կերտածները կարող են առաջին շարք բերել Արմեն Սարգսյանին, Էդմոն Մարուքյանին կամ մի երրորդ` թրենինգ անցած, չար ուժերի հետ մոտիկից «ծանոթացած», հայրենիքն ու հայ լինելը մերժող այլ գլոբալիստի. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:
Հենց սա է Նիկոլի թիվ մեկ և վերջին վախը: Հանուն յուր մխիթարության «շեփորենք»` ձգելով պաուզան…. վերջին ընթրիքին Հիսուսը աշակետներին ասաց` ձեզանից մեկը կմատնի ինձ. ապա հավելեց` սատանա, ինչ պետք է անես, արագ արա:
Եվ արեց սատանան յուր գործը նույնքան կատարյալ, ինչպես նախաստեղծ կատարյալ է Աստծո կամքի մեջ ամեն բան: Իսկ որ մեր գլխից ոչ մի մազ չի ընկնում, ու սատանան որևէ մեկին և այն էլ Հիսուսին, հայրենիքն ու իրեն վստահված էթնոսին չի մատնում, եթե չկա Աստծո կամքը, աներկբա է:
Ասենք հանուն «արդարության». այսօրվա հայաստանյան իշխողը գրեթե ոսկերչական «հմտությամբ» կատարեց իր գործի առաջին փուլը, բայց նա, որպես գործիք, պիտանի չէ երկրորդ «արարը» իրականացնելու. հանրությունը ահավոր հիասթափված է, նա փառահեղորեն` Covid-19-ի խաչին գամեց ողջ ժողովրդին, չափից դուրս շատ սուտ խոսեց, ինչին արդեն թե՛ ժողովրդի, թե՛ իր թիմակիցների նյարդերը չեն դիմանում, և վերջն ուրվագծվում է:
Նիկոլը վախենում է. նրա վախերն առաջին հերթին ակնհայտ են նյարդային, անհավասարակշիռ պահվածքում, երբ մի գիշերվա մեջ երեք անգամ տարփողում է, որ` «ընկավ Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանը էլ չկա»: Շարունակության մեջ` գինեսյան գրքին արժանի քայլն արդեն իսկ արձանագրում է`«պացիենտին ոչինչ չի օգնում»։ Նա շնորհավորում է արձակուրդ գնացած Թովմասյան Հրայրի փոխարեն նշանակված, բայց դեյուրե պարտականություններ չիրականացնող մեկին` ԺՊ ընտրվելու առիթով:
Կարծես թե ամենն ասված է: Ավա՜ղ:
Covid-19-ի, ՍԴ-ի գերպարտիաներում տանուլ տված, աստրալներում մշտապես աշխույժ գործող, վեցերի սիրահար իշխողը, որի աստրալ գիտակցությունը շատ լավ գիտե` ինչ է կիրակին (Հարությունը), և իր պաշտոնավարման առաջին իսկ օրից այն լցրել է իր «հարությամբ», այս կիրակին «դատարկ» էր թողել. վախերի նստվածքը տեղ չէր թողել «հարության» համար, նա համակ «լռություն» էր, ինչը խոսում էր նրա վախերի չհաղթահարման անվերջանալիության մասին:
Սակայն օրվա իշխողի վախերը «կարդալու» համար պետք է թերթել ընտանիքին պատկանող «ՀԺ»-ն, ուր արդեն բաց տեքստով խոսվում է նրա վախերի մասին, իսկ այդ վախերը սնվում են առաջին հերթին ընդդիմադիր դաշտի միավորման հեռանկարից, ինչն էլ այլևս չի թաքցնում «ՀԺ» անանուն հեղինակը:
Չթաքցնենք. Հայաստանը, որը հայտնվել է Covid-19-ի ահարկու ճիրաններում, որն ունի ահավոր ցավոտ` Արցախի հարց, որը գտնվում է արտակարգ ռեժիմում, այսօր իր ճակատագրի համար ամենաբարդ «ընտրություններից» մեկի առջև է կանգնած` քաղաքացիական բախումների:
Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է` գնալու է դրան. ոչ միայն այն պատճառով, որ հեղափոխությունների բնույթն ինքնին Մայդան տանող է, այլև որ Փաշինյան Նիկոլը եզակի պերսոնա էր` իր մանկության, բայց առաջին հերթին` յուրօրինակ մատրիցա կրելու առումով. մարտի մեկով անցած մեկի համար ոչինչ է ևս մեկ անգամ սեփական ժողովրդին դեմ դիմաց կանգնեցնելու «արարը», ինչի մասին էլ նա հրապարակավ, պառլամենտի բարձր ամբիոնից հարկ համարեց հրովարտակել. դուք միտինգ արեք, մենք էլ կանենք….