Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսիայի հուլիսի 3-ը երկար կհիշվի՝ իշխանափոխությամբ

Ֆրանսիայի հուլիսի 3-ը երկար կհիշվի՝ իշխանափոխությամբ
04.07.2020 | 10:34

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հուլիսի 3-ին կառավարության հրաժարականը ներկայացրեց : Հրաժարականը ընդունվեց՝ հաղորդել է Ելիսեյան պալատը: Հրաժարական տված կառավարությունը կշարունակի զբաղվել ընթացիկ գործերով՝ մինչև նոր կառավարության նշանակումը, որ սպասվում է հուլիսի 8-ին: Նշվել է, որ Էդուար Ֆիլիպը կարող է վերանշանակվել, նախագահի աշխատակազմը չի մեկնաբանել: Վերջերս, մեկնաբանելով կառավարության կազմի փոփոխությունների հնարավորությունը՝ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ստեղծվելու է նոր թիմ: Նախագահը մանրամասներ չէր հաղորդել: Հունիսի 28-ին մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլում Էդուար Ֆիլիպը վերընտրվեց Հավրի քաղաքապետ: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ ֆրանսիացիների 59%-ը չի ցանկանում Էդուար Ֆիլիպի հրաժարականը, 75% -ը ցանկանում է, որ Մակրոնի քաղաքականությունը փոխվի:
RFI


Հ.Գ. Հուլիսի 3-ը ֆրանսիացիները երկար կհիշեն՝ կառավարության հրաժարականից հետո նույն օրը նշանակվեց նոր վարչապետ 55-ամյա Ժան Կաստեքսը, Հանրապետականների ներկայացուցիչ, Արևելյան Պիրենեյների Պրադ քաղաքի քաղաքապետ: Նա համակարգում էր երկիրը կարանտինից դուրս բերելու կառավարության ծրագիրը: Փաստացի՝ ֆրանսիացիներին խոստանալով ճգնաժամից հետո քաղաքականության փոփոխություն՝ Էմանուել Մակրոնը սկսեց կառավարությունից: Վարչապետի հնարավոր հրաժարականի մասին բոլորն էին խոսում՝ չբացառելով, որ Էդուար Ֆիլիպը կպահպանի պորտֆելը: Եթե ֆրանսիացիների կեսից ավելին դեմ էր վարչապետի պաշտոնանկությանը, վարկանիշով Էդուար Ֆիլիպը գերազանցում էր Էմանուել Մակրոնին (49%-ը 39-ի դեմ): Մակրոնը չհապաղեց՝ նոր վարչապետը նշանակվեց կառավարության հրաժարականից մի քանի ժամ անց: Ժան Կաստեքսը լայն հասարակությանը շատ հայտնի չէ, ունի փորձառու ու արդյունավետ կառավարչի համբավ: Ելիսեյան պալատից France-Presse-ին ներկայացրել են չափանիշները, որոնցով Մակրոնն ընտրել է հենց Ժան Կաստեքսին: Պետական բարձր և մունիցիպալ պաշտոններում աշխատանքի մեծ փորձ, բազմաֆունկցիոնալություն, երկխոսություն վարելու և «միավորման ոգով աշխատելու» կարողություն: Ինչպես հրաժարական տված Էդուար Ֆիլիպը, Ժան Կաստեքսը աջերի ճամբարից է: Ելիսեյան պալատում նրան անվանել են «սոցիալական գոլլիստ»՝ նշելով սոցիալական խնդիրների հիանալի իմացությունը, որոնցով Կաստեքսը տարբեր պաշտոններում երկար զբաղվել է:


55-ամյա Ժան Կաստեքսը ծնվել է հարավ-արևմտյան Ժեր դեպարտամենտում, Պիրենեյների նախալեռներում: Կաստեքսը ստացել է քաղաքական ու կառավարչական էլիտայի համար դասական կրթություն՝ ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների Sciences Po ինստիտուտը, ապա՝ վարչակարգի ազգային ENA դպրոցը: Կառավարչական կարիերան սկսել է իբրև Հաշվիչ պալատի աշխատակից (Cour des comptes): 2005-2006-ին առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունում գլխավորել է հիվանդանոցների գլխավոր վարչությունը: 2006-2008-ին եղել է նախ առաղջապահության, ապա աշխատանքի նախարար Քսավիե Բերտրանի աշխատակազմի ղեկավարը: Քսավիե Բերտրանն ասել է, որ իր նախկին ենթական «աշխատել է լույսի արաությամբ՝ պահպանելով հանդարտություն ցանկացած փորձության ժամանակ»: Նախարարական պաշտոններում Կաստեքսը զբաղվել է հիվանդանոցների խնդիրներով և Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք՝ ոչպոպուլյար բարեփոխումներով՝ հատուկ կենսաթոշակառուների արտոնությունների կրճատումով և գործադուլների ժամանակ հասարական տրանսպորտի պարտադիր նվազագույն աշխատանքի նորմերով: 2010-ին նախագահ Նիկոլա Սարկոզին Կաստեքսին հրավիրեց Ելիսեյան պալատ իբրև հատուկ հարցերով խորհդատու: 2011-2012-ին նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր:2008-ից մայրաքաղաքային պաշտոնյայի աշխատանքը Ժան Կաստեքսը համատեղել է քաղաքական կարիերայի հետ մունիցիպալ մակարդակում: Աջ «Հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից (հիմա՝ Հանրապետականներ) նա ընտրվել է Պրադի քաղաքապետ: Նա երկար տարիներ ընտրվել է իր դեպարտամենտի և Լանգեդոկ-Ռուսիլիոնի խորհրդի պատգամավոր: 2020-ի մունիցիպալ ընտրություններում Ժան Կաստեքսը 76% ձայներով վերընտրվեց քաղաքապետ: 2017-ին Կաստեքսը նշանակվեց կառավարական համակարգիչ 2024-ին Փարիզում օլիմպիական խաղերի անցկացման հարցերով: Ավելի ուշ նրան հանձնարարվեց նաև համակարգել նախարությունների աշխատանքը երկրում ացկացվող բոլոր միջազգային մարզական մրցումների ժամանակ: 2020-ի ապրիլին կորոնավարակի համաճարակի պիկին վարչապետ Էդուար Ֆիլիպը Ժան Կաստեքսին նշանակեց երկիրը կարանտինից ու սանիտարական ճգնաժամից դուրս բերելու ռազմավարության մշակման համակարգիչ:
Դատելով այս տեղեկություններից՝ Ֆրանսիայի նախագահը ընտրել է իր համար լավագույն տարբերակը՝ ապաքաղաքական կազմակերպիչ, որ լույսի արագությամբ աշխատելու է, և ինչպես Էդուար Ֆիլիպը, ոտնձգություն չի անելու նախագահի վարկանիշի ու հեղինակության դեմ: Փաստացի՝ Էմանուել Մակրոնը գիտի ընտրություն անել՝ հակառակ տարածված կարծիքի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ