Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հաղթաթուղթ» ըստ Փաշինյանի (կամ՝ պատառիկներ Նիկոլի տխրահռչակ «մանիֆեստից»)

«Հաղթաթուղթ» ըստ Փաշինյանի (կամ՝ պատառիկներ Նիկոլի տխրահռչակ «մանիֆեստից»)
19.04.2022 | 07:29

«ԻՅԱ՜, ԻՐՈ՞Ք»

«Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա»:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ


ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ընթացքում (13 ապրիլ, 2022 թ.) Փաշինյանը բառացիորեն արձանագրեց. «… հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։

«Ազատության » հարցմանը, թե «ինչ նկատի ուներ կառավարության ղեկավարը», նրա աշխատակազմից պարզաբանել են. «Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման պատճառով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Ճշտող հարցին՝ «Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞», պատասխանը հակիրճ է եղել՝ «այո»։
Տեղին կհնչի «դասականի» արդեն պատմության սեփականությունը դարձած ձայնարկումը. «Իյա՜, իրո՞ք»:


Ասել է՝ պարոնը «դավաճանու՞մ» է, դեպ Թուրքիա և Ադրբեջան տածած իր խելագար սիրուն, որը նրան ուղեկցել է գիտակցական ողջ կյանքում:
«Անտեսու՞մ» է, թե ինչ նվիրվածությամբ է պաշտպանել թուրք-ադրբեջանական տարածաշրջանային բոլոր նախագծերը:
«Մոռանու՞մ» է, որ «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևման ոգուն հավատարիմ, ընդունված ու չընդունված բոլոր մեթոդներով կատաղի պայքար է մղել թշնամու ծրագրերն ի չիք դարձնելու գործին լծված ուժերի դեմ:
Փաստե՞ր:
Խնդրեմ: Թերթեք նրա՝ տասնամյակներ շարունակ քայքայիչ գործունեություն ծավալած «Հայկական ժամանակը»:
Թերթե՛ք: ՈՒ կհամոզվեք, թե նա ո՛նց է սեփական կուրծքը վահան դարձրած (շա՜տ հետաքրքիր է՝ ինչի՞ դիմաց) պայքարել, որպեսզի կյանքի կոչվի թուրք-ադրբեջանական դարավոր երազանքը՝ միավորումը ցամաքային ճանապարհով:
Նա «պայքարում» էր անդուլ համառությամբ, անտեղյակ անակնկալներից, որ 2018-ին նրան մատուցելու էր ճակատագիրն ու հնարավորություն ընձեռելու 2020-ի նոյեմբերյան մի գիշեր մարաղ մտած կանաչ լույս վառելու Մեծ Թուրանի ծավալման՝ Մեղրիով տրանսպորտային միջանցք կառուցելու դավաճանական գործարքի առջև:

«ՁՈՆ» ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ
«Ես մեկ շաբաթվա վարչապետ էի, ասում էին եկել ա, որ հողերը հանձնի»:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ


«Մեկ շաբաթ» չէ, շատ ես ասում: Ես, օրինակ, հենց սկսեցիր, քայլել, բաձրաձայնեցի՝ Նեռը Արցախն է հանձնելու:
Ոմանք նեղվեցին, եղան և վիրավորվողներ, որ եզրակացրին՝ հայտնվել ենք տարբեր մակույկներում (արդյունքը «Իրատեսի» հետ կապերը խզելն էր), մի մասն էլ մեղադրեց՝ շատ դաժան ես:
Չէ՛, պարզապես տարիներ շարունակ հետևել էի թուրք-ադրբեջանական շահերը նախանձելի նվիրվածությամբ սպասարկողիդ տողերիդ ու հասկանում էի՝ քեզ բերում են քո հիվանդ ուղեղում ներդրած ու մոլագարիդ թռուցիկով «գոյության իրավունքի» հավակնող իրենց երազանքները կյանքի կոչելու նպատակով:


Իրականում դու չէիր քայլողը, քեզ քայլեցնում էին, տերերդ տեղը տեղին ուսումնասիրել էին արատավոր ու փուչ միջուկդ, գիտեին՝ հանուն փողի կծախես ամենքին ու ամեն ինչ:
Վերջերս ՖԲ-ում հայտնվեց քո՝ դեռևս 2001-ին երկնածդ, ազգակործան հերթական մտավարժանքը, ավելի ճիշտ՝ Մեղրին թուրքին հանձնելու «ծրագիրը», որը ես ընթերցողին կմատուցեի «Ձոն դավաճանության» խորագրով: Ահավասիկ պատառիկներ քո այդ տխրահռչակ «մանիֆեստից ».
«Հիմա Հայաստանը աշխարհքաղաքական գործոն է, ու լուրջ գործոն, նաև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ (որից այդքան ընդունված է բողոքել): Բայց այսօր՝ ուրիշի ծրագրերին խանգարող աշխարհքաղաքական գործոն»:
«Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետև այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է»:


«Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում»: «Ի դեպ, Թուրքիան Նախիջևանի հետ երկաթուղային կապ չունի, ու Նախիջևան հասնելու համար թուրքերը ստիպված կլինեն օգտագործել մեր երկաթուղին՝ Գյումրի-Երևան-Երասխ գծում, ու վճարել դրա համար: Թե սա քանի միլիոն դոլար է մեր բյուջեի համար, թող հաշվեն տնտեսագետները: Այսինքն, կոմունիկացիաների բացման գաղափարը այնքան էլ վատը չէ»:
«Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է»:
«Եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը»:
Ասել է՝ «Օվերտոնի պատուհանը» (Թուրքիային պետք է թույլ տանք Մեղրիով միանալու Ադրբեջանին, որովհետև «թուրքերն ուզում են դուրս գալ Կենտրոնական Ասիա»), որ բացել էիր դեռևս 90-ականների վերջերից, նպատակադրված զարգացնում էիր և շատ զգուշորեն մանիպուլացնում լայն զանգվածների գիտակցությունը, թե.
«Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում»:


Հիմա փորձենք քո բացած «Օվերտոնի պատուհանից » ներս նայել:
Ինչ է երևու՞մ… Այո՛, տերերիդ մշակած հայակործան ծրագիրը, որը բանաձևվում է քո պիղծ շուրթերով.
«Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա: Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա: Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաև Եվրոպա: Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը»:
Ներկայացրածդ արատավոր-ախտավոր «կծիկի» բուն ասելիքը, որ ձևակերպվում է սահմանմանդ ենթատեքստում, գրեթե անհնար էր կյանքի կոչել, քանի դեռ կենսունակ էր Արցախի Պաշտպանության Բանակը, որը և վերահսկում էր մինչև Սյունիք ձգվող սահմանը:
Պարզ չէ՞ր, որ գալով իշխանության, պետք է կոտրեիր Արցախի ՊԲ-ի ողնաշարը, հրահրեիր պատերազմ, հանձնեիր Արցախի 75 %-ն ու նաև Շուշին, որը, քո իսկ բնութագրմամբ՝ «մի հատ դժբա՜խտ, դժգու՜յն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին»:
Հիմա բանը հասնել է Արցախի վերջնական հանձնմանը:
Հետո կգա և Մեղրիի հերթը, չէ՞:


Չէ՛, թույլ չենք տալու:
Այս անգամ ձեռնաշղթայելու ենք թուրքի ջրաղացին անվերջ ջուր լցնող կոտրած ձեռքդ և առաջնորդելու համապատասխան հաստատություն:
Հակառակ պարագայում, մեր պետականության գոյությանը վերջակետ դնող այդ քայլով մահմեդական աշխարհին հնարավորություն կտանք, ի վերջո, ազատվել այն «ոսկորից», որն այս էլ քանի դար խրվել է մուսուլմանական աշխարհի անհագուրդ կոկորդում ու խեղդում է նրան:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ. Զգուշացիր, սակայն,հանկարծ ու ոսկորը քեզ չխեղդի:
Որովհետև, ինչպես կասեին Իլֆն ու Պետրովը՝ «давно тюрьма по тебе плачет»!

Դիտվել է՝ 45441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ