Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դերենիկ Մելիքեան. Սփիւռքը պառակտող յանձնակատարը

Դերենիկ Մելիքեան. Սփիւռքը պառակտող յանձնակատարը
19.05.2022 | 07:40

Սոյն թուականի Մայիսի 12-ին հայաստանեան իշխանամէտ «1in.am» լրատուական կայքը տեսահարցազրոյց է անցկացրել Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի հետ։


Ակնյայտօրէն հարցազրոյցը յատուկ կազմակերպուած էր, որպէսզի յանձնակատարը, անդրադառնալով իր Սփիւռք կատարած այցելութիւններին (օրերս եղել է Սիրիայում եւ Լիբանանում ու պատրաստւում է նաեւ Իրան այցելել), վարկաբեկիչ գնահատումներ թոյլ տայ այցելութեան ընթացքում ՀՅԴ-ի որդեգրած դիրքորոշումների վերաբերեալ, հասնելով մինչեւ հայոց պետականութեան դէմ «դաւաճանութեան» մեղադրանքների:
Ահաւասիկ, անհերքելի փաստեր, ըստ հետեւեալի.


1. Սոյն լրատուականի հիմնադիր-տնօրէնն է սորոսական հանրայայտ գործակալ ու սեփական ընտանիքին ու ազգին դաւաճանած եւ ըստ այդմ՝ հակադաշնակցական Արման Բաբաջանեանը:


2. Հետաքրքիր զուգադիպութեամբ Սինանեանի հարցազրոյցը անցկացւում է հէնց այն օրերին, երբ Թուրքիայի իշխող կուսակցութեան մամուլի խօսնակը եւս Հայկական Սփիւռքի մասին բարձրաձայնելով, յայտարարում է հետեւեալը. «Վերջին ժամանակներս նկատում ենք, որ Հայկական Սփիւռքի որոշ լոպպիստներ խափանում են (սապոթաժի են ենթարկում) հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը»։


3. Ցաւալի է, որ հէնց նոյն «սապոտաժ» անողներին, այսինքն՝ ՀՅԴ-ին ու Հայ Դատի լոպպիստներին է վերագրում «պետականութեան դէմ դաւաճանութիւնը»՝ Սփիւռքի յանձնակատարը…, այն դէպքում, երբ պատմա-քաղաքական անհերքելի փաստերն են վկայում պետականակերտման հիմքում՝ 130-ամեայ կազմակերպութեան առանցքային դերակատարութեան մասին՝ 1918 թ.-ից ի վեր։


4. Սփիւռքի յանձնակատար կարգուելուց երեք տարի անց՝ այցելելով Միջին Արեւելեան կարեւոր համայնքներ, պրն. Սինանեանը վրդովուած՝ Սիրիայի ՀՅԴ երիտ.-պատանեկան կառոյցների «դիմաւորումից», ինքնիրեն հակասում է, երբ յայտարարում է, թէ «մենք առաջնահերթ ենք համարում ժողովրդավարութիւնը», երբ նոյն երիտասարդների խաղաղ բողոքը «ժողովրդավարի» մեծահոգութեամբ չի հանդուրժում ու դա հակապետական քայլ է համարում ընդդէմ ՀՀ-ի:


5. Երբեմնի Կլենտէյլի քաղաքապետ, իսկ հիմա Սփիւռքի յանձնակատարը «1in.am»-ի հաղորդավարի գոհունակ դէմքից խրախուսուած՝ շարունակելով ժողովրդավարութեան թեման, նաեւ վատաբանում է ԱՄՆ-ի ՀՅԴ երիտ.-ուսանողական միաւորներին, երբ վերջիններս Վաշինկտթոն այցելած ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին օրերս բողոքի ցոյցով էին դիմաւորել… եւ այդ առթիւ ասում.- «Երբ ԱՄՆ պետքարտուղար Պլինկէնն է ողջունում ՀՀ-ում ժողովրդավարութեան կայացման գործընթացները, ՀՅԴ-ի այդ կառոյցների արածը հակա-Հայաստան ու հակապետական քայլ է…», մոռանալով կամ աւելի ճիշդ՝ չգիտակցելով-չըմբռնելով դիւանագիտական «օրինաչափութիւնները»։ Աւելին, երեւի ընդհանրապէս տեղեակ էլ չի, որ նոյն Պլինկէնները հիանում են Թուրքիայում ու Ատրպէյճանում ժողովրդավարութեան առաջընթացներով…, անամօթաբար անտեսելով Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում նրանց հայատեաց ոճրագործութիւնները:


6. Պարոն յանձնակատարը նոյնպէս մոռանում է իր մտքի մէկ այլ գոհարը, երբ հէնց անցնող ԱՊՐԻԼ 24-ին Ծիծեռնակաբերդում քննադատում ու դժգոհում էր ԱՄՆ քոնկրեսականներին ու երկրի նախագահին, առ այն, որ սրանց ու դեռ տասնեակ ուրիշ երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստը ամենեւին էլ ՀՀ-ի շահերից չի բխում, այլապէս ԱՄՆ պիւտճէում Հայաստանի օժանդակութեան յատկացումները կ՚աւելացուէին…!!!


7. Սինանեան Զարեհը սոյն տեսահարցազրոյցում այլեւս զաւեշտի վերածուած «ՀՅԴ-նախկիններ համագործակցութեան» մասին ահազանգելուց բացի, քաղաքական ու բարոյագիտական դասեր է կարդում 130-ամեայ կազմակերպութեանը, որպէսզի ՀՅԴ-ն ժողովրդի գիրկը վերադառնայ, այստեղ արդէն ապերախտօրէն մոռանալով նոյն այդ չարչրկած նախկինների օրօք, կլենտէյլեան քաղաքապետական ընտրութիւններում, քուէները որ ժողովրդի միջոցով էր իրեն տրւում:


8. Եւ վերջում աւելացնենք, որ եթէ դեռեւս ուժի մէջ է յանձնակատարի իրանահայ հինաւուրց ու հայաստանամերձ համայնք այցելելու որոշումը, խորհրդատրելի է, որ խնայելով ՀՀ պետական պիւտճէն, պատուիրակութեան կազմում չներառել «1in.am» լրատուականին. այստեղ՝ մեզ մօտ էլ գոյութիւն ունեն 1-2 նմանատիպ «լրատուականներ, որոնք բաղձալիօրէն ի զօրու են «լուսաբանելու» յանձնակատարի այցը՝ Իրան եւ իրանահայ համայնք:


«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Դիտվել է՝ 7591

Մեկնաբանություններ