Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դարերի հոլուվույթով է մեզ հասել այն, ինչ ունենք այսօր. Հայկ Մարտիրոսյան

Դարերի հոլուվույթով է մեզ հասել այն, ինչ ունենք այսօր. Հայկ Մարտիրոսյան
02.07.2022 | 10:36

Այնքան ասելիք կա, այնքան խորհուրդ՝ սրանց համար, բայց, թերևս, անիմաստ է անգամ, քանի որ դար-դարերի հոլուվույթով է մեզ հասել այն, ինչ ունենք այսօր:
Ազգը, երկիրը այդպես էլ չսովորեցինք ամեն ինչից , առաջին հերթին՝ նեղ, անձնականից վեր դասելու գաղափար գոնե ձևավորել: Միշտ՝ ես, բայց ոչ երբեք՝ մենք:


Հպարտ, ինքնահիացումի մտասևեռումով ճեմեցինք ճշտի ու բարոյականության եդեմահոտ ծառուղիներով, բամբիռների նվաղկոտ թրթիռների տակ երկյուղած մտմտալով. «Օ՜, ոչ, երբե՛ք, բնա՛վ, չեմ դավաճանի իմ Նուարդին»:
Անգամ, երբ ամենազոր արալեզները կարող էին այն աշխարհից հետ բերել հպարտ Գեղեցկին, նա համառորեն հրաժարվեց վերադառնալ, քանի որ մենակ կթողներ իր Նվարդին՝ հայտնվելով Շամիրամի գրկում: Նվարդն էր արքայի հոգում, ո՛չ իր որբացած հայրենիքը:


Երեք հազար տարի հետո մեր մեկ այլ թագավոր լիասիրտ ու առատ հյուրասիրություն կազմակերպեց Հյուսիսի մեծամեծ իշխանավորի երեսառած աղջկա համար մեր չքնաղ լճափին, և երբ հյուրի սիրտն ուրիշ բան էլ ուզեց, հասարակ ու հասկանալի մի բան, որ որևէ բանով չէր անդրադառնա մեր թագավորի ոչ առողջության, ոչ արժանապատվության վրա, ընդհակառակը, կարող էր պտղաբեր բարեհաճություն նվիրել մեր երկրին, կտրուկ մերժեց նրան՝ հպարտ հայտարարելով. «Ես հայ եմ, կնոջս հավատարիմ հայ»: Երեկոյան էլ այդ մասին ինքնագոհ պատմեց իր ազնվազարմ տիկնոջը, որն էլ, ամուսնու մահից հետո, այդ մասին զմայլանքով պատմեց իր հուշերում, մոռանալով ավելացնել, թե այդ նույն տարփասեր հյուրը հետագայում ինչքան վնաս հասցրեց մեր երկրին և ինքան անչափելի օգուտ նվիրեց մեր այն հարևաններին, որոնց թագավորները իրենց կանանց ամեն մանրուք չէին պատմել:


Բա՜ն ես գտել խոսելու՝ վրդովված ինձ կընդհատի շատ լուրջ հոգսերով տառապող մեր մաքրահայաստանահայ ընթերցողը, էն դաշնակները երկիրը կերան, դու բարոյականության դաս ես տալիս: ՈՒ ես կասեմ՝ հերիք եղավ, վերջապես մոռացիր թացը չորի հետ խառնելու քո ախտաբեր սովորությունը: Ի վերջո, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ՀՅԴ-ի կամքն ու ծրագիրն էր, որ իրագործեց:


Քանի-քանի անգամ քավության նոխազ գտար, քո մաղձը սկսեցիր թափել նրա վրա, իսկ թշնամին էլ, օգտվելով քո ինքնամոռաց զբաղվածությունից, մորեխի պես տարածվեց մեր սահմաններից ներս: Հա, այդ նույն ախտաբեր մոռացկոտությամբ էլ շարունակում ես թունավորել մի մարդու կյանք, ով մութի, ցրտի, սովի պահին օգնեց քեզ, մարդավարի կյանքի վերադարձրեց: Դու մոռացար նրա շնորհները՝ միշտ առաջ մղելով միայն նրա սխալները:

Դիտվել է՝ 7450

Մեկնաբանություններ