Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավաճան հայերի կոչումը

Դավաճան հայերի կոչումը
17.07.2022 | 11:43

Եթե ասեի՝ քրիստոնյա հայերի կոչումը, վստահ եմ՝ ոմանք պիտի ասեին. «Նորից այս տերտերը ջհուդի խոսքեր պիտի ասի»: Վստահ եմ, որ վերնագիրը պիտի հետաքրքրի շատերին, որ ընթերցեն այս տողերս:

Խոսքս վերաբերում է այն խմբի հայերին, որոնք ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԵՆ մեր ՀԱՎԱՏՔԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԺՈՂՈՎՈւՐԴԸ, ԸՆՏԱՆԻՔԸ, ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ և ուզում են դառնալ համաշխարհային անդեմ ԴԵՄՔ, ասելու համար, որ իրենց մակարդակը թույլ չի տալիս տեղավորվել ազգային նեղ շրջանակում, որովհետև դա հնացած է, հետևաբար պետք է ձգտել որդեգրել նորը, այն, ինչը որ առաջնորդում է առանց ազգային գիտակցության, պատկանելիության և արժեքների ընկալման:


Ինձ համար դա ապացույց է տվյալ անձի արժեչափերի և, ըստ էության, անտեղյակության իր նախնիների ստեղծած հոգևոր, բարոյական արժեքներին, որոնք այսօր նույնքան արդիական են և նույնիսկ նախանձելի օտարների համար, քանի որ նրանք ընդունում են, որ կորցրել են արդեն իրենց դեմքը և պատկանելիությունը, իրենց երկիրը և ազգը: Ահա թե ինչու, երբ մեր լրատվական միջոցները ամեն օր իրենց հաղորդումներում բացասական լիցք են հաղորդում ինձ, ես ցնցումներով եմ սկսում իմ օրը, որովհետև, ցավոք, տեսնում եմ իմ ժողովրդի մեջ բազմաթիվ մոլորյալների:


Մենք ազգովի արտառոց մարտահրավերների առջև ենք հայտնվում և շփոթվում ենք, թե ինչպես պիտի դիմագրավենք այդ բոլոր խնդիրները:
Անմիջապես իմ մտքում հուշում է Հովհաննես Ավետարանիչը. «Դուք ձեր սատանա հորից եք, եւ ուզում եք ձեր հոր ցանկությունները կատարեք, նա սկզբից մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա, երբ սուտ է խոսում, իրենն է խոսում, որովհետեւ ստախոս է եւ ստության հայրը» (Հովել 8.44): Այս բոլորը մտածել է տալիս, թե որտեղի՞ց ենք ժառանգել այսօրվա անբարոյական կեցվածքը: Արդյո՞ք մեր հայրերն էլ ապրել են վերոհիշյալ հանցանքներով, և քաղում ենք նրանց պտուղները: Քա՛վ լիցի, չեմ ուզում հավատալ:


Ահա թե ինչպես է սկսվում մեր օրը. մի օր զարթնում ենք և լսում խոսքեր բազմակնության մասին, երբ ընտանիք կազմելու համար ասվում է, որ մենք չունենք բավարար աղջիկներ, հատկապես մի քանի տարիներ հետո: Մի օր զարթնում ենք և լսում ենք քաջալերական խոսքեր միայնակ մայրերի մասին: Մի օր լսում ենք ավանդական ընտանիքի պահպանման անկարևորության մասին: Մի օր լսում ենք սեռական փոքրամասնություններին և կրոնական միավորներին քաջալերող ուժերի մասին: Մի օր լսում ենք արհեստական վիժեցումների մասին, հատկապես՝ իգական սեռի, հակառակ որ դա բացահայտ մարդասպանություն է, և այսպես շարքերը շատ են, բոլորը գիտեն այս այլանդակությունների մասին: Եվ այսպես, այս մթնոլորտում մեծացնում ենք մեր մատաղ սերնդին, փոխանակ ազնվացնելու, հղկելու և սնելու Քրիստոնեական Բարոյական ակունքներից: Ողբալի է այդ տգետ միջակությունների վիճակը, որոնք խիստ քննադատում են մեր Եկեղեցին, որ քարոզում ենք ինչ-որ օտար Քրիստոսի հոգևոր և բարոյական կյանքի սկզբունքները, որպես ՋՀՈՒԴԱԿԱՆ քարոզչություն:


Ես հարց եմ տալիս. ի՞նչ կապ ունի Քրիստոսի և նրա առաքյալների ազգային պատկանելությունը նրանց քարոզչության հետ, երբ հորդորում են հեռանալ մարդկային այն տկարություններից, որոնք այլանդակում են մեր Աստվածային պատկերը, ինչպիսին է բանսարկությունը, դավաճանությունը, անարդարությունը, սուտը, գողությունը, պոռնկությունը, չարը... Եվ այսպես բազմաթիվ հիվանդացնող ախտանիշներ, որոնց պատճառով մարդկությունը դժբախտանում է և դժբախտացնում է շրջապատին: Գուցե այս բոլոր մարդկային թերությունների բացահայտումը չընդունե՞նք, որովհետև գալիս է ծագումով հրեաներից:
Այս սկզբունքով, եթե մերժելի են օտար բարոյական հիանալի խրատները, որ ներմուծվել են մեր կյանքից ներս, ոչ մեր հեթանոս պապերի կողմից, ապա պետք է մերժել նաև այն բոլոր օտարամուտ արժեքները, որոնք գալիս են Եվրոպայից, նրանց արվեստը, գրականությունը, կենցաղավարությունը ևբոլոր այն բարիքները, որոնք մեր երկրում ինչ-ինչ պատճառներով թերի են մնացել, բայց մենք այդ արժեքներով մասնակից և կրողներն ենք դարձել միջազգային քաղաքակրթության:


Իսկ եթե Հայ Եկեղեցին կրողն ու տարածողն է եղել այդ բոլոր հոգևոր և բարոյական արժեքների, ինչու՞մն է նրա սխալը այսօր, երբ շուրջ 2000 տարի քարոզելով, նահատակվելով, պայքարելով, հսկա գրականություն, մշակույթ ստեղծելով հանդերձ, այսօր մնացել ենք դեռ անկատար վիճակում և, փոխանակ հետամուտ լինելու վերազինվել և հետևել մեր Եկեղեցու կրոնա-բարոյական դաստիարակությանը, փնտրում ենք այնպիսի երկրորդական թերացումներ ունեցող հարցեր, որ հատուկ է անգործ պառավների բամբասանքների կենսակերպին:


Բավական է այլևս հայհոյական մակարդակով քննադատել Հայ հոգևորականներին՝ տեղի և անտեղի, ապացուցված կամ չապացուցված: Այդ հայհոյանքների բառապաշարի ամենաբարձրագույն մակարդակով կարող է որևէ մեկը հայհոյել, բայց իրեն հարգող և կիրթ անձնավորությունը, որ զսպանակված է նաև քրիստոնեական ներողամտության, վեհանձնության և հայրական հոգածության սկզբունքներով, միայն աղոթում է, որ մի օր մեր ժողովուրդը ի վերջո պիտի հասկանա, որ մեզ համար քրիստոնեությունը, որ քրիստոնեության բարոյական այդ բոլոր առաջադրանքները միս և արյուն են դարձել Վարդանանց պատերազմի օրերից, և իբրեւ ազգային այդ գաղափարախոսության կրողներ, գոյատևել ենք նրանով մինչև այսօր, վստահ եմ, ապագայում ևս պիտի շարունակենք ապրել այդ արժեքներով:
Երբ ներկայանում ենք Արևմուտքին, այդ առթիվ քրիստոնյա ենք, որպեսզի բոլոր դռները մեր առջև բացվեն: Ինչո՞ւ չենք ասում, որ հեթանոս ենք:
Վերջերս մոդայիկ է դարձել Ցեղակրոնության մասին խոսել, և նույնիսկ կան զարմանալի մտավորականներ, որոնք քաջալերում են հեթանոսական «ծեսով» Գառնիի տաճարում պսակադրությունը, քուրմի ձեռքին մի սուր, ուսին գցած մի հայկական շուրջառ, թե ինչ է ասում և մաղթում՝ Աստված գիտի: Վերջերս այդ քուրմը քննադատում էր Աստվածաշունչը և ասում, որ այնտեղ ոչ մի էական դրվագ չի գտել իր ազգի մասին, բայց մի րոպե հետո ասաց, որ Աստվածաշունչը ազդված է հայ էպոսից: Իսկ հարգելի քուրմը բացի հայկական ինքնությունից ուրիշ հոգևոր արժեքներ չի՞ տեսել Աստվածաշնչում: Այս հակասական մտքեր հաղորդող անձը ի՞նչ է քարոզելու և ի՞նչ բարոյական հիմքեր ունի մեր հեթանոսական անցյալից դրվագներ փոխանցելու մեզ: Շատ եմ հետաքրքրվել, բայց ոչ մի տեղ չեմ գտել մարդու կատարելագործության համար ցուցմունքներ հանդիսացող այնպիսի վարդապետություն, ինչպիսին Քրիստոսի Ավետարանն է: Եվ մի՞թե մեր հայրերը այն աստիճան տգետ էին, որ թողնելով հեթանոսական բարձր բարոյականությունը, որդեգրեցին քրիստոնեական կրոնը, որպես իրենց կյանքի միակ փրկության ճանապարհ: Մի՞թե մարդկությունը, որ Քրիստոսի օրերից հետեւել է եւ հավատացել է Քրիստոսին եւ ապրել նրա պատվիրանների համաձայն, խաբված է: Մի՞թե մեր գիտնական և իմաստուն հոգևոր հայրերը այնքան գիտակցություն չունեին, ինչքան մեր ժամանակի աստվածամերժ և հակաքրիստոնյա այրերը, և ապրել են «ինքնախաբեությամբ»: Մի՞թե մեր այսօրվա հոգևորականները, որոնք ստանում են բարձրագույն կրթություն, ևս ապրում են «ինքնախաբեությամբ», որովհետև քրիստոնյա են:

Մի՞թե մեր նահատակ քրիստոնյա և պարզ ժողովուրդը անիմաստ նահատակվեց հանուն Հիսուսի և Հայրենյաց: Այս բոլորը ստիպում են, որ ամեն մի հայ մտածի, թե ինչ է անում:
Բավական է ներկայացնել Վարդավառի և Տրնդեզի հեթանոսական ծեսերի մեր ազգային ժառանգությունը, եթե կան հայկական հեթանոսական բարոյական սկզբունքներ, որոնք ունեն քրիստոնեությունից ավելի հզոր կյանքի մի ուղեցույց, հրապարա՛կ բերեք, և մենք սովորենք և ափսոսանք, որ թողել ենք մեր հոգևոր, ազգային, բարոյական հեթանոսական արժեքները, անտեսել մեր ցեղի կրոնը և հավատացել ենք ՋՀՈՒԴԱԿԱՆ հեքիաթներին, որոնց, ի դեպ, այդ ջհուդներն իրենք հավատ չեն ընծայում:


Պետք է սթափվել և հրաժարվել մեր ժամանակի անբարոյական, ապազգային և անսկզբունք կյանքի դրսևորումներից, այլապես կորուստն անխուսափելի է և կործանումը՝ իրատեսական:

Երջանկահիշատակ Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան

Դիտվել է՝ 14235

Մեկնաբանություններ