Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեռելների հարության մասին. Բ. Լևշենկո

Մեռելների հարության մասին. Բ. Լևշենկո
23.07.2022 | 09:12

Ի՞նչ է լինելու հետո այդ մարմնի հետ: Նորից սնունդ, շնչառություն և այլն, իսկ հետո նորից վերքեր, հիվանդություն և ցանկալի մա՞հ:

Այս բոլոր հարցերը, կարծես, ինքն իրեն էր տալիս եկեղեցական գրող Տերտուղիանոսը, կամենալով գրավել այս խոսակցության մեջ նրանց, ովքեր կասկածելով համընդհանուր հարությանը, կամա թե ակամա նման հարցեր կբարձրացնեին:
Վերջնական և ճշգրիտ պատասխանը այս հարցերին տալիս է հենց Տիրոջ խոսքը. «Եվ կլինեն,-ասում է Հիսուս,-ինչպես հրեշտակներ» (Մատթ. 22; 30): Տերը չասաց, որ մարդիկ հրեշտակներ կդառնան, այլ ասաց՝ կլինեն հրեշտակների նման, այսինքն, կմնան որպես մարդ: Աստծո համար անկարելի բաներ չկան, Աստծո կամքով և հրեշտակները ընդունում էին մարդկային կերպարը` կարողանում էին ուտել և խմել, ինչպես գրված է Ծննդոց գրքում. «Եվ եկան երեկոյան այն երկու հրեշտակները Սոդոմ, երբ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասների մոտ: Ղովտը տեսավ ու վեր կացավ, որպեսզի դիմավորի նրանց՝ եւ նրանք տուն եկան: Նա հյուրասիրություն արեց եւ թխեց բաղարջ հացեր, եւ նրանք կերան»:

Հասկանալի է, որ հրեշտակները պահպանում էին իրենց ներքին էությունը: Եթե հրեշտակները, դառնալով մարդկանց նման, կատարում էին մարմնավոր գործողություններ` մնալով հոգևոր էակներ, ապա մարդիկ, դառնալով հրեշտակների նման եւ ձեռք բերելով հրեշտակային հատկություններ (օրինակ` մնալ առանց սննդի և քնի), մնալու են որպես մարմնավոր էություններ: ՈՒրեմն, մարմինը հարություն կառնի, և հարություն կառնի նույն մարմինը, բայց՝ առանց թերության: Մարմինը, նույնիսկ տարրալուծված լինելով, ամենուրեք պահպանվում է Աստծո նախախնամությամբ` միակ ճշմարիտ Միջնորդի` Աստծո և մարդկանց միջև` Հիսուս Քրիստոսի շնորհիվ, Որը և կվերադարձնի մարդ արարածին Աստծուն, իսկ Աստծուն` մարդուն, մարմնին կտա հոգին, իսկ հոգուն` մարմինը: Քանի որ Ինքը արդեն կնքեց դաշինքը նրանց միջև, դաշինք Իր անձի մեջ:


Էությունը այն փոփոխությունների, որ Տերը պիտի կատարի Իր Երկրորդ Գալստյամբ, չի կայանում այս աշխարհի ամբողջական ոչնչացման և մեզ համար բացարձակ աներևակայելի մի բանով նրա փոխարինման մեջ, այլ աշխարհի այլակերպման մեջ: Ամեն ինչ կփոխակերպվի մեկ ակնթարթում: Մեռելները հարություն կառնեն նոր մարմիններով` իրենց սեփական, սակայն նորոգված, ինչպես Փրկիչը հարություն առավ Իր Մարմնով, որի վրա կային հետքեր` մեխերի և նիզակի, սակայն Նա օժտված էր նոր հատկություններով և այդ իմաստով նոր էր:
Հովհաննես Աստվածաբանի Հայտնության գրքում դրա մասին ասվում է այսպես. «Եվ տեսա ես նոր երկինքը եւ նոր երկիրը, քանզի հին երկինքն ու երկիրը անցան»: Այսինքն, խոսքը ոչ թե արարածների գոյության ոչնչացման, այլ փոփոխության մասին է դեպի ավելի կատարյալը: Ըստ Պողոս առաքյալի՝ «բոլոր ստեղծվածներն իրենք էլ կազատվեն ապականության ծառայությունից` Աստծու որդիների փառքի ազատության հասնելու համար» (Հռոմ. 8; 21): Երկնքի ու երկրի նորացումը պիտի կայանա փոխակերպման մեջ` Աստվածային հրով, նաև ձևի ու որակի նորոգության, այլ ոչ թե էության փոփոխության մեջ:


Հասկանալի է, որ մեռած մարմնի և այն մարմնի միջև, որ պիտի հարություն առնի, գոյություն ունի և՛ նմանություն, և՛ տարբերություն: Այդ նմանությունն ու տարբերությունը նույն կարգի են, ինչ ցորենի հատիկի ու նրանից ծիլ առած ցորենի հասկի, ինչպես սերմի և նրանից առաջացած սաղմի միջև, որը զարգանալով վերածվում և դառնում է կատարյալ մարդ:
Ի Տեր հարուցյալները պիտի փայլեն արեգակի նման: Ինչպես ասեղը գցվելով վառարանի կրակի մեջ, փոխում է իր տեսքը, կարծես ամբողջությամբ կրակի է վերածվում, չնայած որ երկաթի բնությունը չի ոչնչանում, այլ մնում է նույնը, այդպես էլ Հարության ժամանակ մարմինը վերակենդանանում է և դառնում հրեղեն ու լուսեղեն, բայց իր մարմնավոր բնությունը չի վերածվում կրակի այնպես, իբր արդեն չլիներ նախկին բնությունը:
Սուրբ Գրիգորիոս Պալամայի համաձայն, ներկա վիճակում իմանալի հոգին ծածկված է մարմնի թանձրությամբ, իսկ ապագայում սրբերի մարմինները պիտի նրբանան, դառնան հոգևոր այնպես, որ կդառնան գրեթե աննյութական:


«Մարմինը, որը հարություն պիտի առնի, կարիք չի ունենալու ո՛չ հագուստի, եւ ո՛չ էլ բնակարանի: Ինչպես համբարձվեց մեր Տիրոջ սուրբ մարմինը, այդպես էլ մեր մարմինը, որը պիտի նմանվի Տիրոջ մարմնին, պիտի համբարձվի օդի մեջ»,-ասում է Սբ. Հովնան Ոսկեբերանը:
Հարուցյալ Տերը մտավ Երուսաղեմի Վերնատունը, որտեղ հավաքված էին Նրա աշակերտները, փակ դռնով: Նրա անբիծ մարմնին, արդեն լուսավորված ու անապական դարձած, այլևս արգելք չէր հանդիսանում նյութի թանձրությունը: Տիրոջ կենսակիր մարմինը հաղթահարում և անցնում էր նյութեղեն աշխարհի կառուցվածքները: Ինչպես ասում է Եպիփանոս Կիպրացին. «Տերը Իր մարմինը` որպես հոգեւոր եւ կատարյալ, միացրեց միասնական Աստվածության հետ»: Եվ դա ազդարարումն էր մեր սեփական մարմինների փառավորման և անապականության: Նոր մարմինները, որով մենք հարություն կառնենք, անհամեմատ ավելի փառահեղ պիտի լինեն նախաստեղծ ադամական մարմնից: «Այդ մարմինը,-ասում է Սբ. Հովնան Ոսկեբերանը,-դառնում է համանման եւ համակերպար` Հոր Աստծո Աջ կողմում բազմած Որդուն, որին երկրպագում են հրեշտակները, որի առջեւ կանգնած են անմարմին զորությունները, եւ Որը վեր է քան ամենայն պետություն, իշխանություն եւ զորություն»: Հավիտենական մարմիններով հարությունը մարդկանց տալու է հնարավորություն՝ ավելի ամբողջական հաղորդություն ունենալ Աստծո հետ: Ժամանակավոր, երկրավոր կյանքում, մենք, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, չունենք հոգևոր կյանքի և Աստծո հետ հաղորդության լեցունությունը, «քանզի այս մարմնի մեջ մենք քայլում ենք հավատով, այլ ոչ թե տեսիլով»:


Սակայն, թեև բոլոր արդարների մարմինները կլուսավորվեն անանց փառքից, պիտի լինի նաև տարբերություն նրանց միջև՝ կախված նրանց սրբության աստիճանից. «Եվ մի աստղը աստղից փառքով առավել է» (Ա Կորնթ.15;41): «Ինչպես երկնային աստղերը,-նկատում է Սուրբ Մակարիոս Եգիպտացին,- իրար նման չեն եւ տարբերվում են լուսավորությամբ եւ չափերով, այդպես էլ հոգեկիր մարդկանց մարմինները Գալիք դարում իրենց հավատքի եւ Սուրբ Հոգով առաջադիմության համաձայն պիտի փայլեն»:
Նորոգված մարդկային մարմնի անքակտելի հատկություններն են` մշտնջենական, անապական և անփոփոխ լինելը: Մահը՝ այժմ խորտակված ու հաղթահարված Քրիստոսի Հարությամբ, այն ժամանակ` Համընդհանուր Հարությունից հետո, վերջնականապես կվերանա: Մարդը մեղքին ենթակա դարձավ Աստծո ծրագրին հակառակ, և Հարությամբ մեզ վերադարձվում է այն, ինչ կորցրել ենք մեղսագործության հետևանքով: Այն Հարություն է կոչվում, որովհետև դա վերականգնումն է, որ մեղքով աղավաղված, ընկած մեր բնությունը վերականգնվում է արդարացված և լուսավորված:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի Հոգևոր Հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Դիտվել է՝ 26416

Մեկնաբանություններ