Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մակիչի փողոցն ապրելու է, Կյորեսն ապրելու է՝ Գորիսի փեշը բռնած»

«Մակիչի փողոցն ապրելու է, Կյորեսն ապրելու է՝ Գորիսի փեշը բռնած»
24.07.2022 | 09:45

Իրիկնային տեղատարափից հետո շան հետ մաքուր օդի էր դուրս եկել. անունը չհարցրի, չասացի՝ ո՞ր թաղից ես, ու՞մ խալխից:


Հեռվից ճանաչեցի՝ երկիր պահող է, ինքն էլ՝ Մակիչի փողոցից,
որտեղ ամեն քար ու թուփ, ամեն դեմք ու տոհմ անգիր գիտեմ, նույնիսկ՝ շներին, քանդված տանիքներին, կողպեքը վզին՝ դռներին, նորոգ ու ապրող տներին, փոշոտ փողոցում ննջող բաղնիքի շենքի ուրվականներին, Կյորեսին քսվող ձիթհանի ճրագներին…
Այս ինչքա՜ն շատ ապրեցինք: Մայրս ասում էր՝ շատ ապրելը շատ ցավ է: Հարցնում էի՝ իսկ եթե ցավը շա՜տ-շատ մե՞ծ է…


ՈՒրեմն, չես ապրել, ապրեցրել ես…
Տխուր էր ասում՝ աչքի անկյունը ինձ համար սրբելով:
Զգու՞մ էր, որ իրենից հետո դեռ շատ-շատ պիտի չապրեի…
Երևի ցավից է, որ բոլորս իրար գիտենք՝ անխոս, անբառ, հազար կիլոմետրից ենք ճանաչում. մի ուրվագծից, հեռուն գնացող աչքից, սարին նայող քարից, քարի գույնից, մաշվածությունից, տարողունակ ձևից:


Ես էլ էի զբոսնում՝ անդիմակ, անարատ օզոնը ներքաշելով: էդ էր մնացել պակաս, որ Կյորեսի քերծերի օդն էլ վախենամ անարգել շնչել:
Էհ, Սերո, դու էլ հուշարձան դարձար:
Բա դու հուշարձան դարձող տղա՞ էիր. ձենդ զրնգում էր, թևերդ բացվում էին, թռչում էիր քաղաքիդ վրայով:
Օրը խաղաղ էր, ամառը ՝ բարի, հազար ու մի աղբյուրն ու դաշտերը՝ խոստումնալի բերքով:
Բոլորը կային, բոլորն ապրում էին, ամենքս գիտեինք, որ Սերոն էլի քաղաքը չափչփում է՝ Սահյանի թևն առած,
Սարոյանի մոտ առույծ կտրած. հողը ու՜ժ էր տվել: Շուտով նրանց կտանի մի պատմավայր, մոռացված մի տեղ, մի անշուք-շքավոր քարի մոտ կնստեցնի, մատը հանդիսավոր տնկելով՝ նրանց պատմախեղդ կանի: Վերջում կպարզվի, որ էդ անշուք քարի մոտ օրհասական մարտեր են մղվել, թուրքի գլուխներ են ջարդվել, Րաֆֆին է նստել՝ շունչ առնելու ու գրիչը թաթախելու, Խնզադին ցեղի ալևորի հետ խորհրդակցելու, թե դեպի ուր գնա, որ քարը տա գլխին, որ մի բանը գրի:


Մխիթարն է երդվել՝ իր պապոնց պապու վկայությամբ: Անդրանիկն է… Ա քո տունը շինվի, չգիտեի՞ր, բա իմ ապի Նիկալայը կարևոր գաղտնի բաներ ասաց Անդրանիկին, Անդրանիկն էլ էդ ուղությամբ գնաց…
ՈՒժեղ տղա էր Անդրանիկը, ամա, Գորիսի սար ու ձորին, նիստուկացին էդքան էլ ծանոթ չէր: Բա՞, էն գրքումս կիրալ եմ, կքինաս կարդաս: Էս բեղերս էլ, ասում են, Սարոյանի բեղերից լավն են, քաղաքս ինձ ճանաչել է նախ և առաջ իմ բեղերով, բա՞: էդ էլ եմ կիրալ էս վերջի գրքերից մեկում… Դե հիմա դեսը տուր Քարահունջի արաղը, չայի բաժակդ էլ պահի, լցնեմ…
Անպայման կկարդաս, ականջիդ հետևը չգցես, Խնզադին ցեղը…


Էնքան կպատմեր ու կխոսեր, որ մարդու գլուխը կդրնգար, կդառնար Դրնգանի ձորը: էլ չէր իմանա՝ արաղի՞ց է, թե՞ Սերոյի պատմածներից:
Մակիչի փողոցի բնակչին մոտ թակեցի, ասացի՝ մի բան իմանամ:
Ասես՝ մի ծանր, երկաթե օղակներով դարպաս էի թակում, քարերը շուռ եկան, ճռռալով բացվեց:
Սկսեցի շնից, քանի որ շունն առաջինը ինձ նկատեց:
Անունը Ջեսսի էր, չհավանեցի, ասացի՝ փոխիր, դիր՝ Գամփռ:
Զարմացած նայեց՝ ա քո տունը շինվի, ցեղական ա, է՜… էն օրը եկավ տեսավ դպրոցի պատի տակ դրած հեռուստացույցը չկա, սկսեց հաչալ, պահակը դուրս եկավ, թե բա՝ ինչա՞ եղել, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, տելեվիզորը տարել են նորոգելու՝ Վերդուն Հովիկի մոտ… Սովետի տելեվիզոր է, քառասուն-հիսուն տարի անխափան աշխատում էր, մի թեթև ձենից ընկել էր… Ես ինչ գիդամ, է՛, կարողա ականջս ա խլացել…


Սրա ի՞նչն է ցեղական, Մակիչի եղբայր, չհամոզեցիր, գամփռը չէ՞ր կարող իմանալ ու հաչել...
Երկու զոհ էինք տվել, մյուս երկուսի մասին էլ արդեն գիտեինք: Բա ո՞նց կլինի սրա վերջը՝ սենց որ գնա, Մակիչի եղբայր, կռված տղա ես…
-Լավ կլինի: Լուրջ բան եղավ՝ է՜ն սարն էլ է ձեն տալու...
Մակիչի եղբայրն ինքն իր ձևով է զգում, ոչ ոք նրան չի ասել, ոչ էլ կարդացել է:
Երեսիս էլ չնայեց Մթնաձորի արջը:
Ասելիքն ասաց, գնաց:
Որքան եմ սիրում արջային վստահ փնթփնթոցը, երկարմազի հետ գլուխ չդնելը, չանա չթակելը, մի բաժակ ջրում փոթորիկ չսարքելը:
Թէ չէ՝ բարձերին թիկնած, ձեռքերը խաչած, աշխարհը փաթաթել, չիբուխն են լցրել, թե ոնց կլինի, որ ՄԱԿ-ը չխառնվի, Մինսկը ձեռքերը ծալի, աշխարհը մի կողմ կանգնի...
Չհասցրի էլ գաղտնիքս ասեմ, սիրտս բանամ, հոգիս փռեմ՝ ցավի կարպետ դարձած, վատ հոտ առած՝ արջի պես փնթփնթամ, ասեմ՝ Մակիչ, դու կիմանաս...


Չհասցրի էլ հորս պես կոկորդը բռնեմ, մի լավ շաղահարեմ.
-Այ մարդ, դու ի՞նչ ես թութակի պես մի գլուխ կրկնում՝ լավ կլինի, լավ կլինի, մարդավարի խոսիր՝ բան հասկանամ. ի՞նչը լավ կլինի, ո՛նց լավ կլինի, ջրի ռեխն ընկած՝ գնում ենք...
Եվ լավ է, որ չհասցրի, մարդու օզոնը լրիվ կհարամեի, քթիցը կբերեի:
-Այ մարդ, լավ կլինի... Լավ չլինի՝ վատով լավ կսարքենք:
Մակիչի եղբայրն ասաց ու շունն առած՝ գնաց Կանաչ եկեղեցու ճամփով, այնտեղից անցում կանի դեպի Մակիչ, ականջը՝ սարի ձենին:


Երանի ասածդ լինի, Մակիչի եղբայր, սիրտս չցավար, հավատս մի պարզ ու հասարակ չթե շոր դառնար, գնա՜ր Կանաչ եկեղեցու ճամփով, սարի ձենն առած, զանգի ձենն առած տաներ աշխարհով մեկ, ասեր՝ է՜յ, շան որդիք, Մակիչի փողոցը՝ ձեր տիրումերը, Գորիսն ու Կյորեսը՝ ձեր տիրումերը, երկիրս՝ ձեր տիրումերը, մեզ բան ասողի, մեր զանգը մարողի, մեր քարը տանողի, մեր տունը քանդողի, սաղիդ՝ տիրումերը... Մակիչի փողոցն ապրելու է, Կյորեսն ապրելու է՝ Գորիսի փեշը բռնած,
չթե շորս մասրենու թփով է ընկնելու Սուրբ Հռիփսիմեի ճամփին՝ քամի կուլ տալով, սարերը՝ ծաղկանկար, դարպասը ճռռալով բացվելու է, շունն ինձ ճանաչելու է:
Մի՛շտ:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս


Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 12366

Մեկնաբանություններ