Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աստուծո «Խոսնակը»` Հիսուս Քրիստոս

Աստուծո «Խոսնակը»` Հիսուս Քրիստոս
07.08.2022 | 11:01

Որքան էլ ինձ համոզիչ թվա գիտության խոսքը, թե տիեզերքը մեծ պայթյունի հետևանք է, չեմ կարող չփնտրել պայթյունը մղող սկզբնապատճառը:

Հետամուտ լինելով գիտության նվաճումներին (որի գլուխգործոցներից են համակարգիչը, ռոբոտները և այլ հայտնաբերումներ, ինչպես օրինակ, ջրի հիշողության, իրեն մոտեցողին նրա համապատասխան վերաբերմունքի մասին), որոնք առնչված են նյութական աշխարհին և որոնք օգտակար են, եթե օգտագործվում են մարդու բարօրության և ո՛չ կործանման համար, այնուամենայնիվ, զգում ենք, որ դրանք առնչվում են միայն նյութական աշխարհին:
Որքան էլ գիտությունը նվաճումների բարձր մակարդակի հասնի, չի կարող լուծել մարդու հոգևոր աշխարհը հուզող զգացական խնդիրները, ինչպիսիք են հավատքը, սերը, խղճի և արդարության հակումները և այլն, չպետք է փնտրել գիտություն հավատքի հարցերում, այլ հավատքի մեջ պետք է փնտրել մեր հոգու աշխարհը ներդաշնակող ուժին` Աստծուն:
Իսկ Աստված կանխասահմանել է ֆիզիկական կենդանակերպ մարդուն, օժտել հոգու բաղադրիչով` նրան նմանեցնելով Իր կերպարանքին ու Էությանը:

Բայց երբ հոգին բացակայում է, նա հավասարվում է գիշատիչ կենդանու, ոչնչացնում է իր նմանին և փոխանակ մարդու բարօրությանը ծառայեցնելու գիտական նվաճումները, վերածում է չարագործության միջոցի, ինչը մարդկության առաջադիմությանը չի նպաստում:
Ինչքան էլ ընդունենք գիտության վերջին խոսքը, բայց անտեսենք հոգու աշխարհը, առեղծվածային հրաշք հանդիսացող բնությունը, բանականությամբ օժտված մարդու առեղծվածը և այդ բոլորը վերագրենք միայն պատահականությանը, չենք կարող լիարժեք ըմբոշխնել կյանքի բարիքները:


Այնուամենայնիվ, ուզում ենք հայտնաբերել մի մղիչ ուժ, որ տեսանելի է անտեսանելի աշխարհներում, մեր ապրումների և մեր դրսևորումների մեջ, կենդանական աշխարհի և ատոմի միջուկներում, մարդու բջիջներում, այլապես սահմանափակում ենք հոգևոր աշխարհի պարգևած անսահման հնարավորությունների մեր վայելքը և լիարժեք չենք վայելում ներդաշնակ հարաբերությունները մարդկանց և Աստծո հետ:
Իսկ այն մարդը, որ հոգևոր աչքերով է դիտում աշխարհը և թափանցում նրա խորհրդավոր, անծայրածիր հորիզոնները, չի կարող չտեսնել Աստծո ներկայությունը: Հոգևոր կուրությունը ավելի ահավոր դժբախտություն է, որ զրկում է մարդուն ըմբոշխնելու իրեն ժամանակավոր հյուրընկալած աշխարհի բարիքները:


Ես չեմ, որ հայտնաբերում եմ այս ճշմարտությունները, որովհետև, երբ մարդկությունն սկսեց փնտրել իր Արարչին, նա իր մեջ հայտնաբերեց Աստծո հետ հանդիպելու և հաղորդակցվելու ընդունակությունը:
Երկու հազար տարիներ մարդկությանն սթափեցնելու Աստուծո «Խոսնակը»` Հիսուս Քրիստոս, Իրեն հետևողներին համախմբելով հիմնեց Իր տիեզերական Եկեղեցին, որը փրկեց հոգևոր ծարավի քաղցն ունեցող մարդկանց` ճշգրիտ փրկության ճանապարհը գտնելու համար:
Հայ ժողովուրդը չուշացավ իմաստությունն ունենալու և կողմնորոշվելու, որ որդեգրի այդ աստվածապարգև ուսուցումները և առաջինը եղավ ընդունելու Քրիստոսի վարդապետությունը որպես պետական կրոն: Հայ Առաքելական Եկեղեցին, իր հոգևոր հայրերին հետևելով, օգտվել է քրիստոնեական բարոյական արժեքներից և իր կյանքը խոսքով ու գործով իմաստավորել Աստուծո պատգամների հետ:


Ով դուրս է մնում հոգու աշխարհի պարգևած բարիքներից, նա ի վերջո ինքն է խորտակում իր կյանքը և պատճառ դառնում, որ շատ ու շատ բարի մարդկանց կյանքը դժոխքի վերածվի:
Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին հանիրավի անտեսվում է որոշակի մարդկանց կողմից, ինչը վերագրում եմ առավելաբար իրենց հավակնություններին և մակերեսային դատողությանը: Սակայն, չանտեսելով հանդերձ Եկեղեցու որոշ թերացումներ, որին մասնակից է նաև ժողովուրդը, այնուամենայնիվ, եկեղեցին հետամուտ է և պայքարում է` խորացնելու համար ժողովրդի մեջ Աստծո Որդու վարդապետությունը, և նրանք, ովքեր ունեն իմաստություն և պարգև Աստվածային շնորհի, ապրում են հավատքով, ավելի խաղաղ ու երջանիկ, ավելի համահունչ փրկության տանող ճանապարհով: Եվ նրանք գնահատում են նաև գիտության աստիճանական նվաճումները, եթե դրանք ծառայում են մարդկության բարօրության:


Այսպիսով նրանք առավել պայծառացնում են ոչ միայն միտքը, այլ նաև իրենց հոգու աչքերը, որպեսզի լիարժեք տեսնեն, թե ինչպիսի հրաշք երևույթներ են տիեզերքը և մարդկությունը:
Եթե փնտրենք Աստծուն, կգտնենք:


Երջանկահիշատակ Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան

Դիտվել է՝ 6640

Մեկնաբանություններ