Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի վանդակ ազատություն

Մի վանդակ ազատություն
11.08.2022 | 07:23

Եթե թռչունը վանդակում է, ամեն րոպե չես անհանգստանա, թե նա վանդակի որ հատվածում է` թույլ տալով, որ վայելի իր մի վանդակ ազատությունը:

Երբ մենք` որպես ազգ, վերստին պետականություն կերտելու հնարավորություն ստացանք, մենք արդեն աշխարհի վանդակ-զնդանում էինք, որտեղից ամեն բան տեսանելի է, բայց հասանելի չէ:


Քոնը այն է, ինչ կհայտնվի ճաղերից ներս՝ ինչ-որ մեկի ողորմածությամբ: Սա ճիշտ նույնն է, ինչ թակարդի պատառը ազատության մեջ շրջող մկան համար, որովհետև մկան ազատությունն էլ պայմանական է և պտտվում է իր ուտելիքի ուղեծրով:
Ինչու՞ էին հային հյուրընկալող երկրները այդքան «հյուրընկալ», որովհետև ունեին հային ոչ հայի վերածելու միջավայրն ու գործիքները: Հային իր տան մե՛ջ էլ փայփայողները ունեն նույն համալիր գործիքակազմը: Բայց չառանձնացնենք անհատներին կամ ազգերին: Դավ է նյութվում բոլորի և յուրաքանչյուրի դեմ, ում համար Խաչի վրա Իր Արյունը հեղեց մարդկության Տերն ու Փրկիչը: Պատմության անիվը իր ուզած ձևով պտտելու չարի ջանքերը երբեմն պսակվում են հաջողությամբ, և սատանայական` «մտածիր գլոբալ, գործիր տեղայնացված» սկզբունքը բջիջ առ բջիջ ոչնչացնում է անձեր, ընտանիքներ, հասարակություններ, ազգեր, ողջ մարդկությանը, մարդուն ու մարդկայինը:


Մարդու հանդեպ աշխարհի վերահսկողությունը խելագարության է հասնում, աշխարհի իշխանի խաբված ստրուկները ենթականեր ու երկրպագուներ են փնտրում, ավելին` այդպիսիներին ստեղծում են ամենատարբեր միջոցներով ու տեխնոլոգիաներով: Որքան մարդը կորցնում է իր ներքին ազատությունը և դառնում է իր ցանկությունների ու բնազդների ստրուկը, այնքան ավելանում է արտաքին վերահսկողությունը, որքան մարդը խուսափում է Աստծո ազատարար Օրենքից, ստիպված ենթարկվում է չարի ստրկացնող օրենքներին: Ճաղավանդակի տարածքը տեսահսկվում է: Մարդը կտրվել է օրհնությունից, մեծերից չի ստանում և փոքրերին չի փոխանցում օրհնություն: Սակայն այս տխուր փաստը չէ, որ ինքնին սարսափելի է, այլ այն, որ այդ փաստը չի սարսափեցնում մարդկանց, անգամ չի էլ անհանգստացնում կամ մտահոգում: Իսկ սա, անխոս, մտահոգիչ է, որովհետև օրհնությունն է հիմնում ու հաստատում, առատություն ու բարգավաճում շնորհում: Մարդու կյանքը զրկվել է իր լիությունից և լցվել է աշխարհային ամենակուլ ու անհագ դատարկությամբ: Մարդը` որպես հոգևոր էակ, փակ է հոգևոր սնուցման երակի` Սուրբ Հոգու շնորհաբաշխության դեմ:


Երկրային կյանքը ինքնին գեղեցիկ է շնչասպառ անելու չափ, և մարդը բավարարվում է հավիտենական գոյության այդ չնչին դրվագով ու իրեն դատապարտում կորստյան` Աստծուց հավիտենական բաժանման:
Մարդը, հաճախ նաև քրիստոնյա մարդը, ամեն առավոտ արթնանում է առանց որևէ անդրադարձի, որ իրեն արթնացրել է մի քնքուշ ու հոգատար ձեռք, մի մեղմ ձայն շշնջացել է իր ականջին. «Վե՛ր կաց, դու՛, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսավորի քեզ» (Եփես. 5; 14): «Նա է տալիս ամեն բանի կյանք եւ շունչ եւ ամեն ինչ, քանի որ Նրանով ապրում ենք, շարժվում ենք եւ կանք» (Գործք 17; 25, 28): Այո՛, քունը մահվան խորհուրդն ունի, իսկ արթնանալը` հարության, և մեր ապրած օրը` մեր ողջ կյանքի տևողության: Մեր լիուլի կյանքի համար սահմանված է Օրը: Նորը կարող է չլինել, վաղը կարող է չժամանել:


Ոչ միայն ամեն նոր օրվա համար ենք պարտական Տիրոջը, այլ առհասարակ մեր գոյության, քանզի Նա «ի մէջ մեր յայտնեցաւ ի լրումն ժամանակի», երբ արդեն դույզն-ինչ հապաղելը կնշանակեր մարդկության ստույգ կործանում: Չնչին ու անարժեք չհամարենք Աստծո Շնորհն ու Ողորմությունը: Չլինենք անշնորհակալ ու անսուրբ: Արդեն գիտականորեն ապացուցված է, որ նյութը ոչ այլ ինչ է, քան էներգիա և ալիքներ: Նյութից ավելի նյութական չլինենք, մանավանդ որ, «հոգին է կենդանարար, մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6; 64):
Աշխարհը լիքն է գաղափարներով. որքան գլուխ, այնքան գաղափար: Գաղափարները գլուխներում տեղավորվում են «կասկած-երկմտանք-համոզմունք» սխեմայով:

Ճշմարտությունը Մեկն է և երբեք չի եղել զուտ որպես գաղափար, թեզ, վարկած կամ կարծիք: Ճշմարտությունը միշտ եղել է Անձ, իսկ ժամանակների լրմանը նաև` Մարդացած Անձ: Աստծո Սիրո Անհերքելի Փաստ: Բայց արի ու տես, որ աշխարհը շատ հեշտությամբ ու անհապաղ, իր ամբողջ ցասումով ու վայրագությամբ մղվեց մերժելու և ժխտելու, հերքելու և ոչնչացնելու այդ Փաստի բոլոր հետքերը: Նա սկզբում սկսեց պարզապես ֆիզիկապես ոչընչացնել Ճշմարտության ջահակիրներին, սակայն բավականին ուշ սարսափով հասկացավ, որ ինքը սոսկ մի սերմնացան է թշնամու արտում, իսկ բերքը հուռթի էր ու նախանձահարույց: Այնժամ աշխարհը Ճշմարտությունը տրոհեց զանազան մեծ ու փոքր ճիշտ մասերի, խառնեց իր ստին և շտապեց տոնել իր հաղթանակը: Սակայն աշխարհը մասնատել էր «ճշմարտություն» գաղափարը սոսկ, իսկ Ճշմարտություն Փաստը առանց տրոհվելու բաժանվում և անհատնում բաշխվում էր Եկեղեցում` ճաղավանդակից դուրս:


Մարդկային կյանքի բոլոր ոլորտները գենետիկորեն ձևախեղվում են` մարդուն վերածելով խավարի թագավորության հպատակի, որ պիտի ժառանգի լաց և ատամների կրճտում:
Մի վանդակ ազատություն` հոգու դիմաց և Երկնքի Արքայության փոխարեն: Մարդը առատաձեռն է ու սակավապետ, իսկական քրիստոնյա: Նա պիտի հրաժարվի սեփական ժառանգությունից, որն արդեն ստացել է կտակով, քանի դեռ «ծնվում է ակամա, ապրում է զարմացած և մեռնում է կարոտով»:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 13446

Մեկնաբանություններ