Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Լրացուցիչ խուճապ մի ձգեք, սահմանցին քնած չէ. Սուսաննա Բաբաջանյան

Լրացուցիչ խուճապ մի ձգեք, սահմանցին քնած չէ. Սուսաննա Բաբաջանյան
26.09.2022 | 07:27

Ողջ լրահոսը՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, գիշեր-ցերեկ ահաբեկման, վախի ու սարսափի մթնոլորտ է տարածում՝ գրելով, խոսելով առաջիկա օրերին աղետալի պատերազմի մասին Ջերմուկի տարածքում ու Սյունիքում, և հետո դառնում ու փնովում այս վայրերից հեռացողներին:


Դուք հո չե՞ք խելագարվել, համ գրում եք սպասվող դանթեական դժոխքի ու կոտորածի մասին, համ էլ ծաղրում և փնովու՞մ մարդկանց, որ իրենց երեխեքին ու կանանց, իրենց ծերերին հանում են հնարավոր պատերազմական վայրերից, մանավանդ, որ օրեր առաջ են այստեղ հրետակոծումներ եղել:
Մարդիկ են, ձեր գրածները կարդում են, լսում ու մտածում են, զգուշանում և հնարավոր պատերազմական թիրախից դուրս են հանում երեխեքին, հղիներին, իրենց ծերերին, բա ի՞նչ էիք ուզում:
Եթե այդպես է՝ ո՛չ ահաբեկիչ նյութեր գրեք, ո՛չ էլ փնովեք վախեցած երեխուն կամ հղի կնոջը դուրս հանողին:


Ձեզ կարդալով ու լսելով՝ ողջ մարզը կարող էր դատարկվել. դեռ լավ է՝ ձեր խելքին չէ:
Մեկն էլ, ոչ՝ այս, ոչ՝ այն, գրում է՝ Սյունիքը դատարկվում է:
Նման բան չկա, այո, գնացողներ կան, եղել են ու միշտ են լինելու: Նրանց 90 տոկոսը խոցելի խավեր են՝ երեխեք, հիվանդներ, ծերեր:
Կամ մեկ ուրիշ անտակտը «բարեհոգաբար» գրում է՝ Ջերմուկից Սյունիքի բուկը կկտրեն ու երկու մարզերը կփրթեն, մինչև հերթը հասնի Երևանին՝ կկանգնեցնեն պատերազմը:
Սա ի՞նչ մտայնություն է, դրանո՞վ եք ոգեշնչում սահմանի ժողովրդին ու մի բան էլ՝ ձեռք առնում թիրախային վայրերից մատղաշներին դուրս հանելու համար:
Սա տեղով մեկ խուճապ է՝ չգիտես ում ջրաղացին ջուր լցնելու նպատակով:
Մարդիկ են, ուղղակի, հրետակոծության թեժ օրերին դուրս են հանել երեխեքին, կանանց ու հղիներին, ծերերին և դարձյալ՝ ոչ բոլորը, չնչին խոցելի տոկոս:
Հարգելիներս, խաղաղ բնակչությանը եկեք հանգիստ թողնենք, ում ինչպես հարմար է, թող այդպես անի:


Ինչքան էլ դուրս գան, հաստատ Սյունիքում 70-80 տոկոսը տեղում են, հո բոլորը երեխաներ, հղիներ, հիվանդ կամ ծերեր չե՞ն…
Այդ թեման նույնիսկ արծարծելի չէ, թշնամուն թեմա մի տվեք, ականջը բան մի գցեք:
Ովքեր պետք է մնան՝ ուժային կառույցներ, իշխանություն, աշխարհազոր, կռվող տղերք, իրենց տեղերում ամուր նստած են, մի անհանգստացեք:
Էլ չասեմ՝ ժողովրդի մասին, սովորական աշխատանքային և շինարարական եռուզեռ է, կոնկրետ՝ Գորիսում:


Հարևան-ընկեր՝ գիտեմ, ողջ քաղաքն է նայում իշխանություններին, ուժային կառույցի աշխատողներին, նույնիսկ՝ այս կառույցների հավաքարարին ու՝ գոտեպնդվում ավելի:
Պոստում ենք՝ լրագրող, հավաքարար, թե՝ գործավար:
Մարտադաշտն ինքն էլ պետք է վստահ լինի, որ թիկունքը վերահսկելի է, կոկիկ ու կազմակերպված:
Երկու կողմերից եմ գալիս, գիտեմ՝ ինչ եմ ասում:
Հենց միայն զինվորի համար իրավունք չունենք պաշտպանական ոգին թուլացնելու:
Սյունիքը Աստծո պահած գառն է, նրան բան չի պատահի՝ որքան էլ ուզեն դավեն աշխարհաքաղաքական խաղերը՝ աջից ու ձախից:
Իսկ եթե Թուրքիան, ինչպես առանց շունչ քաշելու գրում եք, որոշել է 45-հազարանոց զորքով ու մարտական պատրաստության բերված տեխնիկայով հարձակվել Սյունիքի վրա ու սպանդի ենթարկել, ապա՝ թող հարձակվի և պատրաստ լինի համաշխարհային պատերազմի:
Սյունիքն ադամանդի պես էլի շողալու է բոլոր աղբերի տակից ու հառնի իր ողջ մնացածներով:
Արդյունքում՝ թուրքի հարվածն իր վրա ընդունած Սյունիքն իր արյամբ բոլորիդ քամակներն է փրկելու ու երեսպարզ անելու:


Էս գլխից՝ նրա ոգին մի ջարդեք:
Ժամանակին գրել էի՝ ինչ խոսեք՝ դա էլ լինելու է, ուրեմն ինչու՞ բերանները խերով չբացել:
Սահմանի բնակչի կողքը կանգնեք ամեն ինչով, ոչ թե գիշեր ու զօր կռռացեք սև ագռավի պես:
Սյունիքը էդ ամենը շատ լավ գիտի՝ ինչ ասում եք. նա իր հազարամյա բնօրրանը չի լքելու:

Դիտվել է՝ 12048

Մեկնաբանություններ