Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աֆղանական պատերազմը ստուգում է ՆԱՏՕ-ի ամրությունը

Աֆղանական պատերազմը ստուգում է ՆԱՏՕ-ի ամրությունը
18.05.2012 | 11:03

Դեռ դպրոցական դասագրքերից հայտնի ռուս պոետի նշանավոր տողը` «Умом Россию не понять», վաղուց արդեն դարձել է այս երկրի առօրյա բնութագիրը: ՈՒ թեև «խելքով չես հասկանա»-ն շատ դժվար են ընկալում ողջախոհ ժողովուրդները, սակայն բնորոշումը բավականին սիրված է ու մինչև հիմա էլ շոյում է ռուսների վեհապետական ինքնասիրությունը, հատկապես ղեկավարների: Ավելին, այս սկզբունքը ոչ միայն շարունակ հաստատվում է, այլև գիտակցաբար առաջնային պլան է մղվում: Ինչ վերաբերում է «Ռուսաստանին պետք է միայն հավատալ» եզրափակիչ պնդմանը, ապա դա, ինչպես ասում են, ճաշակի հարց է: Բայց երբ հարցը հասնում է արտաքին քաղաքականությանն ու ներկա ժամանակներում ռուսական իշխանությունների վարքագծին, ապա հատկապես այդ բնորոշմանը դժվար է համաձայնել:

Ինչևէ, վերացական դատողություններից անցնենք առարկայականին: Աֆղանստանում արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի գործողությունները Ռուսաստանում բուռն դժգոհության առիթ են դառնում, որը երբեմն իջնում է «քուչի» մակարդակի (այս առումով ինչ ասես արժեն թմրամիջոցների հոսքին կոալիցիոն ուժերի մասնակցության մասին հրապարակումները): Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունն Աֆղանստանում ծայրաստիճան բարդ ու չափազանց ցավագին հարց է ինչպես ռուսական իշխանությունների, այնպես էլ հասարակ բնակչության համար, որոնք ոչ միայն համակված են հասկանալի նախանձով (աղետալի տասնամյա հակամարտությունն ավարտվեց 1989 թ. խորհրդային զորքերի անփառունակ դուրսբերմամբ), այլև մեծ անվստահությամբ (ռուսները լավ են հիշում, թե ԱՄՆ-ը և առանձին երկրներ ինչ դեր խաղացին մոջահեդների դեմ իրենց պայքարում): Այստեղից էլ` անվերջանալի հարձակումներն «օկուպանտների» հասցեին, խիստ ընդգծուն հույսը, առաջին հերթին, որոշ զինվորականների, որ ՆԱՏՕ-ն, ինչպես Խորհրդային Միությունը, լիակատար կձախողվի կկրի Աֆղանստանում, որ նրանք հիմա հատուցում են 70-80-ականներին այդ տարածաշրջանում իրենց վարած անհեռատես քաղաքականության համար: Հանրության մի մասը, լավագույն դեպքում, կարծում է, որ Ռուսաստանը պետք է, առնվազն, չեզոք դիրք բռնի և ՆԱՏՕ-ին միայնակ թողնի «դուշմանների» դեմ: Իսկ քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները սիրում են ակնարկել, որ «աֆղանական պատերազմը ստուգում է ՆԱՏՕ-ի ամրությունը և, ըստ էության, ճշմարտության պահ է ամբողջ դաշինքի համար»:

Բացի այդ, ռուսների համար շատ ցավագին է նաև աշխարհաքաղաքական գործոնը, հատկապես նախկին խորհրդային տարածությունում ազդեցությունը մեծացնելու նրանց ձգտումը նկատի ունենալով: ՈՒ թեև դա առայժմ սոսկ անմեկնելի, կարելի է ասել` գենետիկ բնազդ է, իսկ ներմիավորման բոլոր լուրջ ծրագրերը հիմնականում գտնվում են երևակայության փուլում, իրեն դեռևս «մայր երկիր» երևակայող Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել Արևմուտքի նկրտումների հետ: Առավել ևս, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած փոփոխություններից հետո մտադիր է ձեռնամուխ լինելու ազդեցության ու ներգործության նոր ոլորտների ստեղծման վճռական և ավարտական փուլին: Մենք բոլորս հիանալի ենք հիշում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի երկարամյա պայքարը «Մանաս» բազայի շուրջ: Այն ժամանակ ռուսական լրատվամիջոցները «մի գլուխ» հրապարակումներ էին տարածում «Ռուսաստանի ազդեցության գոտու նկատմամբ ԱՄՆ-ի չարամիտ ոտնձգությունների մասին» և բազան հայտարարում էին «լրտեսության ու թմրառևտրի կենտրոն»։ Հիշում ենք նաև այն, թե որքան դժգոհ էր Մոսկվան այն բանից, որ նախկին նախագահ Բակիևը համաձայնել էր երկրում տեղակայելու ևս մեկ ամերիկյան ռազմաբազա (կա միանգամայն հիմնավոր կարծիք, որ հենց դա է եղել նրա տապալման գլխավոր պատճառը): Իսկ հիմա կանոնավորապես հաղորդումներ են երևում, որ և՛ ՈՒզբեկստանը, և՛ Տաջիկստանը սկզբունքային համաձայնություն են տալիս ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը` ընդհուպ մինչև փոխաբեռնման կետերի ու բազաների ստեղծումը: Այնպես որ, ռուսների երկյուղներն անհիմն չեն: Բայց միաժամանակ տպավորություն էլ չկա, թե Ռուսաստանը պատրաստ է խոսքից անցնելու գործի և լիակատար պատասխանատվություն ստանձնելու Կենտրոնական Ասիայի երկրների անվտանգության համար: ՀԱՊԿ-ի զորամասերի ստեղծման հարցի ձգձգումը, դրան զուգահեռ` ռազմական ներկայության վրա փող ծախսելուց խուսափելն արդեն պերճախոս են:

Ընդ որում, նկատենք, որ ոչ հեռու անցյալում Կրեմլը, երկարաձիգ բանակցություններից հետո, «մարդասիրական բեռների» տարանցման համաձայնություն տվեց։ Բացի այդ, պայմանավորվածությունները ներառում էին Ռուսաստանի օգնությունն աֆղանական բանակի ուղղաթիռային համակազմին աջակցելու գործում, որը բաղկացած էր խորհրդային արտադրության տեխնիկայից։ Մոսկվան սկսել էր Քաբուլին մատակարարել հրազեն և զինամթերք, ներառյալ ավիացիայի սարքավորանք և Քաբուլի օդանավակայանի պաշտպանության համակարգ, հաղորդակցության միջոցներ, փոխադրամիջոցներ, նորոգման սարքավորումներ և մասեր։ Այս ամենը, հիմնականում, ձեռք է բերվում ամերիկացիների փողերով, բայց, ըստ երևույթին, արվում է ոչ միայն հանուն փողի։ Ռուսաստանում, ամբողջ բացասական հռետորաբանության կողքին, համենայն դեպս, հասկանում են, որ աֆղանական հարցում ՆԱՏՕ¬ի հետ համագործակցությունն անհրաժեշտ է, որ եթե կոալիցիայի զորքերը հեռանան այդ երկրից, ապա ծայրահեղականները դա կընկալեն որպես գրոհի ազդանշան։ «Գրոհը, նախ և առաջ, կլինի մեր դեմ. առաջին հարվածը կհասցվի Տաջիկստանին, հետո՝ ՈՒզբեկստանին, ապա Ղազախստանով կամ Ղրղզստանով նրանք ավելի ու ավելի վեր կբարձրանան։ Ռուսական բանակն ստիպված կլինի կռվել ու զոհվել այնտեղ՝ հարավում։ Մենք, իհարկե, այդ բանը չենք ուզում։ ՈՒստի հարկավոր է Աֆղանստանում օգնել ՆԱՏՕ¬ին»,¬ ասել է Ռոգոզինը։ Բայց, միաժամանակ, ռուսները ցանկանում են համատեղել «հաճելին օգտակարի» հետ և խոշոր «առևտրային առաջարկության» հույս ունեն։ Մոսկվան, մասնավորապես, հայտարարում է, որ պատրաստ է Աֆղանստանում վերականգնելու շուրջ 140 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ (որ ժամանակին ստեղծել էր ԽՍՀՄ¬ը), հուսալով, որ աշխատանքները կֆինանսավորվեն միջազգային օգնության հաշվին։ «Միջազգային մրցույթների անցկացման հետ կապված բոլոր կիսակոռուպցիոն սխեմաներն այստեղ անզոր են. մեր ինժեներներն են դրանք կառուցել, նրանք էլ պիտի վերականգնեն»,¬ հայտարարում են ռուս պաշտոնյաները և կարծում են, որ պետք է վճարեն միջազգային ընկերակցությունը, այն երկրները, որոնք «շատ փող ունեն» և ուզում են օգնել Աֆղանստանին։

Իսկ վերջերս Ռուսաստանում սկսեց խաղարկվել «աֆղանական տրագիկոմեդիայի» հերթական արարը։ Նախ, լրատվամիջոցներում հաղորդագրություններ երևացին ՈՒլյանովսկի մոտ ՆԱՏՕ¬ի բազա տեղակայելու մասին։ ՈՒ թեև ռուսական իշխանությունները հերքում են այդ լուրը, իսկ դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, թե ՈՒլյանովսկով անցնելու են միայն «խաղաղ բեռները», և խոսքը միայն Ռուսաստանով տարանցման վերաբերյալ հին երկկողմ պայմանագրի մասին է, երկրում լուրջ կրքեր են բորբոքվել՝ պիկետներ, հանրահավաքներ և անգամ հացադուլներ։ Հայտարարվել է ազգային շահերի դավաճանության մասին, թե «նման փոխադրական հոսքը շատ հարմար ուղի է թմրամիջոցների ու զենքի մաքսանենգության համար», և «ՆԱՏՕ¬ն, իհարկե, քողարկում է իր ճշմարիտ նպատակները՝ ռազմական բազա տեղադրելով Ռուսաստանի կենտրոնում»։ Մոլեգնում են հատկապես կոմունիստները։ Նրանք ոչ միայն քաղաքացիական անհնազանդության ու դիմադրության կոչ են անում, խոսում օկուպացիայի մասին, այլև, պարզվում է, պատրաստ են կրկնելու անցյալի սխալները և «պառկելու ՆԱՏՕ¬ական զրահամեքենաների թրթուրների տակ»։ Այս պայմաններում բավականին տարաշխարհիկ տեսք ունի Ռուսաստանի արտգործնախարարի կոշտ քննադատությունը 2014 թ. Աֆղանստանից զորքերը դուրս բերելու ՆԱՏՕ-ի պլանների հասցեին: Լավրովը հայտարարել է, որ կոալիցիայի զորքերը երկրում կմնան այնքան ժամանակ, մինչև Աֆղանստանի կառավարությունը կարողանա երաշխավորել անվտանգությունը, իսկ «զորքերի դուրսբերման ինչ-որ արհեստական ժամկետներն այնքան էլ կոռեկտ չեն»: Այնուհետև նա առաջարկել է օգտագործել տարանցման նոր երթուղին, որը հնարավորություն կտա դեպի Աֆղանստան մատակարարումները կատարելու ռուսական երկաթուղով և օդային տարածքով, օգտագործելով ռուսական ինքնաթիռները: Սակայն, ինչպես քանիցս գրել ենք, Ռուսաստանի մի շարք քաղաքական գործիչներ, ընդ որում, լիովին «վեհապետական» կարգի, ինչպես, օրինակ, Դ. Ռոգոզինը կամ հայտնի «աֆղանցի» գեներալ Բ. Գրոմովն առաջ էլ են հայտարարել, թե «ամերիկացիների հեռանալը երկրից հավասարազոր կլինի ինքնասպանության», որ «նվազագույն խմբագրմամբ, մեր պահանջներն են` ՆԱՏՕ-ն երկրում պիտի ստեղծի կայուն քաղաքական վարչակազմ և կանխի ամբողջ տարածաշրջանի թալիբանականացումը»:

Այնպես որ, Կրեմլում հասկանում են, որ Աֆղանստանը Ռուսաստանին շատ ավելի մոտ է, քան Ամերիկային, և կասկած չկա, որ ԱՄՆ-ի մասնակցությունը Աֆղանստանում կարգուկանոնի հաստատմանը կենսականորեն կարևոր է Ռուսաստանի համար: Մի բան է շարունակ քննադատել ամերիկացիներին ու, ի հաճույս բազմաթիվ ռուս վայ-հայրենասերների, որոնք ապրում են «որքան վատ Ամերիկայի համար, այնքան լավ մեզ համար» սկզբունքով, հայտարարություններ անել «օկուպացման» մասին, մի այլ բան` արյուն թափել երկրի հարավային սահմանների վրա: Բայց, դատելով ըստ ամենայնի, այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի շահերը չեն կարող արդարացնել շաբաթական երկու միլիարդ դոլար «պատերազմական» ներդրումները, այնպես որ, Աֆղանստանից զորքերի արագ դուրսբերումն անխուսափելի է: ՆԱՏՕ-ն ծրագրում է Թալիբանի դեմ պատերազմի պատասխանատվությունն աֆղանական բանակին ու ոստիկանությանը փոխանցել գալիք տարվա կեսերին, և 2014 թ. վերջին հանել զորքերը: Եվ դա, ամենայն հավանականությամբ, դուր կգա դա ռուսներին, թե ոչ, որոշված բան է: Բացի այդ, վերջերս լրատվամիջոցները հրապարակեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որ «ԱՄՆ-ի հեռանալուց հետո Աֆղանստանի համար վճարելու են Ռուսաստանն ու Չինաստանը»: Ինչպես դրան կարձագանքեն Պեկինում, դժվար է ասել, բայց ծանոթ լինելով Կրեմլի ծախսել չսիրելու «բնավորությանը», կարելի է կասկած չունենալ, որ Մոսկվային այդ առաջարկությունը դուր չի գա:

Եվ էլի մեկ հանգամանք. երբ սկսվեց կոալիցիայի պատերազմը Աֆղանստանում, հայ հայտնի քաղաքական գործիչ, արևելագետ Ալեքսան Հակոբյանը մի զրույցի ժամանակ հայտարարեց, թե պատերազմն այդ երկրում վերջ չի ունենա, քանի դեռ այն չի մասնատվել: Եվ ահա վերջերս աֆղան փորձագետ ու քաղաքական գործիչ, Աֆղանստանի ուսումնասիրման կենտրոնի (Գերմանիա) ղեկավար Ազիզ Արիանֆերը, ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հայտարարել է, որ Աֆղանստանի քաղաքական համակարգը կլինի համադաշնային` ինքնավար կառավարման երկու մասերով. փուշտուական «Աֆղանստանի Իսլամական Էմիրություն»` թալիբների իշխանությամբ և Ղանդահար մայրաքաղաքով, և «Խորասանի Իսլամական Պետություն»` տաջիկների, խազարների, ուզբեկների ու թուրքմենների վերահսկողությամբ և Մազարի Շարիֆ մայրաքաղաքով: Նրա ասելով, թեև միջազգային ընկերակցությունը չի ընդունում Աֆղանստանում միաժամանակ երկու պետական կազմավորման գոյությունը, սակայն «հարկադրված կլինի ընդունելու Աֆղանստանի Իսլամական Հանրապետության անխուսափելի բաժանումը երկու մասի` միևնույն անվանումով»: Ավելին, նա շեշտադրում է այն, որ դաշնության բուն գաղափարն անգամ ձեռնտու է Ամերիկային:

Եվ վերջում: Մեծ է հավանականությունը, որ Աֆղանստանից հեռանալու հանգամանքը Կովկասը վերածի Արևմուտքի կարևոր հենադաշտի, ինչի համար կան քաղաքակրթական, մշակութային և այլ նախադրյալներ: Տարածաշրջանը կարող է դառնալ «դիրքեր վերադառնալու» համար անհրաժեշտ կարողության կուտակման հրապարակ: Ընդ որում, «կովկասյան հենահրապարակի» պահպանման համար պահանջվող ռեսուրսներն այնքան էլ մեծ չեն, իսկ այդ երկրներում ժողովրդավարական գործընթացների ճակատագրի համար անհանգստությունը, ըստ էության, դադարել է հրատապ լինելուց:

Այսպիսով, Արևմուտքը, լայն ընկալմամբ, թվում է, դատապարտված է ռազմական ներկայության` ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ հետագայում Հարավային Կովկասում:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ