Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկար լեզվի պատճառով միշտ էլ գլուխն է տուժում

Երկար լեզվի  պատճառով միշտ էլ գլուխն է տուժում
21.05.2012 | 12:39

Հրեաների համար ազգային կարգախոս դարձած ասացվածքը` «Եթե ուժով չի ստացվում, կստացվի ավելի մեծ ուժով», սկսել է «ճաքեր» տալ։ Համենայն դեպս, այն ամենի առնչությամբ, ինչ վերաբերում է թուրք-իսրայելական կապերին։ Ահա վերջերս էլ Անկարան հերթական դեմարշն արեց, որն առանձնապես տհաճ էր Երուսաղեմի համար, քանի որ վերաբերում էր անվտանգության ոլորտին։ Պարզվում է, Իսրայելը չի կարող մասնակցել Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի որ նրա հրավերը «շրջափակել է» Թուրքիան։ ՈՒ թեև գլխավոր քարտուղար Ռասմուսենը շտապեց լիցքաթափել իրադրությունը և հավաստիացնել, որ ՆԱՏՕ-ն Իսրայելի առջև դռները փակել է ոչ թե Թուրքիայի ճնշմամբ, այլ միայն այն պատճառով, որ նա չի մասնակցում ՆԱՏՕ-ի երկրների հիմնական ռազմական առաքելություններին, այն փաստը, որ միջոցառմանը հրավիրված են Հյուսիսատլանտյան դաշնախմբի անդամ չհանդիսացող յոթ պետությունների պատվիրակություններ, փաստորեն, ի չիք դարձրեց նրա արդարանալու անհաջող փորձը։ Չէ՞ որ Իսրայելը ևս վաղեմի գործընկերային և բարեկամական հարաբերություններ ունի դաշնախմբի անդամ բոլոր երկրների հետ, բացի Թուրքիայից։ Այնինչ Անկարան փորձ անգամ չարեց թաքցնելու իր դերը և ինքնագոհ շեշտով հայտարարեց, թե, ՆԱՏՕ-ում, ունենալով վետոյի իրավունք, պնդել է, որ Իսրայելը հանվի հրավիրվածների ցուցակից։ Իսկ երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամը բորբոքվել է «Մավի Մարմարա» նավի հետ կապված իրադարձությունների պատճառով։ Իր «նվաճումով» հպարտ Ահմեդ Դավութօղլուն էլ հայտարարել է, թե Անկարան չի կարող բանակցությունների գծով գործընկեր համարել մի պետության ներկայացուցիչների, որը Թուրքիայի քաղաքացիներ է սպանում, և որ իրենք այսուհետ ևս Իսրայելի հետ չեն համագործակցի միջազգային ոչ մի կառույցում, քանի դեռ վերջինս պաշտոնապես ներողություն չի խնդրել միջադեպի համար։ «Մենք արդեն ասել ենք, որ կշրջափակենք նման համագործակցությունը, բացառությամբ ՄԱԿ-ի համաժողովների»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ քննադատել են թուրքական իշխանություններին, ընդգծելով, թե Անկարան ի վիճակի չէ տարբերելու Հյուսիսատլանտյան դաշինքի շահերը Իսրայելի հետ դիվանագիտական ճգնաժամից։ Ավելին, ԱՄՆ-ը, որը երկար ժամանակ հույս ուներ հաշտեցնելու իր երկու դաշնակիցներին, այդ խնդրի համար արտասովոր կոշտ տոնով իր դժգոհությունն արտահայտեց։ Գերակայությունները հաշվի առնելով, թե ամենազոր հրեական լոբբիից զգուշանալով` Օբամայի վարչակազմը հայտարարեց, թե «ԱՄՆ-ը չի հանդուրժի Թուրքիայի խտրական վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ»։ Ի միջի այլոց, տեղնուտեղն էլ ավելացվել է, թե ԱՄՆ-ը խորապես ափսոսում է, որ «Մերձավոր Արևելքում ամենադրական կողմերից մեկը սերտ համագործակցությունն էր երկու երկրների միջև, և որ ԱՄՆ-ը դիվանագիտական լուրջ միջոցներ կձեռնարկի դա հաղթահարելու համար»։ Սրան հաջորդեց Ռասմուսենի «դայլայլը», թե «ՆԱՏՕ-ն չէր ծրագրում Իսրայելին հրավիրել Չիկագոյի գագաթնաժողովին, և, համապատասխանաբար, Թուրքիան վետո չի դրել»։ Սակայն դրան դժվար է հավատալ։ Չէ՞ որ կույրին է անգամ տեսանելի, որ եթե նույնիսկ Իսրայելին հրավեր չի ուղարկվել, ապա միայն դաշինքի շարքում պառակտում չառաջացնելու երկյուղից։ Այնպես որ, հրեական որոշ պարագլուխներ (և ոչ միայն նրանք) միանգամայն հիմնավորված կերպով այդ հայտարարությունը հավաստի չեն համարում։
Սակայն, չնայած ներկա շփոթին, Անկարայի այս հերթական դեմարշը միանգամայն ներդաշնակ է նախկին գործընկերների միջև արդեն ձևավորված առճակատման դաշտին։ Թվարկենք թուրքերի միայն վերջին ամիսների հիմնական քայլերը։ Այսպես, չնայած հրավերին, Թուրքիայի պաշտոնատար անձինք արհամարհեցին Իսրայելի պետության ստեղծման 64-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելությունը։ Ավելի վաղ արաբական երկրների արտաքին գործերի նախարարների լիգայի նիստում Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե «Իսրայելի կառավարության նկարագիրը լուրջ խոչընդոտ է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ճանապարհին» և ընդգծել պաղեստինյան պետության ճանաչման անհրաժեշտությունը։ Բացի այդ, թուրքական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, իսրայելական հետախուզությունը հետևել է վարժական թռիչքներ կատարող օդաչուների խոսակցություններին, և այդպիսով, Իսրայելը տեղեկություններ է ստացել երկրի ռազմաօդային ուժերի մարտավարության, ռազմական ավիացիայի օդաչուների մարտական պատրաստության մակարդակի մասին։ Հիշեցնենք` անցած տարի Թուրքիայում որոշում էր ընդունվել փոփոխություններ մտցնել ռազմական ավիացիայի համակարգում, ինչն առաջին անգամ թուրք օդաչուներին հնարավորություն է տալիս ռմբակոծելու իսրայելական ինքնաթիռները։ Իրադրությունը հանգիստ չէ նաև կենցաղային ոլորտում։ Չնայած այն բանին, որ թուրքական իշխանությունները կանխել են իսրայելցիների դեմ ուղղված մի քանի ահաբեկչական գործողություն, և հենց դա է ահաբեկչության դեմ պայքարի իսրայելական շտաբին թույլ տվել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների համար հայտարարել վտանգի մասին նախազգուշացման չեղարկում, այնուամենայնիվ, պաշտոնապես հայտարարվել է, որ «շտաբի որոշումն ամենևին չի նշանակում, թե Թուրքիա այցելելու դեպքում իսրայելցիներին սպառնացող վտանգը լրիվ վերացել է»։ Այնպես որ, բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այցելել այդ երկիր, խորհուրդ է տրվում «իրենց պահել միջին վիճակագրական եվրոպացիների նման` հրեերեն չխոսել, ցցուն չարտահայտել իրենց հրեական ծագումը և հագնվել եվրոպական և ոչ իսրայելական ստանդարտներով»։ Եվ վերջին հաշվով Իսրայելում համարում են, որ բոլոր նման եղանակներով Թուրքիան, ինչպես ասում են, «կրակում է սեփական ոտքին»։ «Անկարան, իհարկե, կարող է խոչընդոտել Չիկագոյի գագաթնաժողովին մեր մասնակցությանը, բայց դա բնավ չի ազդում ՆԱՏՕ-ի հետ առհասարակ, և առանձին վերցրած նրա անդամների հետ մեր վաղեմի ու ակտիվ համագործակցության վրա։ Իսկ ահա Թուրքիայի դիրքորոշումը, ընդհակառակը, նրանից վանում է շատ երկրների»,- գագաթնաժողովից առաջ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա։ Ի դեպ, այս հայտարարության հետաքրքիր պատկերավորում կարելի է համարել իսրայելական լրատվամիջոցներում լայնորեն լուսաբանված մի հաղորդագրություն. «Գերմանիայի դաշնային դատարանը թուրքական բարեգործական հիմնադրամը, որը «Գազա ուղևորվող տորմիղի» նախաձեռնողն ու կազմակերպիչն է, ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, որը ֆինանսավորում է ծայրահեղական խմբավորումներին»։
Իսկ չէ՞ որ հենց վերջերս թվում էր, ընդ որում, հերթական անգամ, որ այդ ուղղությամբ Էրդողանը ստիպված կլինի մեղմացնել դիրքորոշումը։ Առավել ևս, որ Օբամայի վարչակազմը շատ եռանդուն և ջանադրաբար ձգտում էր նախկին ծավալով Երուսաղեմի ու Անկարայի հարաբերությունների եթե ոչ վերականգմանը, ապա գոնե զգալի ջերմացմանը։ Որպես հետևանք, ԱՄՆ-ի ներկայացուցիչները նախանձելի համառությամբ ձգտում էին հանդիպումներ կազմակերպել երկու երկրների պաշտպանության նախարարների միջև (ինչպես հայտնի է, Էհուդ Բարաքը հայտարարել է «Մավի Մարմարայի» վրա հարձակման համար ներողություն խնդրելու հարցը քննարկելու ցանկության մասին)։ Ավելին, Իսրայելի նոր միացյալ կառավարության փոխվարչապետ Շաուլ Մոֆազը ևս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է, բացի այդ, ներկայումս խորհրդարանում դիրքերն ամրապնդող «Քադիմա» կուսակցությունը նույնպես կարող է ճնշում գործադրել Թուրքիայի հետ կապերի հաստատման նպատակով։ Այս ամենը որոշ փորձագետների առիթ է տվել խոսելու այն մասին, որ տեղաշարժ է նկատվում թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման ճանապարհին։
Բայց ակնհայտ է, որ որոշ քաղգործիչների ցանկության և վիճակի իրական շտկման միջև չափազանց խոր վիհ կա ընկած։ Կարելի է սոսկ արձանագրել, որ երկու երկրների փոխհարաբերություններում մշտապես գործում են հզոր «ստորջրյա հոսանքներ», և դրանք մերթ մոտենում են կարգավորմանը, մերթ վերստին հեռանում են դրանից։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի այս պատմությունը ևս դրա վկայությունն է։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքրականը. վաղուց բոլորին հասկանալի է, որ «Մավի Մարմարայի» հետ կապված միջադեպը պատրվակ է միայն, որ իրականում իսրայելցիների ներողությունը Թուրքիային պետք չէ, և լարվածության ցանկացած սրում բազմաքայլ քաղաքական գործողության հերթական փուլ է։ Արդեն բոլորին հայտնի է, որ Էրդողանն ու նրա կառավարությունը ստեղծում են նոր օսմանյան Բարձր դուռ, և թուրք կառավարիչների` կայսերական նկրտումներով բորբոքված ուղեղներում ամեն ինչ, այդ թվում` «սիոնիստների դեմ պայքարը», ենթարկված է կայսրության վերականգնման խիստ տրամաբանությանը։ ՈՒ հասկանալի է, որ թուրքական նոր աշխարհակառուցվածքում Իսրայելի հետ դաշինքը, իհարկե, ծանր բեռ է։ Առավել ևս, որ այն կնքվել է վաղուց, դեռ Էրդողանի հակառակորդների օրոք, ու ձեռնտու է նրանց, և ոչ թե իրենց։ Այնպես որ, Անկարան վաբանկ է գնացել և հիանալի խաղարկել Իսրայելի հետ ճգնաժամի խաղաքարտը` նախ հրահրելով բախումը «Ազատության տորմիղի» առիթով, հետո էլ վիրավորված ձևանալով։ Բայց արդեն պարզ է նաև այն, որ թուրքերն իրենց խաղում շատ են խորացել և, շատերի կարծիքով, լավ խրվել են։ Իսկ երկար լեզվի պատճառով, ինչպես հայտնի է, միշտ էլ գլուխն է տուժում։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ