Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Գծակարգեր ապագայի պատմաբանի համար` հանուն ներկայի

Գծակարգեր ապագայի պատմաբանի  համար` հանուն ներկայի
31.05.2012 | 15:20

2012 թվականի Հայաստան: Հանրապետություն: Երրորդը: Գրեթե երկու միլիոն բնակչությամբ: Քաղաքամայր Երևանով: Ապագայի պատմաբանները, եթե հանկարծ, ի տարբերություն իրենց նախորդների, հանդգնեն անաչառ լինել ու քաղաքական համա-հակակրանքներից հրաժարվել` հրաժարվելով նաև ավանդական վարձավճարվածությունից, ի՞նչ են արձանագրելու: Խորանալո՞ւ են իրադարձությունների փաստական ու իրական վիճակի մեջ, փորձելո՞ւ են պատճառահետևանքային կապերը պարզել, եզրակացությունների հիմք փաստակա՞նը, թե՞ իրականն են դարձնելու: Եվ ընդհանրապես` ի՞նչ են նրանք մեր կյանքից հասկանալու, հիշելու, իրենց կյանքին հավելելու:

Փորձենք մի քանի դրվագ վերականգնել ապագայի պատմությունից:
Հինգերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են եղել վեց քաղաքական ուժեր: Ամենամեծը եղել է իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, հաջորդը եղել է «Բարգավաճ Հայաստանը», որը մինչ այդ քաղաքական կոալիցիա է կազմել ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ կուսակցությունների հետ: Դեռ չորրորդ գումարման խորհրդարանի գործունեության ժամանակ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից արտաքին քաղաքական տարաձայնությունների պատճառով, իսկ ԲՀԿ-ն նոր հուշագրով վերստին հավաստեց իր կոալիցիոն հանձնառությունները: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կնքեցին համագործակցության հուշագիր, մինչ այդ ՀՀԿ-ն հայտարարեց, որ «հանդես է գալիս որպես հանրային համերաշխության և բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից» և պատրաստակամ է քննարկել «ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ցանկացած ողջամիտ առաջարկ` ի նպաստ պետության զարգացման և յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն»: Պատկերացրի՞ք ապագայի պատմաբանի շվարած ժպիտը: Նա, հաստատ, չի հասկանա, թե յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելու քնարական ռեմարկն ի՞նչ գործ ունի իշխող կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ: Եվ` ի՞նչ է նշանակում այդ տարողունակ-ընդգրկուն-խիստ անհատական «ավելի լավ Հայաստանը»: Ապագայի պատմաբանը սկզբունքորեն չի հասկանա: Եվ ճիշտ կանի, որովհետև նրա հեռավոր նախնիներն էլ առանձնապես չեն հասկացել:
Եվ որովհետև չեն հասկացել, սկսել են հնարել: Եվ որովհետև հնարել են` սկսել են հավատալ, որ իրենց հնարածը ճշմարտություն է: ՈՒ հավատացել են այնքան, որ սկսել են հավատացնել: Պարզ գծակարգ է, որով անցնում է ամեն մի միտք գաղափար դառնալու ճանապարհին: Բայց ոչ բոլոր մտքերն են դառնում գաղափարներ, որովհետև ճանապարհը ավելի, քան որևէ այլ միջոց, զտելու ունակություն ունի: Իսկ ճանապարհը ճանապարհ է դառնում, երբ մարդիկ են քայլում, երբ սկսում են իբրև արահետ, հետո դառնում են մայրուղի: Դե իսկ եթե չեն դառնում, ուրեմն ճանապարհ չեն էլ եղել: Սա էլ պարզ գծակարգ է, այնքան պարզ, որ նույնիսկ օրինակվելու ու ապացուցվելու կարիք չունի: Այս խաչմերուկում ապագայի պատմաբանը հաստատ կդադարի ժպտալ, որովհետև ի վերջո նրա խնդիրը, հուսանք, ոչ այնքան իր հեռավոր նախնիների սխալների ու ճշմարտության բացահայտումն է լինելու, որքան այդ սխալները չկրկնելն ու այդ ճշմարտության մեջ չմոլորվելը: Հուսանք, որ ապագայի պատմաբանը, որքան էլ պահպանողական ու ավանդապաշտ լինի, պատանդ չի մնա իր պատմությանն ու իր պատմության պատանդը չի դարձնի ապագան:
Բայց քանի դեռ չենք հասել ապագայի պատմաբանին, հասկանանք, թե ինչո՞ւ ենք մենք խուսափում իրականությունը իբրև իրականություն ընկալելուց, ինչո՞ւ ենք հնարում և ինչո՞ւ ենք ուզում, որ մեր հնարածն իրականանա: Որովհետև վախենո՞ւմ ենք: Որովհետև չգիտե՞նք` ինչ անել: Որովհետև ուզում ենք ժամանա՞կ շահել: Թե՞ իրականության վրա իշխանություն չունենալով, ուզում ենք մեր հնարածով ներգործել:

Ասենք` կանխատեսելով վախեցնել, վախեցնելով ենթարկել, ենթարկելով` իշխել: Սա էլ է գծակարգ: Լավ էլ գործում է: Ճիշտ է, նրանք, ովքեր իրենց համարում են ազնիվ ու ուժեղ, այս գծակարգին չեն դիմում, որովհետև չարժի նպատակը արատավորել իր ձեռքբերման արատավոր միջոցներով: Իսկ նրանք, ովքեր նույնիսկ նպատակ չունեն, բայց ուզում են իշխանություն ունենալ, խորապես անտեղյակ ու անտարբեր են այս գծակարգ-մծակարգերից, նրանք պարզապես վճարում են և համոզված են, որ կստանան: Երբեմն նաև ստանում են:
Հայ քաղաքական ասպարեզում իրադարձություններ չեն լինում` խորքային, իրական և հեռագնա բովանդակությամբ: Հայ քաղաքական ասպարեզում մայիսի 6-ից հետո համարյա քսան օր անդորր էր, ինչպես լինում է միայն անապատում, երբ աշխարհի բոլոր քամիները քնած են, բոլորը սպասում էին և հարկադիր պարապուրդի մեջ` նետվել էին գուշակության գետնի վրա: Տեղ-տեղ ստացվում էր, տեղ-տեղ ծիծաղեցնում, տեղ-տեղ լացդ էր գալիս: Հետո հանկարծ մի օրում, և այդ օրը համընկավ ԲՀԿ-ի արդեն «պատմական» որակված (իրականում պատմականության հետ ոչ մի հարաբերության չհավակնող) հայտարարության հետ, բոլորը որոշեցին, որ ժամանակ են կորցնում ու պետք է անհապաղ գործել: Որովհետև անիրադարձություն ու անհերոս, անգաղափար ու անհետաքրքիր ասպարեզում, որտեղ ոչ միայն հերոս չկար, այլև հերոսին սպասողներն էին ցրվում, հնարավորություն ստեղծվեց «հերոս» ստեղծելու: ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին: Նրանք` Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, արեցին մի քայլ, որի սպասումը 90/10 էր, և այդ 10 տոկոսն էլ պարզապես զգուշությունից էր: Այդպես ընկալվեց: Բայց այդպե՞ս էր իրոք: Ցավոք, ո՛չ: Որովհետև իր անցած ճանապարհին, նույնքան ցավոք, ԲՀԿ-ն երբեք չի եղել քաղաքական կուսակցություն` այդ հասկացության քաղաքագիտական բովանդակությամբ, ուստի կուսակցության հերոսացման, փառաբանման, համայն կորուսյալ հայության փրկության սպասումը հնարված է: Հնարված է ճիշտ այնքան, որքան հնարված է անվանարկման, փոշիացման, քաղաքական կապիտալի կորուստի վտանգը: ԲՀԿ-ն մեկ մարդու կուսակցություն է, մարդ, որ երբեք չի եղել և չի ընկալվել իբրև քաղաքական գործիչ, նա ինքնուրույն քաղաքական կատեգորիա է, մարդ, որ ունի փող, իսկ Հայաստանում դա նշանակում է ունենալ ամեն ինչ, այդ թվում` իշխանություն: Գագիկ Ծառուկյանն ունի կուսակցություն ճիշտ նույն սկզբունքով, ինչպես ունի տարբեր բիզնեսներ, շարժական և անշարժ գույք, հիմնական և շրջանառու կապիտալ: Այդ սկզբունքով էլ նա կառավարում է իր կուսակցությունը, ուստի քաղաքական կապիտալի կորուստը նրա դեպքում հաստատ հնարված է, ինչպես հնարված են նաև այլ պատմությունները, որ կարող են լինել ԲՀԿ-ի հեռու ապագայում կամ եղել են ԲՀԿ-ի ոչ վաղ անցյալում: Մասնավորապես` «Վարդան Օսկանյան և ընկերներ» օպերացիան, որ քաղաքական գործընթացների վրա Ռոբերտ Քոչարյանի անուղղակի ներգործության ուղղակի արտահայտությունն էր: Երկրորդ նախագահը գործարկեց իր ռեսուրսներից մի քանիսը և ստացավ ֆիասկո: Բայց պայքարը շարունակելու է: Ռոբերտ Քոչարյանը հատ առ հատ իր կապուկի մյուս խաղաքարտերն է նետելու խաղասեղան` հույսով, որ քանի դեռ խաղը շարունակվում է, երբևէ իր համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ: Իսկ այդ պայմանները չեն ստեղծվելու, որովհետև ինչ էլ ու ինչքան էլ հանուն նրա վերադարձի հնարվի, Ռոբերտ Քոչարյանի իրական պահանջարկը զրոյական է: Իսկ զրոյացրել է ինքը և... միայն իրեն բնորոշ լավատեսությամբ շարունակում է զրոյացնել: Եթե ուզում եք Ռոբերտ Քոչարյանի իրական պատկերը տեսնել, համեմատեք Հյուսիսային պողոտան ընդամենը մի քանի տասնյակ մետրի վրա գտնվող ավերակների հետ, որ հպարտորեն կոչվում են Արամի ու Բյուզանդի փողոցներ: Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի տասնյակ մետրի վրա: Եվրոպական Հյուսիսային պողոտան, որ այդպես էլ չհամալրեց Երևանի բնակելի տարածքները, ուղիղ կամ հակադարձ համեմատական է փոշու, փոսերի, աղբի ու ավերածության հետ, որ եղել են բնակելի տարածքներ: Ավելին` անգամ պատիվ են ունեցել կառուցված լինել 19-րդ դարում: Ես երանի եմ տալիս ապագայի պատմաբանին, որ այդ պատկերը չի տեսնելու, որովհետև վաղ թե ուշ քաղաքամայրն էլ, քաղաքական ասպարեզն էլ իրենց մեջ ուժ ու կամք կգտնեն լցնելու այդ ամայի տարածքները, ու` ապրելու... Իսկ Ռոբերտ Քոչարյանը, որ ոչ միայն փողոցային ավերակների հեղինակության պատիվն ունի, այլև այն ամենի, ինչին իր նախագահության ընթացքում հասցրել է առնչվել, դեռ պիտի կարողանա ներվել, որպեսզի կարողանա տեղավորվել ներկայի կամ ապագայի որևէ գծակարգում: Եվ պետք չէ հնարել նրա վերադարձը, հետո հերոսաբար պայքարել այդ հնարավորության դեմ ու հրճվել հաղթանակով: Անիմաստ հաղթանակներ նա ինքն էլ շատ է տոնել: Իշխանությունը երբեք ու երբեք երկբևեռ չի լինում, իսկ երկիշխանության հետևանքներն ավելի վտանգավոր են հենց իրենց համար:
Պետք չէ հերոսներ հնարել, հնարած հերոսները չեն հաղթում, նրանք լավագույն դեպքում հաղթանակի պատրանք են տալիս` համարյա ինչպես Հյուսիսային պողոտան, իսկ բովանդակությունը նույն դատարկությունն է, ինչ կա Բյուզանդի-Արամի-Պուշկինի փողոցների հատույթում:
ԲՀԿ-ն ոչ միայն չի ձգում հերոսի, այլև չի էլ ձգտում: Չի կայանալու, պարզապես բնության մեջ ջուրն ու կրակը համատեղ չեն ապրում, չի կայանալու ԲՀԿ-ի ընդդիմության առասպելը: Եվ` ընդհանրապես, նախ փորձենք սահմանել այդ «ընդդիմություն» հասկացությունը ու հասկացությունից գնանք դեպի օրինակները, ոչ թե օրինակներին հարմարեցնենք հասկացությունը: «Եթե իշխանություն չէ, ուրեմն ընդդիմություն է» գծակարգը արդեն ցնցում է իր պարզունակությամբ: Նույնիսկ հետխորհրդային տարածքի պետությունների դեպքում: Եվ հետո` նաև հասկանանք, որ Գագիկ Ծառուկյանը փրկիչ չէ ու չի կարող լինել իր ոչ մի կարգավիճակով, առանձին մարդկանց գուցե հնարավոր է բարերարությամբ օգնել, բայց երկիրն այդ ճանապարհով գնալու տեղ չունի: 21-րդ դարում տնայնագործությամբ հեռու չես գնա, մանրավաճառությամբ ու մուրացկանությամբ` առավել ևս: ԲՀԿ-ն իր տրակտորային ու տակտիկական բարեգործությամբ հնարված իրականության մեջ որոնում է ինքն իրեն և ընդամենը հասցրել է հասկանալ, որ որոշակիությունը արգելված է ու ձեռնտու չէ քաղաքականության մեջ, այն էլ Հայաստանի տարտղնված քաղաքական ասպարեզում, որտեղ առավոտյան մի եղանակ է, կեսօրին` այլ, իսկ երեկոյան ուրանում են առավոտը ու մոռանում կեսօրը: Քաղաքագիտական որևէ հաշվարկ չի գործելու, «Բաժանիր, որ տիրես»-ը բումերանգի օրենքով հետ է հարվածելու և Հայաստանի առայժմ երրորդ հանրապետության շարքային քաղաքացին, որ արդեն իր հինգերորդ գումարման Ազգային ժողովն էլ նվեր ստացավ, ձևակերպելու է պարզ մի հարց` հետո՞: Եվ` «Չհավատացի՞ք` չփոխվեցինք» պատասխանն էլ չի փրկի, որովհետև իշխանությունը իշխանությունն է նաև նրանց, ովքեր իրեն չեն ընտրել, չեն հավատում, բայց սպասում են «յուրաքանչյուրի համար ավելի լավ Հայաստան կառուցելուն»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՍԿԱՑՎԵԼ, ԲԱՅՑ ՉՀԱՍԿԱՆԱԼ
Ասե՞մ, որ այդ հարթության վրա կլինի՞ կոալիցիա, չի՞ լինի կոալիցիա, այդ առիթով ո՞վ ո՞ւմ ի՞նչ ասաց ու պատասխանեց, թե՞ ոչ, բոլորովին կարևոր չէ: Թե՞ պարզ է, որ սեփական մտավարժանքներն ուրիշների պարանոցի զարդ կամ օղապարան դարձնելն ընդամենը հետևանքն է այն վախի, որ եթե չհնարես, գոյությանդ կենսատարածքը կկորցնես: Բարդ չէ, պարզ է, ընդամենը ևս մի գծակարգ է, որ ապագայի պատմաբանին հնարավորություն կտա իր նախնիներին հասկանալ, իսկ նախնիներին հնարավորություն կտա ապագա պատմաբան ժառանգ ունենալ, թե չէ... Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան... Մի հնարեք, որ փաստականի ու իրականի բախման տեղում գրվեն նաև ձեր անունները: Հիմա ու հետո:

Դիտվել է՝ 5199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ