Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչո՞ւ է աղմկում «Հայկական ծրագրերը»

Ինչո՞ւ է աղմկում «Հայկական ծրագրերը»
05.06.2012 | 00:34

Օրերս «Հայկական ծրագրեր» ընկերությունը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ։ Ըստ «Հայկական ծրագրերի»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում կործանման եզրին է։ Հայտարարությունն անակնկալ էր այն առումով, որ բոլորին քաջ հայտնի է, որ եթե Հայաստանի տնտեսությունում կա կայուն զարգացող, առաջանցիկ աճ արձանագրող, բարձր վարձատրվող, միջազգային շուկայում մրցունակ ոլորտ, դա տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտն է։ Ընդ որում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան նվազագույնը 25 տոկոս աճ է գրանցում՝ չունենալով որևէ լուրջ աջակցություն պետության կողմից, հարկային արտոնություններ, ինչպես շատ երկրներում։
Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) վարչությունը. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռևս 2000 թվականից հայտարարվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը և այս տարիների ընթացքում, չնայած առկա որոշ խնդիրների, տարեցտարի արձանագրում է կայուն աճ (տարեկան միջինը` 25 %). այս միտումը պահպանվեց նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ բազում այլ ոլորտներում գրանցվեց անկում։ Ավելին, 2011 թ. ոլորտի աճը շուրջ 30 % էր։ Ոլորտում այսօր գործում է ավելի քան 350 կազմակերպություն (տարեկան ստեղծվում է 30-40 նոր ընկերություն)՝ ապահովելով 7000-ից ավելի մասնագիտական աշխատատեղ։ Նշված ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ հայտարարության հեղինակը միայն մեծ ջանքերի գործադրման դեպքում կարող էր «ցավով արձանագրել», որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է»։
ԻՏՁՄ վարչությունը կարծում է, որ «Հայկական ծրագրերի» հայտարարության հեղինակները թյուրիմացության մեջ են, ինչն էլ հետևանք է ՏՏ ոլորտային կազմակերպված կառույցներին (միություններ, ակումբներ, խորհուրդներ, աշխատախմբեր և այլն) վերջինիս՝ բավականին երկար ժամանակ անմասն լինելու։
ԻՏՁՄ-ն անդրադառնում է նաև «Հայկական ծրագրերի» կողմից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին ուղղված քննադատությանը։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) 2005-ից ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների հայաստանյան խոշորագույն բիզնես ասոցիացիայի՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ է։ Վերջին տասը տարում ՁԻՀ-ը, ստանձնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական ծրագրի առաքելությունը, իր ուրույն դերակատարությունն է ունեցել այդ գործընթացում։ Հայաստանյան և միջազգային մասնավոր, պետական, հասարակական և այլ շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցությամբ ՁԻՀ-ը նախաձեռնել և իրականացնում է ոլորտային այնպիսի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր, ինչպիսիք են որակյալ կադրերի պատրաստումը, ներդրումների ներգրավումը, ենթակառուցվածքների ձևավորումը, վերազգային կազմակերպությունների ներգրավումը և, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձևավորումն ու բարձրացումը։ ՁԻՀ-ի գործունեությունը բարձր են գնահատել նաև օտարերկրյա գործընկերները, և այսօր հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատորի» հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում»,- ասված է ԻՏՁՄ հայտարարության մեջ։
Մենք խնդրի առնչությամբ զրուցեցինք հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից մեկի՝ «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի հետ։ Պարոն Չոբանյանը նշեց, որ ՏՏ ոլորտում խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում։ «Վերջին շրջանում մենք ակտիվացրել ենք մեր գործունեությունը տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի` նախարարության ստեղծման ուղղությամբ։ ՏՏ ոլորտում զարգացման տեմպերը չեն կարող մեզ բավարարել։ Որքան էլ հաջողություններ ենք արձանագրում, միևնույն է, ամեն օր ավելի ու ավելի հետ ենք մնում համաշխարհային զարգացումներից։ Ես ինքս համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն եզակի ուղիներից է, որը կարող է հնարավորություն տալ մեր երկրին բարձրացնելու մրցակցային առավելությունները և համընթաց քայլելու աշխարհի հետ։ Այս առումով այն հաջողությունները, որ մենք ունենք, չեն կարող բավարար լինել։ «Հայկական ծրագրերի» հայտարարության մեջ նշված գնահատականը, իհարկե, շատ ավելի խիստ է, սակայն ես չեմ ուզում ո՛չ հակադրվել դրան, ո՛չ էլ ասել, թե լիարժեքորեն համամիտ եմ»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը։
ՏՀՏ մասնագետներն իրենց հերթին տարեկան 30 տոկոս աճը բավարար չեն համարում, շեշտելով, որ ոլորտն ունի զարգացման շատ ավելի մեծ հնարավորություններ։ Սակայն այդ տեմպերը մեծացնելու համար անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները, սևեռել պետության ուշադրությունն այդ խնդիրների վրա, ինչի մասին ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ իր ներկայացրած մեղադրանքների սլաքը «Հայկական ծրագրերն» ուղղում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ուղղությամբ, ոչ թե ՏՏ ոլորտի համար պատասխանատու պետական կառավարման մարմնի, որը տվյալ դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ