«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Մեկ տարվա արդյունքները բավարար չեն մասնագիտական վերջնական եզրահանգման համար»

«Մեկ տարվա արդյունքները  բավարար չեն մասնագիտական  վերջնական եզրահանգման համար»
08.06.2012 | 00:29

Օրերս ավարտվեցին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանին հացահատիկային մշակաբույսերի և սերմնաբուծության զարգացման գործում» ծրագրի աշխատանքները, որոնց իրականացման համար Ավստրիայի կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջոցով հատկացրել էր 640 հազար դոլարի դրամաշնորհ:

-Ո՞րն էր ծրագրի հիմնական նպատակաուղղվածությունը:- Այս հարցով սկսեցինք մեր զրույցը ծրագրի համակարգող ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
-Ծրագիրը, որը համահունչ և ներդաշնակ էր ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագրին», նպատակաուղղված էր ոլորտին անհրաժեշտ գյուղտեխնիկայի, սարքավորումների, գյուղգործիքների ձեռքբերման-կիրառման և խորհրդատվական միջոցառումերի իրականացմանը: Այն միաժամանակ նպատակ ուներ կայունացնելու ՀՀ-ի սերմնաբուծության բազան` զարգացնելով և բարելավելով դրան առնչվող հետագա աշխատանքները: Նշեմ նաև, որ ծրագիրը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը ներկայացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի օժանդակությամբ:
-Ծրագրի միջոցներով ի՞նչ աշխատանքներ իրականացվեցին:
-Ծրագրի միջոցներով արտասահմանյան տարբեր երկրներից երկու տարվա ընթացքում ձեռք բերվեցին 4 սերմազտիչ և նույնքան սերմախտահանիչ մեքենաներ: Մեկ սերմազտիչ մեքենան ժամում 2 տոննա սերմացու է զտում, մեկ ախտահանիչը (թունաքիմիկատների կիրառմամբ) ժամում ախտահանում է 2 տոննա սերմացու. դրանք արդեն փոխարինել են 25-30 տարվա վաղեմության, ֆիզիկապես մաշված մեքենաներին: Շնորհիվ դրա, Շիրակում, Սյունիքում և Արարատյան դաշտում ցանքաշրջանի ժամանակ կայուն հիմքերով է ընթանում սերմերի որակով զտման գործընթացը: Բացի դրանից, ձեռք են բերվել կշռող-փաթեթավորող, հոսքային 2-ական սարքավորումներ, տնկարանային ինքնագնաց 10 շարքացան և էլեկտրական 6 կալսիչ: Ձեռք բերված գյուղգործիքներն ու մեքենաները, որոնք բաշխվել են «Գյումրու սելեկցիոն սերմնաբուծական կայանին», երկրագործության գիտական կենտրոնին, «Սերմերի գործակալությանը», «Հայ տեխնոլոգիական խումբ» հիմնադրամին և Հայաստանում սերմնաբուծության զարգացման հզոր կենտրոն հանդիսացող «Սյունիքի սերմարտադրողների միությանը», տնկարաններում և հացահատիկային մշակաբույսերի տարածքներում փոխարինել են ձեռքով կատարվող աշխատանքներին: Ասեմ նաև, որ նշված գործընթացները նախապես քննարկվել և համաձայնեցվել են նախարարության ղեկավարների հետ:
-Իսկ ի՞նչ լաբորատոր սարքավորումներ եք ձեռք բերել:
-Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել նաև անհրաժեշտ քանակությամբ լաբորատոր սարքավորումներ, որոնց նախնական ցանկի ճշտմանն աջակցել են միջազգային փորձագետները: Շնորհիվ դրա, լրացվել, կահավորվել և հզորացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերմերի գործակալության և «Գյումրու սելեկցիոն կայանի» լաբորատորիաները` հնարավորություն ստանալով փորձարկումներն իրականացնել միջազգային չափորոշիչներով: Նշեմ նաև, որ հացահատիկային մշակաբույսերի գենետիկ ռեսուրսները պահպանելու նպատակով ծրագրի միջոցներով «Գյումրու սելեկցիոն կայանում» հիմնվել է գենետիկական բանկ: Դրանում ընդգրկված սորտերի երկարակեցությունն ապահովելու նպատակով ստեղծվել են սառնարանային բաժիններ, որտեղ առանձնացված ու հատուկ փաթեթավորված սերմերի համար մշտապես առկա են կայուն ջերմաստիճան ու բավարար խոնավություն:
-Ծրագրի շրջանակներում մասնագիտական ինչպիսի՞ հետազոտություններ են իրականացվել։
-Հանրապետության գրեթե բոլոր մարզերում 3750 հա տարածքի վրա կատարվել են դաշտային հետազոտություններ` ապրոբացիա և ապրոբատորների ուսուցումներ: Գործընթացներն իրականացվել են ՀՀ կառավարության սերմնաբուծության ծրագրով ՌԴ-ից ներմուծված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի 23 նոր սորտանմուշների ցանքերում: Արդյունքում` նախարարության կողմից արդեն 25 ապրոբատների հանձնվել են համապատասխան վկայագրեր` հետագայում նմանատիպ գործունեություն և դիտարկումներ իրականացնելու համար:
-Ի՞նչ առավելություններ ունեն ներկրված սերմերը մեր հայրենականների նկատմամբ:
-Վերոհիշյալ սորտերի մեծ մասը հիվանդությունների և վնասատուների նկատմամբ առավել դիմացկուն, կայուն լինելուց բացի, տեղականներից 25-30 տոկոսով ավելի արդյունք է ապահովում: Կան նաև այնպիսիները, որոնք մեր սորտերի ցուցանիշները չեն գերազանցում: Այս տարի նույնպես դաշտային հետազոտությունները կշարունակվեն, քանի որ մեկ տարվա արդյունքները բավարար չեն մասնագիտական վերջնական եզրահանգման, գնահատման համար: ՈՒսումնասիություններից հետո ավելի կոնկրետ առաջարկություններ կներկայացվեն, թե ներմուծված սորտերը հանրապետության հատկապես որ շրջաններում կարող են ավելի լավ քննություն բռնել և առավել մեծ արդյունքներ ապահովել: Բացի դրանից, ծրագրի շրջանակներում, սերմնաբուծության ոլորտի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, հրավիրվել-անցկացվել են նաև մի շարք սեմինար-խորհրդակցություններ, հանրապետության գիտնականներն ու առաջատար մասնագետները հանդես են եկել դասախոսություններով` կարևոր պարզաբանումներ տալով նաև մասնակիցների հընթացս բարձրացրած հարցերին: Միաժամանակ, կազմվել և 150 օրինակով տպագրվել է «Սերմնաբույծի մեթոդական ուղեցույց» բրոշյուրը, որում, սերմնաբուծությունում առկա խնդիրներից, սերմերի հավատագրման գործընթացից բացի, մատչելի ձևով ներկայացվել են ոլորտի օրենսդրական բոլոր ակտերն ու փաստաթղթերը: Այն օգտակար և գործնական ուղեցույց է սերմնաբույծների, ոլորտի մասնագետների, ՀՊԱՀ-ի (Հայաստանի պետական ագրարային համալսարան) և ագրարային մյուս բուհերի ուսանողների համար: ՊԳԿ-ի օժանդակությամբ առանձին գրքույկով տպագրվել են նաև ծրագրի շրջանակներում անցկացված սեմինար-խորհրդակցությունների, դասախոսությունների և զեկուցումների նյութերը: Դրանք նույնպես, որպես ուղեցույց, տրամադրվել են ԳԱՄԿ-երին (Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն), սերմնաբուծությամբ զբաղվողներին և ֆերմերային տնտեսություններին: Ծրագրի մասնագետներն ուսումնասիրել են նաև նախարարության ներմուծած աշնանացան գարու 3 սորտերը` վերջինիս ծավալներն ավելացնելու նպատակով, քանի որ այն 25-30 տոկոսով ավելի բերք է ապահովում, քան գարնանացան գարին: Ներմուծված գարու անցած տարվա արդյունքները դրական են, բայց վերջնական գնահատման համար ոչ բավարար: Այս տարի դիտարկումները կշարունակվեն` սերմարտադրությանն անհրաժեշտ ցրտադիմացկուն սորտեր ձեռք բերելու, ներդնելու և դրանք հետագայում ֆերմերներին առաջարկելու համար: Այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին առնչվող առաջարկություններն արդեն ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու ՄԱԿ-ի ՊԳԿ-ին:
Ավարտելով խոսքս, նշեմ, որ ծրագրի իրականացման աշխատանքներին աջակցել են նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի և Բուդապեշտի բուսաբուծության և բույսերի պաշտպանության գրասենյակները:


Զրույցը` Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 3815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ