Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԱԿ-ի փակուղային քաղաքականությունը

ՀԱԿ-ի փակուղային  քաղաքականությունը
11.02.2014 | 01:49

2013-ի վերջերից արդեն պարզ էր, որ 2014-ը ներքաղաքական պայքարի մասով բավականին թեժ է լինելու: Ընդդիմության առաջնորդի դերակատարությունն աստիճանաբար անցնում է ԲՀԿ-ին, և հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն էլ փորձելու է փոխել ներքաղաքական պայքարի տրամաբանությունը՝ աստիճանաբար ստիպելով ՀՀԿ-ին գնալ կառավարության ղեկավարի փոփոխության: Միևնույն ժամանակ բավականին ծանր կացության մեջ են հայտնվել այլ ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Վերջինս այդպես էլ չկարողացավ պահպանել 2013-ի փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված շուրջ կեսմիլիոնանոց ընտրազանգվածը և ստիպված է համակերպվել այնպիսի նոր խաղի կանոններին, որի պայմաններում առաջին ջութակի դերակատարությունը վերապահված է ԲՀԿ-ին:
ՈՒշագրավ է, որ ուրվագծվող նոր ընդդիմության լոկոմոտիվ ԲՀԿ-ն ավելի խոցելի իրավիճակում է, քան անկախ Հայաստանի պատմության որևէ այլ ընդդիմադիր ուժ: Բավական է բերել միայն այն փաստարկը, որ ԲՀԿ ղեկավարությունը խուսափում է «ընդդիմություն» ձևակերպումից՝ իրեն հռչակելով այլընտրանք, և պարզ կլինի, որ Ծառուկյանն ու նրա անմիջական շրջապատը ոչ թե իշխանությունը վերցնելու հրապարակային հայտ են ներկայացնում, այլ ընդամենը փորձում են հարմարավետ տեղավորվել իշխանության շարքերում՝ ստանալով կառավարչական, ֆինանսատնտեսական և քաղաքական երաշխիքներ: Իր հերթին, իշխանությունը չի ցանկանում տեղի տալ ԲՀԿ-ի և նրա սատելիտների ճնշումներին՝ փորձելով Ծառուկյանին բանակցությունների սեղանին նստեցնել արդեն իսկ կանխորոշված առաջարկներով:
Ինչևէ, դեռևս անպատասխան է գլխավոր քաղաքական հարցը. ինչո՞ւ է ՀԱԿ-ը հանդես գալիս ԲՀԿ սատելիտի դերում և չի փորձում ստանձնել ընդդիմության առաջնորդի դերակատարությունն այն դեպքում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհների առաջ խնդիր էր դրել «կազմաքանդելու ավազակապետությունը», որի կարևորագույն հիմնասյուներից էր ԲՀԿ-ն: Ամենայն հավանականությամբ, Տեր-Պետրոսյանն ու նրա խումբը հասկացել են, որ հեղափոխական պայքարի տրամաբանությունը ժամանակավրեպ է, ուստի և պետք է սատարել ֆինանսական ռեսուրսների խնդիր չունեցող ԲՀԿ-ին, որպեսզի Ծառուկյանը կարողանա մեծ փայ պոկել իշխանությունից: ԲՀԿ սատելիտի կարգավիճակը թույլ կտա ՀԱԿ-ին ֆինանսավորվել, պահել մի քանի լրատվական միջոցներ ու ակտիվիստներ: Թե ինչքա՞ն է հիմնավոր Տեր-Պետրոսյանի այս հաշվարկը, ցույց կտա ժամանակը, սակայն արդեն այս պահին պարզ է, որ ՀԱԿ-ի շարքերը գնալով նոսրանում են, իսկ կուսակցությունը կորցնում է իր կշիռն ու վարկանիշը:
Ըստ էության, Տեր-Պետրոսյանի «երկրորդ գալուստը» քաղաքական իմաստով տապալվեց, իսկ ՀԱԿ-ը գնալով նմանվում է 2000-ականների սկզբի ՀՀՇ-ին, որը թղթի վրա կուսակցություն էր, բայց իրականում՝ քաղաքական դատողություններ անողների ակումբ: ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը նույնպես ապագա չունի՝ տրոհված լինելով մի քանի անտագոնիստական խմբերի: Կորցնելով ինքնուրույնությունը, քաղաքական ձեռագիրն ու նոսրացնելով շարքերը՝ ՀԱԿ-ը ստիպված է լինելու համակերպվել այն մտքին, որ 2017-ի խորհրդարանում խմբակցություն չի ունենալու: Իսկ դեպի փակուղի տանող այս ճանապարհից Տեր-Պետրոսյանը չի կարողանում հրաժարվել: Առանց այդ էլ փոքրաթիվ համախոհների խումբը պահելու համար միակ ելքը «փողի պարկի»՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելն է, որը, սակայն, ինչ-որ պահի ձեռնտու չի լինի Ծառուկյանին:
Ինչևէ, 2014-ի ՀԱԿ ռազմավարությունը լինելու է իշխանության անխնա քննադատությունը, բայց ոչ թե սեփական հաշվարկներն իրականացնելու, այլ ԲՀԿ-ի դիրքերն ամրացնելու և Ծառուկյանի համար հարմար պայմաններ ապահովելու միտումով: Անհասկանալի է նաև ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ համագործակցության սցենարը, նույն քաղաքական ճամբարում գտնվելու և շփման գաղափարական ու բարոյական մեխանիզմները: Չի բացառվում` ինչ-որ պահից սկսած ԲՀԿ-ում որոշեն, որ ՀԱԿ-ն արդեն սպառել է իրեն, և սկսեն օգտվել ՀՅԴ-ի կամ «Ժառանգության» ծառայություններից՝ վերջնականապես լուսանցքից դուրս թողնելով ՀԱԿ-ը: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ