Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աղավնավանքը հետ է կանչում արտագաղթած իր բնակիչներին

Աղավնավանքը հետ է կանչում արտագաղթած իր բնակիչներին
25.12.2018 | 00:58

Աղավնավանքը Տավուշի մարզի գյուղերից է: Այն հիմնադրվել է 1950-ական թվականներին: Մինչև 1988-ը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ, Սալախ։ 1988-ից հետո գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթած հայեր:


Կանաչ անտառներով շրջապատված այս գյուղը փոքրաթիվ բնակչություն ունի։ Այս տարվա օգոստոսի վերջին նշվեց գյուղի վերաբնակեցման 30-ամյակը: Աղավնավանքի վարչական ղեկավար Վարդան Գրիգորյանի համոզմամբ` ավանդույթ դարձած այդ միջոցառումը զբոսաշրջիկների համար գյուղն ու նրա մշակութային հարուստ ժառանգությունը կդարձնեն գրավիչ:
Աղավնավանքում ապրում է 255 մարդ, թեև գրանցված են 343-ը: Արտագնա աշխատանքի մեկնելու «մոլուցքը» չի շրջանցել նաև Աղավնավանքը, որտեղ շուրջ 30 դուռ ներկայումս փակ է: Համայնքը հայկական շատ գյուղերի նման ունի խմելու ջրի խնդիր: Աղավնավանքի ոչ բոլոր թաղամասերն են ապահովված խմելու ջրով, սակայն վարչական ղեկավարը հույս ունի, որ մինչև 2019 թվականն այդ հարցը լիովին կլուծվի, բայց նույնը չպնդեց ոռոգման ջրի առումով: Գյուղից 7-8 կմ հեռու գտնվող վարելահողերն անջրդի են, ուստի օգտագործվում են որպես խոտհարքներ: Բնակիչներից շատերը սեփական հողակտորները տվել են վարձակալությամբ, տնամերձերում զբաղվում են հողագործությամբ, բուսաբուծությամբ և խոզաբուծությամբ: Գյուղի առաջնահերթ խնդիրներից եղել և մնում է կաթի, մսի մթերման, ինչպես նաև չսպառվող մրգատեսակների իրացման հարցը: Խոզի մսի իրացումը մոտալուտ տոնական օրերին լուծվում է, քանի որ մսավաճառներն ու վերավաճառողները նախապես բնակիչներից գնում են խոզի միսը՝ կիլոգրամը 1700-1800 դրամով:


Աղավնավանքի փողոցներով ձգվող գազի խողովակաշարերով հոսող երկնագույն վառելիքը դեռ ոչ մի տուն չի մտել, ջեռուցման համար բնակիչներն ապավինում են վառելափայտին: Անապահով ընտանիքներին պետության կողմից անհատույց տրվող վառելափայտի սակավության դեպքում բնակիչը վառելափայտի 1 խորանարդ մետրի համար պետք է վճարի 8-12 հազար դրամ: Թեև գյուղից մի քանի քայլ հեռավորության վրա սկսվում է «Դիլիջան» ազգային արգելոցի սահմանը, այնուհանդերձ, բնակիչներն այդ հնարավորությունը չեն չարաշահում: Վարդան Գրիգորյանի հավաստմամբ` բնակիչները ծառահատումներ չեն անում, քանի որ արգելոցը մշտապես վերահսկվում է:
Աղավնավանքն ունևոր գյուղ չես համարի: Այդ են վկայում աղքատիկ ու անտեսված տները, որոնք թեև շատ չեն, սակայն աչքի են զարնում: Վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ ոմանք Աղավնավանքը համարում են ծերացող գյուղ, սակայն ինքը համամիտ չէ այդ մտքին:


«Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 41 աշակերտ, ունենք նախակրթարան, ունենք երիտասարդներ, որոնք գյուղից հեռանալու ցանկություն չունեն, հակառակը, համագործակցելով եվրոպական կառույցների հետ, դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում և նախատեսում են գյուղում զարգացնել զբոսաշրջությունը: Ի դեպ, զբոսաշրջիկների հոսքը մեր գյուղ չի դադարում մինչև ուշ աշուն: Համոզված եմ, որ մեր երիտասարդները, մասնավորապես Ալեքս Ներսեսյանը, իրենց ծրագրերով վերածնվող Աղավնավանքը կդարձնեն Հայաստանում տուրիզմի լավագույն կենտրոններից մեկը»,- ասում է Վարդան Գրիգորյանը:


«Իրատեսի» հետ զրույցում Ալեքս Ներսեսյանը պատմեց, որ IDeA հիմնադրամի ու Եվրամիության համաֆինանսավորմամբ առաջարկվել է Դիլիջանի և հարակից շրջանների զարգացման համար կազմել բիզնես ծրագիր: Լավագույն 7 ծրագրերի թվում եղել է նաև Ալեքսի ծրագիրը:
«Դրամաշնորհի 10 %-ը պետք է կազմի իմ ներդրումը: Ծրագրի շրջանակում Ախնաբաթ վանք տանող ճանապարհի եզրին գտնվող իմ շինությունը նախատեսում եմ դարձնել ավանդական հյուրընկալության կենտրոն, որտեղ կլինեն գինետուն, թոնրատուն, հնությունների և տարազների ցուցասարհ, կանցկացվեն լուսանկարահանումներ, կկազմակերպվեն արշավներ, ավանդական մշակութային ուտեստների սպասարկում: Հյուրընկալության կենտրոնը կլինի նաև տեղեկատվական կենտրոն, զբոսաշրջիկներին կուղղորդի գյուղի բնակիչների տները: Կազմակերպեցինք նաև լավաշ թխելու օր, զբոսաշրջիկները հյուրընկալվեցին գյուղի բնակիչներից մեկի տանը` եկամուտ բերելով այդ օջախին: Այս տարի մեր գյուղի 30-ամյակի կապակցությամբ կազմակերպեցինք «Աղավնականչ» փառատոնը, որի խորհուրդը Հայաստանից արտագաղթածներին հետ կանչելն է, քանի որ հայրենիքը յուրաքանչյուր քաղաքացու կարիքն ունի: Նոյեմբերի 5-ին դեպի Ախնաբաթ կազմակերպել ենք ուխտագնացություն, որի ժամանակ օրհնությամբ հավերժացվել է սիրահարների սերը: Հիմա աշխատում ենք ներդրումներ բերել գյուղ, համագործակցում ենք ՀԿ-ների հետ, դասընթացներ ենք կազմակերպում երիտասարդների համար»,- պատմեց Ալեքսը:


Աղավնավանքի երիտասարդ բնակիչը համոզված է, որ պետք չէ գնալ և դրսում փնտրել ապրելու միջոցներ, պետք է մնալ և շենացնել գյուղն ու երկիրը:
ԱՂԱՎՆԱՎԱՆՔԸ
ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻՆ ԳԵՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՐ ԼԵԳԵՆԴՈՎ
Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները Աղավնավանքի տարածքը բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։
Աղավնավանք գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք՝ Ախնաբաթ կոչվող անտառամասում, սարալանջի վրա, Աղավնավանք գետակի աջ ափին է գտնվում Ս. Աստվածածին Անապատ եկեղեցին: Հուշարձանի մասին մատենագրական տեղեկություններ չկան, սակայն, ըստ եկեղեցու վիմագրությունների, որոնք վերաբերում են 12-13-րդ դդ., եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարերում:


Լեգենդը պատմում է, որ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, որը բույսերից պատրաստած սպեղանիներով կարողանում էր տարբեր հիվանդություններ բուժել: Գյուղում բոլորը շատ էին սիրում երիտասարդին, նա սպասված հյուր էր յուրաքանչյուրի տանը: Շատերն էին դիմում նրա օգնությանը` թե՛ հասարակ գյուղացիները, թե՛ հարուստ իշխանները: Մի անգամ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, ի վերջո մարդիկ իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանիներ պատրաստող տղային: Երիտասարդը մի քանի օր շարունակ տարբեր դեղաբույսեր է հավաքում, թուրմ պատրաստում, որի օգնությամբ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը` իշխանը համաձայնում է: Սակայն Նաբաթը, որը որքան գեղեցիկ , այնքան էլ փառասեր էր, մերժում է տղային ՝ ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն, ինքը իշխանի կամ հարուստ առևտրականի կին կարող է լինել: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն-մենակ շրջում անտառներում՝ հոգու ցավը պատմելով ծառերին, թփերին, թռչուններին ու անտառի կենդանիներին:


Սակայն այստեղ էլ սիրահար տղան հանգիստ չի գտնում։ Փառասեր Նաբաթի պատկերն ամենուր հետապնդում է նրան՝ հայտնվելով մեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ, իսկ տղան, մոռացած քաղց և հոգնածություն, վազում է անտառով մեկ և կանչում իր սիրելի Նաբաթին: Մի անգամ էլ, հայտնվելով ժայռի գագաթին երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը, ձեռքերը վեր պարզած, կարծես իր գիրկն է կանչում տղային: «Ախ, Նաբաթ» վերջին անգամ կանչում է տղան ու առանց տատանվելու ժայռից նետվում ներքև, որպեսզի հավետ իր հանգիստը գտնի գեղեցկուհի Նաբաթի գրկում:
Համաձայն լեգենդի` հենց այս բառերից է առաջացել Ախնաբաթ տեղանքի անվանումը: Ասում են նաև, որ իմանալով տղայի ողբերգական մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահմանորեն սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին եկեղեցի կառուցել: Պատահական չէ, որ եկեղեցին էլ սիրահար տղայի նման մեկուսացած է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը` Ս. Աստվածածին Անապատ եկեղեցի:


Գյուղը հայտնի է նաև իր հնամենի՝ 11-րդ դարում կառուցված կամրջով, որն այլևս չի շահագործվում, քանի որ մնացել է նոր ճանապարհի ստվերում: Բնակիչների պատմելով` կավի ու ձվի շաղախով կառուցված կամուրջն այսօր էլ այնքան ամուր է, որ անգամ բեռնատարներ կարող են անցնել վրայով:
Զբոսաշրջիկների համար Աղավնավանքի հաջորդ «խայծը» «Դիլիջան» ազգային արգելոցի հատվածում գտնվող կենու պուրակն է, որը Կովկասում եզակի է: Կենի կոչվող ծառատեսակը գրանցված է «Կարմիր գրքում»: Մասնագետների վկայությամբ` սովորական սղոցը չի կարող հատել ծառի կարմրափայտը: Կենու 25-հեկտարանոց պուրակն իր նշանակությամբ համարժեք է ազգային արգելոցի մնացած տարածքներին: Աղավնավանքի կենու պուրակը ցանկապատված է և մշտապես հսկվում է:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ