Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պետպատվերի շրջանակներում փոխհատուցում իրականացվում է միայն չարորակ գոյացությունների դեպքում»

«Պետպատվերի շրջանակներում փոխհատուցում իրականացվում է միայն չարորակ գոյացությունների դեպքում»
08.02.2019 | 02:58

Շուրջ մեկ ամիս է ուժի մեջ է մտել ուռուցքաբանական վիրահատությունների պետպատվերի ծրագիրը։ Ծրագիրը, ինչ խոսք, վաղուց սպասված էր, սակայն մինչ օրս հասարակությանը հայտնի չէ` պետպատվերը վերաբերում է պետակա՞ն, թե՞ մասնավոր հիվանդանոցներին, և, ընդհանրապես, անհրաժեշտության դեպքում ո՞ր բուժհաստատությանը կարող են դիմել մարդիկ։ Այս կարևոր հարցի շուրջ զրուցեցինք առողջապահության փոխնախարար ԱՐՍԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։

-2019-ին պետբյուջեով առողջապահական ծախսերի աճը մեզ հնարավորություն տվեց ուռուցքաբանության ոլորտում վիրահատությունները դարձնելու անվճար,- ասաց փոխնախարարը։- Սա նշանակում է, որ համավճարի գաղափարն ամբողջովին դուրս է եկել գործածությունից, որը գործում էր 2011 թվականից։ ՈՒռուցքաբանական վիրահատության գները բարձրացվել են` գրեթե հավասարեցվել են շուկայականին։ Ինչու եմ ասում գրեթե, որովհետև մի փոքր ցածր են շուկայական գներից, սակայն պետությունը, որպես մեծածախ գնորդ, կարող է իրեն թույլ տալ գների մեջ որոշակի փոփոխություններ կատարել և դրանք առաջարկել համակարգին։ Պետպատվերով վիրահատական ծառայություններ իրականացնելու իրավունք ունեն ուռուցքաբանական վիրահատության մասով արտոնագիր ունեցող և ուռուցքաբանական վիրահատություն իրականացնելու նպատակով պետպատվերի հայտ ներկայացրած բժշկական կազմակերպությունները։ Այս պահին բժշկական տասը կազմակերպություններ, որոնք ունեն արտոնագիր, դիմել են նախարարություն պետպատվերի համար, և այդ հայտերը բավարարվել են։ Դրանք են` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային ինստիտուտը, «Նաիրի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Արթմեդ», Վալերի Ավագյանի անվան, «Աստղիկ», Գյումրիի և Վանաձորի բժշկական կենտրոնները։ Պետք է ընդգծեմ, որ պետպատվերի շրջանակներում փոխհատուցում իրականացվում է միայն չարորակ գոյացությունների դեպքում։ Մի շատ կարևոր խնդիր կա, որին ուզում եմ անդրադառնալ։ Այսօր բազմաթիվ են ոչ ուռուցքաբան վիրաբույժները, որոնք իրականացնում են ուռուցքաբանական վիրահատություններ. նման դեպքերը այս ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն։ ՈՒռուցքաբանական վիրահատությունները պետք է իրականացնի հենց ուռուցքաբանի մասնակցությամբ ձևավորված թիմը, քանի որ նա է մշակում հիվանդի բուժման անհրաժեշտ սխեման։ Միայն այդ դեպքում է բուժումն արդյունավետ լինում։ Սրանից ելնելով է, որ պետպատվերը տեղադրել ենք այն բժշկական կազմակերպություններում, որոնք ունեն ուռուցքաբանության արտոնագիր։
-Պարոն Դավթյան, որպես ֆինանսիստ Դուք շատ լավ գիտեք, որ այս տարվա պետբյուջեի աճի հիմքում ստվերից հետ բերված գումարներն են։ Հիմա, Աստված չանի, եթե 2019-ին տնտեսական զգալի աճ տեղի չունենա, հնարավոր կլինի՞ 2020-ին, ասենք, շարունակել այս ծրագիրը։ Կամ, եթե նկատվի պահանջարկի մեծ աճ, ինչը չի բացառվում, ի՞նչ եք կարծում, սահմանված գումարը կբավարարի՞ այս տարվա պահանջարկը։
-Մենք ամբողջությամբ հաշվարկել ենք հնարավոր ռիսկերը։ Այս պահին ունենք ուռուցքաբանական վիրահատությունների քանակի պատկերը, և ըստ դրա, իրականացրել ենք մեր ֆինանսական հաշվարկներն ու գնահատականները, և ֆինանսներն էլ արդեն հատկացված են։ Սակայն այստեղ մի նրբություն կա. այո, Դուք ճիշտ եք, վիրահատությունների մատչելիության բարձրացման հետ կապված հնարավոր է տեղի ունենա դեպքերի աճ։ Մենք սա ևս փորձել ենք գնահատել։ Եվ եթե խնդիր առաջանա, ապա լուծում կտրվի, այսինքն, եթե ծրագրի շրջանակներից դուրս լինի պահանջարկը, ապա դա այնքան էլ մեծ թիվ չի կազմի, որ չկարողանանք փակել։ Ինչ վերաբերում է տնտեսության աճին, ապա չեմ կարծում, որ լուրջ խնդիր առաջանա, քանի որ այն հնարավոր է միայն տնտեսության շատ մեծ անկման դեպքում։ Նման երևույթ չեմ կարծում, որ ունենանք, համենայն դեպս, տնտեսագետները նման կանխատեսումներ չեն անում։ Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում առաջիկա երեք տարվա համար է նախատեսված այս ծրագիրը, առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցները պահպանվում են և աճում։
-Ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է հատկացվելու մեկ տարվա համար։
-ՈՒռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների ընդհանուր միջոցները կազմում են 1 մլրդ 900 մլն դրամ։
-Այդ գումարը բավարա՞ր է, որ ուռուցքաբանական վիրահատությունների պահանջարկը ծածկեք, հնարավո՞ր է, որ տարվա կեսից ասեն` այլևս գումար չունենք, պետպատվերն ավարտվել է։
-Երբ ասացի, որ հաշվարկել ենք բոլոր ռիսկերը, նկատի ունեի, որ բոլոր խնդիրները ներառված են այդ ռիսկերի մեջ։ Ինչ վերաբերում է կոնկրետ գումարի չափին, ապա նախորդ տարի այն կազմել է 1 մլրդ 100 մլն դրամ։
-Այո, սակայն նախորդ տարի բոլոր վիրահատություններն անվճար չեն եղել, և հետո տարբեր կլինիկաներում նույն վիրահատությունն իրականացվում է տարբեր տեխնոլոգիաներով և տարբեր գներով։
-Լրացուցիչ 800 մլն դրամն ուղղվելու է միայն այս ծրագրին և իհարկե կբավարարի, քանի որ հատկացվող միջոցները չորս անգամ ավելի են նախորդ տարվա համեմատ։
-Այդ 800 մլն դրամով քանի՞ մարդ կվիրահատվի, և ո՞ր կլինիկաներին որքան գումար է հատկացվելու։
-.Ընդհանուր առմամբ, իրականացվում են շուրջ 2,5 հազար ուռուցքաբանական վիրահատություններ, մենք եռամսյակը մեկ պետք է ուսունասիրություն իրականացնենք և գնահատենք ծրագրի ընթացքը: ՈՒսումնասիրությունների արդյունքներով պետք է փորձենք ֆինանսական միջոցներն ուղղորդել ըստ հիվանդների հոսքի։ Անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ կիրականացվեն։
-Այս որոշումը կայացնելուց առաջ խոսե՞լ եք մասնավոր կլինիկաների ղեկավարների հետ։ Գաղտնիք չէ, որ վիրահատությունների արժեքից է ձևավորվում վիրաբուժական թիմի աշխատավարձը։ Հիմա, եթե պետությունը մեկ ստանդարտով է գնահատում վիրահատությունները, դա ազդեցություն կունենա՞ վիրաբույժի աշխատավարձի վրա։ Սա կարևոր հարց է, քանի որ մասնագիտական որակավորումը բարձրացնելու հարցում աշխատավարձը լուրջ խթան է։
-Կդժվարանամ ասել` կոնկրետ անհատների աշխատավարձերը կնվազե՞ն, թե՞ կբարձրանան։ Պետական պատվերի շրջանակներում մատուցվող յուրաքանչյուր ծառայության գնից է ձևավորվում բուժանձնակազմի աշխատավարձը, իսկ պետական պատվերի գները բարձրացել են: Սակայն եկեք հասկանանք. եթե որևէ կլինիկա ինչ-որ գին է սահմանում, շատ դեպքերում դա ծախսային մասով ոչ բավարար հիմնավորված է:
-Պարոն Դավթյան, ըստ էության, սա առաջին դեպքը չէ, երբ պետությունը հայտարարում է, որ ուռուցքաբանությունը պետպատվերով պետք է իրականացվի։ Ճիշտ է, այս դեպքում խոսքը միայն վիրահատությունների մասին է, բայց շատ են եղել դեպքերը, անգամ խորհրդային ժամանակաշրջանում, որ անվճար ասվածը ձևական բնույթ է կրել, և հիվանդները խոշոր գումարներ են վճարել բժշկին։ Հիմա ո՞րն է երաշխիքը, որ հին ավանդույթը չի գործի, և ըստ էության, ո՞րն է այս ծրագրի նորությունը։
-Խորհրդային Միությունից անցում կատարելով նոր համակարգին, Հայաստանը առողջապահության ոլորտում պետպատվերի քաղաքականությունը ներդրեց 1997 թվականից, իսկ ուռուցքաբանությունում պետպատվերի ծրագիրը սկսել է լիարժեք գործել 1999-ի հունվարի 1-ից։ Հայտարարվեց, որ չարորակ նորագոյացությունների բուժումը պետության կողմից երաշխավորված բուժօգնություն է. այդպես էր մինչև 2011-ը։ 2011-ից ուռուցքաբանությունում փոփոխություն կատարվեց և ներդրվեց համաֆինանսավորման սկզբունքը։ Ցավոք, համաֆինանսավորումն այս ոլորտում նպաստավոր չեղավ, քանի որ համաֆինանսավորման հարաբերակցությունները հավասարազոր չէին։ Օրինակ, եթե վիրահատության արժեքը 600 հազար դրամ էր, պետությունը փոխհատուցում էր ընդամենը 120 հազար դրամը, մնացածը վճարում էր հիվանդը։ Այն դարձել էր ոչ թե համավճար, այլ պետության մասնաբաժնով մասնակցություն։ Այժմ առողջապահության նախարարությունն իր առաջնային խնդիրներից է համարում ուռուցքաբանությունն ամբողջությամբ պետական հոգածության խնդիր դարձնելը։ ՈՒռուցքաբանական վիրահատությունների 100 % փոխհատուցումը ամբողջական ծրագրի մի մասն է, և սա ընդամենը առաջին փուլն է։ Նախատեսվում է պետպատվերով դարձնել նաև քիմիաթերապիայի և ճառագայթման ծառայությունները։ Ընդհանրապես, ճիշտ եմ համարում այս պահին խոսել կարևորից, ընդգծելով, որ խորհրդային ժամանակներից եկող բացասական սովորություններից պետք է ձերբազատվենք։

Զրույցը
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ