ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մեղավորը կառավարության ծրագիրը չէ

Մեղավորը կառավարության ծրագիրը չէ
12.02.2019 | 01:13

Այս կառավարության ծրագիրը փայլուն է, հրաշք։ Հայտնի անեկդոտի հանգույն՝ է, դու էլ ասա։ «Հեղափոխականների» կազմած կառավարության ծրագիրը չտեսնված է, տեսնեն՝ ինչու՞ են տնտեսագետները, քաղաքագետները խոշորացույցով բիծ փնտրում, նորմալ է, էլի։ Բայց արի ու տես, որ արդեն մի քանի օր է քաղաքական դաշտում կառավարության ծրագրի տարբեր բաժիններ են ծանրութեթև անում, իսկ այսօր այն խորհրդարանում պետք է քննարկման ներկայացվի։ Բնականաբար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես տնտեսական բլոկը։ Ոմանք պնդում են, թե թվերի պակասը պատասխանատվությունից խուսափելու ձև է, մյուսներն էլ, թե կարևորն ուղենիշների նշումն է։ Սակայն շատերը մոռանում են, որ նախկինում քանի՜-քանի՜ թվերով էլ հարուստ, ճիշտ շեշտադրումներով էլ ծրագիր ենք տեսել, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա։

Հիմա անկախ հանգամանքից այս կառավարությունը 10, թե 70 էջից բաղկացած ծրագիր կներկայացնի, տնտեսական երկնիշ աճ կգրի, էականը դրա իրագործումն է, թող թվեր չգրվեն, բայց կառավարության արդյունավետ գործունեությունը բերի սպասված տնտեսական աճը։ Մեզանում ամենամեծ խնդիրը միշտ եղել է ոչ թե լավ կամ վատ ծրագիրը, այլ նույնիսկ վատ որակվող ծրագրի նվազագույն կետերի իրագործումը։


Նիկոլ Փաշինյանի նախորդը` վարչապետ Կարեն Կարապետյանը, նշանակվելուց հետո հայտարարեց. «Պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա: Եթե տնտեսության մեջ փոփոխություն ենք ուզում, պետք են համակարգային փոփոխություններ: Մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր»: Շուրջ երկու տարի հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ ու հակառակը պնդեց. «Կախարդական փայտիկ կա և այդ կախարդական փայտիկը արդեն իսկ իր գործը սկսել է և արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է ապահովել»: Սա նշանակում է, որ կամ Կարեն Կարապետյանին այդ ընթացքում հաջողվել էր տնտեսությունն այնքան աշխուժացնել, որ Փաշինյանին թվացել էր, թե մի «զարկով» կարող է շատ բան փոխել, կամ էլ Փաշինյանն ընդամենը չի գիտակցում մեր տնտեսության, ինչպես Կարապետյանն է ասում, «չափազանց ծանր» վիճակը։


Ընդ որում, որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե մենաշնորհ, կոռուպցիա չկա, ներդրումները 50 տոկոսով աճել են, տնտեսությունն էլի հոգեվարքի մեջ է, որովհետև արդեն եղած խնդիրներին նորերն են գումարվել. գործազրկություն, ներդրումների իրականում ոչ թե աճ, այլ բացակայություն։ Սակայն Փաշինյանն ունի կախարդական փայտիկ, ինքն է ասել, ուրեմն ինչու արագ փոփոխություններ հասարակությունը չի տեսնում, ինչու՞ է ուշանում կախարդական փայտիկի գործադրումը։ Կառավարության ոչ հեղափոխական որակվող ծրագրում ինչու՞ համարձակ քայլեր չկան, չէ՞ որ այս կառավարությունը վերջապես գտել է այն կախարդական փայտիկը, որին այդքան ձգտում էին իր նախորդները։


Այսօր էլ հերթական կառավարության հերթական ծրագիրը քննարկելիս կրկին նույն շեշտադրումներն ենք անում, ծրագիրը դրական ու բացասական որակում, սակայն դրանից դուրս կա տնտեսության իրական վիճակը, որը բացարձակապես չի համընկնում գեղեցիկ փաթեթավորված ու շարադրված ծրագրի հետ։ Մեկ պարզ պատճառով. մեր կառավարությունները միշտ գրել են մեկ բան, բայց արել լիովին այլ բան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ բացառություն չէ, այս մեկ տարվա ընթացքում հաճախ ենք ականատես լինում ասածի ու արածի տարբերությանը։ Ասում են՝ ներդրումները 50 տոկոսով ավելացել են, բայց ոչ տնտեսության վրա է դա երևում, ոչ մարդկանց կենսամակարդակն է լավանում, ասում են՝ արդարադատությանը չմիջամտելը կառավարության սկզբունքն է, հետո էլ հայտարարում, թե ով է այն դատավորը, որ չի լսի իրենց կամ էլ հայտնի գաղտնալսումը փակում է արդարադատության «բերանը»։ Ասում են՝ սուպերվարչապետությունը լավ բան չէ, բայց հերիք չէ դրանից չեն հրաժարվում, ստեղծում են նաև սուպերնախարարություններ։ Ասում են՝ բաց ու թափանցիկ են աշխատում, բայց զինվորի մահը ամսով թաքցնում են։ Շարքը կարելի է երկար շարունակել, բայց այս դեպքում անգամ կախարդական փայտիկն է անզոր, էլ ուր մնաց կառավարության ծրագիրը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ