Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խուսափում են փոխզիջումային տարբերակից խոսելուց

Խուսափում են փոխզիջումային տարբերակից խոսելուց
15.02.2019 | 01:11

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց, որից կարելի է ենթադրել, որ Ալիևի հետ վերջին հանդիպման ժամանակ ոչ միայն բանակցությունների «պատմությունից» են խոսել, այլև եղել է հստակ օրակարգ։ Իսկ խորհրդարանում Փաշինյանն ասաց. «Մենք արձանագրում ենք, որ չենք պատրաստվում Ղարաբաղի փոխարեն կայացնել որոշումներ, մենք որոշումներ կարող ենք կայացնել մեր փոխարեն: Չնայած մյուս կողմից արձանագրում ենք, որ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և մենք ասում ենք, որ Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև դեռևս 1994 թ. Բուդապեշտի ֆորմատով Ղարաբաղը ճանաչված է որպես բանակցությունների կողմ: Դրան ի պատասխանն Ադրբեջանն ասում է, որ իրենք էլ բանակցությունների կբերեն Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, այսինքն` այն ադրբեջանցիներին, ովքեր ժամանակին ապրել են Լեռնային Ղարաբաղում: Մենք ասում ենք՝ այդ մարդիկ այսօր էլ են բանակցություններին մասնակցում և միշտ են մասնակցել բանակցություններին, որովհետև նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ, մասնակցում են Ադրբեջանում խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, նրանց քվեարկությամբ է որոշվում՝ ով է Ադրբեջանի նախագահը, հետևաբար նրանք այդ քվեարկությանը մասնակցելու բերումով ունեն իրենց ներկայացուցիչը բանակցային ֆորմատում՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի»: Ըստ էության, Ադրբեջանն էլ չհերքեց, որ այս հարցը եղել է Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգում, քանի որ Հայաստանի վարչապետի հայտարարությունից շատ չանցած եղավ Ալիևի արձագանքը։ «Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում»,- հայտարարել է նա, կրկին ընդգծելով, որ Բաքուն չի համակերպվի իր տարածքների «օկուպացիայի» հետ, և որ Արցախը բանակցային կողմ դարձնելու Փաշինյանի առաջարկին Մինսկի խումբն էլ չի համաձայնել։ ՈՒ այս համատեքստում Հայաստանում ուշագրավ բանավեճ է սկսվել հակամարտության լուծման փոխզիջումային հնարավոր տարբերակի շուրջ։ Բավականին «էկզոտիկ» տեսարան է. ՀԱԿ-ի ու այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքներ, վարչապետի խոսնակի մակարդակով պաշտոնական արձագանքը դրանց և Փաշինյանի հակալևոնական ու լևոնական թիմակիցների գզվռտոց։ «Իրատեսը» փորձեց «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից ճշտել, ի վերջո, նրանք փոխզիջումային տարբերակին կո՞ղմ են, թե՞ դեմ։

«ԻՍԿ Ի՞ՆՉ, ՊԵՏՔ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞ ՏՐԱՄԱԴՐԵՆՔ»


-Փաշինյանը խորհրդարանում ձևակերպեց այն դիրքորոշումը, որով հայկական կողմը պետք է Արցախը դարձնի բանակցությունների մասնակից։ Խոսելով այս թեզին հակադրվող Ադրբեջանի այն դիրքորոշման մասին, թե այդ պարագայում բանակցություններին պետք է մասնակցի նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, վարչապետն անտրամաբանական համարեց այդ պահանջը։ Ձեր կարծիքով բանակցությունների մեկնակետը սա՞ պետք է լինի։
-Մենք միշտ ասում ենք, որ Արցախը պետք է բանակցություններին մասնակցի,- ընդգծեց ՄԻՔԱՅԵԼ ԶՈԼՅԱՆԸ։- Որպես դրան հակափաստարկ, Ադրբեջանն ասում է, որ այդ դեպքում ադրբեջանական համայնքն էլ բանակցությունների պիտի մասնակցի, ինչին մենք հակադարձում ենք, որ եթե նրանց համարում եք Ադրբեջանի քաղաքացիներ, ուրեմն Ալիևն արդեն ներկայացնում է այդ մարդկանց շահերը։ Այսինքն՝ այս փաստարկը տրամաբանական չէ։
-Այդուհանդերձ, Հայաստանը պե՞տք է մի կողմ քաշվի և հայտարարի, թե այսուհետ Արցախն է բանակցային կողմ։
-Չէ, մենք մի կողմ չենք քաշվում։ Մենք բանակցում ենք Հայաստանի անունից, վարչապետը կամ արտգործնախարարը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, իսկ Արցախի Հանրապետությունն ունի իր համապատասխան պաշտոնյաները։
-Ինչպե՞ս է հնարավոր Արցախը դարձնել բանակցային կողմ, ի՞նչ քաղաքականություն է այսօրվա իշխանությունը վարում, որը կհանգեցնի դրան։
-Մենք մեր այս գաղափարը պետական բարձր մակարդակով բարձրաձայնում ենք։ Եթե այդ գաղափարի համար նախկինում մեզ մեղադրում էին ագրեսիվ քաղաքականության, արմատականության մեջ, այսօր արդեն տեսնում ենք, որ նման տեսակետները նվազել են, այսինքն, այս մոտեցումն ընդունելի է դառնում նաև միջազգային հանրության կողմից։ Եթե Ադրբեջանն ուզում է, որ բանակցային գործընթաց լինի, պետք է ընդունի այս փաստը։ Իհարկե, սա մեկ օրվա մեջ չի լինի, անգամ մեկ տարվա, սակայն պետք է աշխատենք, բացատրենք, խոսենք, փաստարկներ բերենք։
-Դիվանագիտական որոշակի տարբերակներ կա՞ն։
-Դիվանագիտության մեջ կոնկրետ քայլերը դժվար է ասել։ Ամեն անգամ այս մասին բարձրաձայնում ենք, բոլոր հանդիպումներում խոսում ենք այս մասին։
-Մենք բարձրաձայնում ենք, Ալիևն էլ հակափաստարկն է ներկայացնում, և այդպես արդեն որերորդ տարին։
-Դիվանագիտությունը դա է, մենք մեր փաստարկն ենք բերում, նրանք՝ իրենցը, հետո այն փաստարկը, որը տրամաբանական է և քաղաքական համապատասխան հիմնավորումներ ունի, հաղթում է։ Համոզված եմ, որ մեր փաստարկները, ի վերջո, հաղթելու են։
-Ձեզ համար ընդունելի՞ է հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը։
-Այսօր վերջնական լուծման մասին խոսելն անիմաստ է։ Պետք է իրատեսական խնդիրներ դնենք, դա այն է, որ դադարեցնենք ատելության քարոզչությունը, սահմանի միջադեպերը նվազեցնենք։
-Ատելության քարոզչությունը դադարեցնենք որտե՞ղ, Հայաստանու՞մ։
-Չէ, խնդիրն այն է, որ կողմերն ատելության քարոզչություն չանեն, մեր կողմը չի իրականացնում։ Պետք է միջազգային հանրությունը ևս հստակ արձանագրի, թե որ կողմն է այդպիսի քարոզչությամբ զբաղվում։ Կարևորն այն է, որ համապատասխան մթնոլորտ ստեղծվի, որպեսզի հնարավոր լինի բանակցել։ Քանի դեռ կողմերից մեկը սպառնալիքների լեզվով է խոսում, միջադեպեր կան սահմանին, ագրեսիվ պահվածքը չի փոխվել, բնականաբար որևէ լուրջ բանակցություն հնարավոր չէ։ Հիմա մեր խնդիրն այն է, որ ապահովենք բանակցային գործընթացը։
-Որոշակիորեն մտահոգիչ չէ՞, որ մենք մեր երկրում խաղաղության քարոզչություն ենք իրականացնում, իսկ հակառակորդն ավելի է կոշտացնում իր քաղաքականությունը։
-Մենք հաղթող կողմ ենք, եթե հենց հիմա հակառակորդ կողմը համաձայնի հաշտության պայմանագիր ստորագրել, մենք պետք է դե՞մ լինենք։ Խաղաղությունը ձեռնտու է հաղթող կողմին։
-Խոսքը ժողովրդին խաղաղության տրամադրելու մասին է։ Սա այն դեպքում, որ հակառակորդն օր օրի իր ռազմատենչ հայտարարությունների «դոզան» մեծացնում է։
-Իսկ ի՞նչ, պետք է ժողովրդին պատերազմի՞ տրամադրենք։ Մենք մեր ժողովրդին պետք է տրամադրենք միշտ պատրաստ լինելու և ցանկացած սադրանքին արձագանքելու։ Մենք չպետք է պատերազմի քարոզչություն իրականացնենք, ընդհակառակը պետք է բացառել պատերազմի քարոզչությունը ցանկացած կողմից։ Սրան զուգահեռ թե՛ հոգեբանորեն, թե՛ տնտեսապես, թե՛ ռազմական առումով ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինել՝ մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Սա կասկածից վեր է։
-Օրերս Ձեր խմբակցության անդամներից մեկը բավականին լուրջ քննադատության չափաբաժին «վաստակեց», երբ անընդունելի համարեց փոխզիջումային տարբերակը։ Դուք անձամբ ո՞ր տարբերակին եք կողմ, այսպես ասած, ոչ մի թիզ հո՞ղ, թե՞ փոխզիջում։
-Մենք կոմունիստական կուսակցություն չենք, չկա միասնական կարծիք։ Մեր խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր ունի իր կարծիքը։ Ինչ վերաբերում է ինձ, կարծում եմ` այսօր լուծման տարբերակի մասին խոսելը վաղ է։
-Ի վերջո, ինչ-որ պահի լինելու է, չէ՞, հակամարտության լուծումը, Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում։
-Եթե գա այդ պահը, կխոսենք։ Այսօր խոսել փոխզիջումներից կամ լուծման որևէ տարբերակից` անիմաստ է։ Պետք է հասկանալ` այսօ՛ր որն է մեր անելիքը։
-Ո՞րն է մեր անելիքը։
-Պետք է բացառել սադրանքները, միջադեպերը, ատելության քարոզը։
-Իսկ նորմա՞լ է ավելի քան մեկ ամիս թաքցնել զինվորի մահը։
-Ցանկացած դեպքում զինվորի մահը թաքցնելը նորմալ չէ, բայց այդ դեպքի մասին ես չգիտեմ։ ՈՒշադիր կլինենք, ԱԺ-ն գործադիրի վերահսկողությունն է իրականացնելու և հետամուտ ենք լինելու, որ նման դեպքեր չլինեն։
-Ոմանք կառավարությանը մեղադրում են նաև, որ բանակի հրամանատարական կազմը վարկաբեկելու քաղաքականություն է տարվում։
-Նման միտում չեմ տեսնում, հակառակը տեսնում եմ արդարության վերականգման միտում, իսկ արդարության վերականգնումն ավելի է ոգեշնչելու Հայաստանի քաղաքացիներին։ Համոզված եմ նաև, որ դրանից բանակը հաստատ շահելու է, իսկ առանձին մարդիկ, որոնք օրենքը խախտել են, կապ չունի` ինչ պաշտոն, կոչում ունեն, բոլորը պետք է պատժվեն։ Դրանից ողջ երկիրը կշահի։

«ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՁՅՈՒՆԸ ՄԱՔՐՈՒՄ Է, ՏԵՍՆՈՒՄ Է ՏԱԿԸ ՀՈՂ ՉԿԱ, ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԵՆ»


-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը Ձեզ համար ընդունելի՞ է։
-Այն, ինչ տեղի է ունենում ղարաբաղյան խնդրի շուրջ այս պահին, հասարակությանը տեղյակ է պահվում,- ասաց ՍԻՓԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ։- Ավելացնելու որևէ բան չունեմ։
-Իսկ ի՞նչ է տեղյակ պահվում, հանդիպումից հետո Փաշինյանը «լայվով» ընդամենն ասաց, որ բանակցությունների պատմությունն են ուսումնասիրում։
-Հանդիպել են, խոսել, ասացին, որ քննարկումը եղել է Արցախը բանակցային սեղանի շուրջ բերելը։ Այս մասին բազմիցս խոսվել է, թե ինչ են քննարկել, ամենայն մանրամասնություններով, այսինքն, ոչ մի գաղտնի բան չկա։
-Ախր բան չեն ասել, որ հասկանանք` գաղտնիք կա՞, թե՞ չկա։
-Ինչ-որ տեղի է ունեցել, ասել են։
-Մեկուկես ժամ տևել է երկրի ղեկավարների, չորս ժամ` արտգործնախարարների հանդիպումը...
-Հարցն ուղղեք արտգործնախարարին, թե չորս ժամ ինչ են քննարկել։
-Դուք իշխող ուժի ներկայացուցիչ եք, Ձեզ չի՞ հետաքրքրել, թե երկու արտգործնախարար այդքան երկար ինչից են զրուցել։
-Իշխող ուժի ներկայացուցիչ եմ, բայց դա չի նշանակում, որ բոլոր դետալներն ամենայն մանրամասնությամբ պետք է իմանամ։ Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն արդեն հնչել են։ Իսկ ֆեյսբուքյան ֆեյքերը, որ շրջանառության մեջ էին դնում, թե տարածքները խաղաղության դիմաց զիջում են, այլևս նման բան չեն անում, երևի հասկացել են, որ հայտարարությունների տեսքով վարչապետն այդ ամենին պատասխանել է։
-Ինչու՞ եք Ֆեյսբուքն ու «ֆեյքերին» թերագնահատում, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում Ֆեյսբուքն առանձնացրեց որպես հեղափոխություն անելու կարևոր գործիք։ «Մենք կարողացանք հեղափոխությունը կազմակերպել ընդամենը մեր մտքի գործադրմամբ՝ օգտագործելով մեր ձեռքի տակ եղած ժամանակակից տեխնոլոգիաները և հեղափոխական նոր տեխնոլոգիաներ մտածել ու ստեղծել: Մեր ձեռքի տակ եղած կարևոր տեխնոլոգիաներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցն էր։ Այդ տեխնոլոգիայի կիրառմամբ մենք կարողացանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել սեփական ուժերի նկատմամբ»,- ասաց Ձեր հորեղբայր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-Չեմ թերագնահատում, ոչ թե Ֆեյսբուքով հասարակության հետ շփվելու կարևորության մասին եմ ասում, այլ «ֆեյքերի» միջոցով հասարակության մեջ ինչ-որ կարծիքներ ստեղծելն է անընդունելի։ Տեսաք, չէ՞, որ գրում էին, թե խաղաղության դիմաց տարածքներ են տալիս ու որոշել են հողերը հանձնել։ Մի այդպիսի անեկդոտ էլ կա, ասում են՝ քաղաքապետարանը ձյունը մաքրում է, տեսնում է տակը հող չկա, արդեն հանձնել են։ Այս թեման արդեն զավեշտի է հասնում։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ