Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քաղաքական «Սանիտեկից» ազատում չկա

Քաղաքական «Սանիտեկից» ազատում չկա
05.03.2019 | 09:43

Երեկ Ֆեյսբուքը «Ռեստարտի» մեջ էր` գիշերը Երևանի Ամիրյան փողոցում մարտաքաղաքական գործողությունների պատճառով: Օրվա մեջ հայտնի դարձավ, որ դատախազությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բայց գործող անձինք դեռ կարգավիճակ չունեն: Կեսգիշերն անց, Ամիրյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանները բերման էին ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բոլորն ազատ են արձակվել, նախապատրաստվում են նյութեր: Ֆեյսբուքի իր էջում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ասել է, որ իրեն ևս բերման են ենթարկել ոստիկանություն և իր վրա հարձակվել են ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։ «Մոտ 14 հոգով եկան, տեսան ու սպանեցին ինձ։ Խնդրում եմ ժողովուրդ, սովորեցրեք ինձ 14 հոգով մարդ տենալու ու ոչինչ չանելու նուրբ արվեստը։ Իրանք տենց հանրային աջակցության հուշերով ապրում են, որ հեսա միտինգ կանենք, էս կանենք, մեր ուզած ձևով քվեարկեք խորհրդի նիստերին, էս արեք, էն արեք, որը արդեն չի ստացվում, որը արդեն ծիծաղ է հարուցում»։ ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ տևական ժամանակ է՝ Մալյանը իրենց հրապարակային հայհոյանքներ է ուղղում, և իրենք ակցիա են իրականացրել։ «Ռեստարտի» անդամները տեսագրությանը կցած հայտարարությունում նշում են, որ վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղը նետելու և ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրին բլոգերին։


Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել նրան վնասելու. «Նարեկ Մալյանին մենք երբեք ոչ մի հայհոյանք չենք տվել, նրան մենք բռնության չենք ենթարկել ու չենք էլ ենթարկելու։ Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ բռնությունը երբեք Հայաստանում չի ընդունվելու։ Այո, մենք նշել ենք արդեն, որ մենք գործողություն իրականացնելուց հետո, աղբը իր տեղում տեղադրելուց հետո գնալու ենք ոստիկանություն, բայց ոստիկանությունը ավելի շուտ եկավ։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի այս հարցը դարձնեն քաղաքական, որքան էլ որ ցանկանան», - ասաց Դավիթ Պետրոսյանը։ Մալյանը ֆեյսբուքի տեսանյութում նաև ասել է. «Ոստիկանության պահվածքն է ինձ շատ հետաքրքիր։ Ոստիկանությունում համոզում էին, որ ես հայտարարություն տամ, որ ինձ ծեծել են, ինչը տեղի չէր ունեցել, ինձ չեն ծեծել, բայց քանի որ ծեծը տուգանքով է սահմանափակվում, իրենք վիզ էին դրել, որ ես գրեի ծեծել են։ Չեն ծեծել ինձ, հիմա գրեմ ծեծե՞լ են, շառ անե՞մ էդ մարդկանց վրա։ Ավելին ասեմ, 14 հոգով ոչ մի բան չեն արել, եկել են գիշերով ու տենց գնացել են»։


Այսպես կամ համարյա այսպես, մեղմ ասած` մի հիմարության պատմություն: Անցյալ շաբաթ Նարեկ Մալյանն էր մանրադրամներ նետում նախագահության սեղանին` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, այս շաբաթ նրան են աղբարկղ նետում, եկող շաբաթ ի՞նչ է լինելու: Լավ` մինչև ե՞րբ է շարունակվելու այս հիմարությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքում գրել է. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ, գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»: Կամ` ստանդարտ գրառում է իրադարձության առիթով` առանց իրադարձության բովանդակությունը պարզելու, որ անորոշ է թողնում` ինչ վերաբերմունքի են արժանի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության ու ընդդեմ ժողովրդի գործողները: Կամ էլ` վարչապետը շատ է ուշացել: Հայաստանի հպարտ քաղաքացիներընրա տված իրավունքով ինքնուրույն որոշումներ են կայացնում` ով ով է և ով որտեղ պիտի լինի, իրենք էլ իրենց որոշումը կատարում են: Իրենք իրավունքն են, իրենք օրենքն են, իրենք ժողովուրդն են, իրենք ժողովրդավարությունն են, իրենք հասարակության ինքնանշանակ «Սանիտեկն» են ու այս «Սանիտեկից» ազատում չկա: Մնում է պարզել, ինչու՞ է կեսգիշերից հետո, ինչու՞ ոչ ցերեկով, բոլորի աչքի առաջ` հրապարակավ: Թե չէ ստացվեց խուլիգանություն, ոչ թե քաղաքական ակցիա: Ֆեյսբուքում ապրողների համար սա գուցե զվարճալի ու սրամիտ է, իրականում զզվելի է ու անմիտ:

Դիտվել է՝ 4109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ