«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դուրս եկավ իր կուսակցության սահմաններից ու դարձավ ազգային դեմք

Դուրս եկավ իր կուսակցության սահմաններից ու դարձավ ազգային դեմք
09.04.2019 | 01:26

(Ելույթ Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հանդիսությանը)

Աստծո կամոք, գուցե և ճակատագրի բերմամբ, այսօր մեզ հնարավորություն է ընձեռվել մասնակիցը լինելու մի կարևոր պատմական իրադարձության՝ նշելու հայ ժողովրդի նվիրյալ զավակ, իրավամբ Հայաստանի Հանրապետության հիմնադրի պատվանունին արժանացած պետական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակը:
ՈՒստի թույլ տվեք, նախ և առաջ, մեզ բոլորիս շնորհավորել այս առիթով և կազմակերպիչներիս՝ Սարդարապատի հուշահամալիրի և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, «Հայ Հեղափոխական Դաշնակցության» պատմության թանգարանի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, անձամբ նախարար Դավիթ Տոնոյանին, ինչպես նաև «Հայ հեղափոխական դաշնակցության» Հայաստանի գերագույն մարմնին ցուցաբերած աջակցության համար:


Ո՞վ է Արամ Մանուկյանը:
Թերևս մեզանից յուրաքանչյուրն ունենա այս հարցի իր ուրույն պատասխանը: Բայց ժամանակն է, որ տարածության մեջ պիտի կերտի Արամ Մանուկյանի դիմապատկերը:
Մեզ համար Արամ Մանուկյանը ծնվեց իրականացնելու ավելի քան 500 տարի պետականություն չունեցող ժողովրդի «թափառական ու անհանգիստ երազը»:
Ծնվեց՝ առարկայացնելու այդ «Մեծ երազը»՝ Ազատ և Անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ ինչպես նրա ժամանակակիցն է վկայել, դեռևս իր կենդանության օրոք Արամը դուրս եկավ իր «կուսակցության սահմաններից ու դարձավ ազգային դեմք»:
ՈՒստի Արամ Մանուկյանն իրավամբ մեր նորագույն պատմության Փոքր Մհերն է, և ուզենք թե չուզենք, նրա հետ են կապված լինելու մեր երեկվա և այսօրվա ազգային մեծ ու փոքր իղձերը և երազները:


Նա անմահ է Փոքր Մհերի պես: Նա լուսավորելու է բոլորիս ճանապարհը:
Նա անմահ է՝ Փոքր Մհերի պես, բայց ո՛չ անժառանգ: ՈՒ քանի դեռ նա կա, մենք «հաջողելու ենք և լույս աշխարհ ենք դուրս գալու», որովհետև նա գործն է արել, իսկ մենք հանձն ենք առել շարունակելու այդ գործը, որ ղեկավարվում է «Ցեղի ձայնով ու ոգով», քանի որ… «Հերոսը ինքը ժողովուրդն է», որը «իր սեփական ջանքերով, իր անձնազոհությամբ պիտի փրկե իրեն»:
ՈՒրեմն՝ թո՛ղ կեցցե հայ ժողովուրդը, որն Արամ Մանուկյաններ է ծնում: Ա՛յժմ և մի՛շտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական այրերը կարողանան ուղիղ նայել Արամի աչքերի մեջ:
Խորին հարգանք և խոնարհում Արամ Մանուկյանի և նրա գործի առջև: Նա «մարդ չէ», այլ «հրա՛շք է», «հրա՛շք»:

Կարեն ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ