Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան. «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան. «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական
24.05.2019 | 14:22

Արամ Խաչատրյան համերգասրահը «ԴասA» նախագծի շրջանակներում համախմբել էր Երևանի ավագ դպրոցների աշակերտներին։ «ԴասA»-ի ամփոփիչ գալա-համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը՝ կատարելով հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։


«ԴասA»-ի գալա-համերգին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշեց, որ շատ ուրախ է համերգասրահում տեսնել այսքան աշակերտների, և «ԴասA»-ի գաղափարի արդյունքը, ըստ նրա, պետք է լիներ հենց դա։ «Կրթության և գիտության նախարարությունը «ԴասA»-ի հետ մի քանի այլ նախագծեր է իրականացնում, որոնց նպատակն է մշակույթը և բարձր արժեքները բերել դպրոց և ասել, որ ՀՀ իրական քաղաքացին ձևավորվում է հենց այդպիսի արժեհամակարգի շրջանակներում։ «ԴասA»-ի գաղափարը ծնվել է 2018-ի ամռանը, երկար քննարկել ենք այն, և կարծում եմ՝ շատ լավ արդյունք ունենք այն առումով, որ «ԴասA»-ի շրջանակներում մեր գործընկերներն այցելեցին Երևանի ավագ դպրոցներ և սովորեցրին սիրել ու լսել դասականը։ Մենք փորձեցինք այս նախագծի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջոցով կոտրել այն կարծրատիպը, թե դասական երաժշտությունը դժվար է լսել, և աշակերտներին, մեր ապագա սերունդներին բերել նման համերգասրահներ։ Դա մեզ մոտ ստացվեց, ստացվեց նաև նրա շնորհիվ, որ նախագիծն իրականացնելիս կիրառեցինք աշակերտների սիրած գործիքները՝ նորագույն տեխնոլոգիաները»,- ասաց նախարար Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանին համագործակցության համար։ Նա նաև նշեց, որ «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական, քանի որ գիտեն, որ ճիշտ գործ են անում։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով անցնող ուսումնական տարվա ընթացքում երևանյան ավագ դպրոցներ կատարած այցելություններն ու հանդիպումներն աշակերտների հետ, խոստովանեց, որ երեխաներից ստացած էմոցիաներն ու ինֆորմացիան անսպասելի էին։ «Մենք հանդիպեցինք երեխաների, որոնք ապրում էին երաժշտությամբ, շատ լավ գիտեն երաժշտությունը, և դա նրանց կենսակերպն է դարձել։ Ոգևորված եմ շատ՝ տեսնելով նման երեխաների»,- ասաց մաեստրո Սմբատյանը՝ ավելացնելով, որ ծրագրին մասնակցել են 35 ավագ դպրոցների մոտ 13500 աշակերտներ։
Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցի սան Դավիթ Պետրոսյանը նշում է, որ հանդիպումը Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ կայացել է շատ անմիջական մթնոլորտում։ «Մեր օրերում, երբ անորակ երաժշտությունը բավականին տարածված է, ուրախալի է, որ կա մի նախագիծ, որ պատանիներին տանում է դեպի դասական երաժշտությունը»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։


Հիշեցնենք, որ «ԴասA»-ն կրթամշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով ուղղորդել երիտասարդ սերնդին դեպի դասական արվեստը։ Նախագիծը կյանքի են կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։
Համերգին ներկա աշակերտներն իրենց տոմսերն ամրագրել էին «ԴասA» բջջային հավելվածի միջոցով։ Այս հավելվածը տեղեկատվական ինտերակտիվ հարթակ է, որը երեխաներին ներկայացնում է հետաքրքիր փաստեր դասական երաժշտության մասին։
Տեղեկացնենք, որ «ԴասA»-ի գալա-համերգին ներկա էին նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամավորական ծրագրի մասնակիցները՝ մոտ 25 տարեց կամավոր, որոնք հետագայում էլ ներգրավվելու են նվագախմբի համերգների և այլ ծրագրերի կազմակերպման գործընթացներին։

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ