Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրատիսլավա՝ ոչինչ կամ ամեն ինչ

Բրատիսլավա՝ ոչինչ կամ ամեն ինչ
06.12.2019 | 11:17

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովը Բրատիսլավայում Հարավային Կովկասի համար կարևորվեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումով, որի նկատմամբ հետաքրքրությունը սրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Բաքու և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում բարձրաձայնած տեսակետները: Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լուրջ ու ծանր որակեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները: «Ինտերֆաքս Ադրբեջանը» մեջբերել է նրա խոսքը. «Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրինք 3,5 ժամանոց բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դրանք լուրջ ու ծանր բանակցություններ էին։ Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր»։ Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլերը։ Մամեդյարովը կրկնել է՝ ինչ ասել էր Բաքվում՝ հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է։

«Առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, որը երաշխավորում է հայկական զորքի անհապաղ, ամբողջական ու անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից օկուպացված տարածքներից, ինչպես դա նախատեսվում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։ Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»: Սա փաստացի՝ նույն սուբստանտիվ բանակցությունների պահանջն է, որ չի փոխվում արդեն քանի տարի:
Մամեդյարովի հետ հանդիպումից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցությունից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովում ընդգծել է Լեռնային Ղառաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը. «Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։


Երկրորդ. Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաև 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։


Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:
Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էկզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994-ին և 2016-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։
Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից:


Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։
Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնաիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհադուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի: Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ:


Յոթերորդ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։ Դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո, նա խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը:


Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։ Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել այս փորձառության հիման վրա։ Նաև, շփման գծի երկայնքով և միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, իչպես նաև ուղիղ կապի կիրառումը պետք է պահպանվի և ընդլայնվի։ Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցների շարւնակվել են արձանագրվել զոհեր և վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել։ Արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումը առանցքային նշանակությունի ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձևավորման համար», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Միով բանիվ՝ կողմերը մնացել են իրենց տեսակետներին և պայմանավորվել են հանդիպել 2020-ի սկզբին: Ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը կլինի
արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որ Ադրբեջանի նախագահի հրամանագրով նշանակված են 2020-ի փետրվարի 9-ին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանը շարունակում է ցանկանալ ամեն ինչ, ու՝ միանգամից, Հայաստանը չի տալիս ոչինչ: Որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել: Կա երկու հավասար տարբերակ՝ Իլհամ Ալիևը չի սրի իրավիճակը, հանգիստ կգնա ընտրությունների և միայն ընտրություններից, նոր իշխանության ձևավորումից հետո կանդրադառնա հարցին: Բայց նա կարող է նաև իր կարծիքով՝ վճռորոշ ու հաղթական բլից կրիգի նոր փորձ ձեռնարկել՝ ընտրություններում յուրայինների հաղթանակը հեշտացնելու համար: Ընտրության մեջ գուցե վճռականը կլինի միջին վիճակագրական ադրբեջանցիների տրամադրությունը՝ եթե Ալիևը տեսնի, որ իր դինաստիական «հեղափոխությունը» վտանգված է, կփորձի իրավիճակը շտկել ռազմական ճանապարհով: Մեկ ու մշտական աջակից Բաքուն ունի՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և նշել, որ «հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»՝ տեղեկացնում է En Son Haber -ը: Չավուշօղլուն ընդգծել է, որ «Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում սառեցված հակամարտությունները դեռ չեն լուծվել, և դրանք պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և տարածքային ամբողջականության հիման վրա»: Ի՞նչ դիրքորոշում ունեն Մինսկի խմբի համանախագահները: Պաշտոնապես նրանք կողմ են խաղաղության, դե ֆակտո այդ կողմնորոշումը 2016-ի ապրիլին Իլհամ Ալիևին չխանգարեց պատերազմ սկսել: Իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը շարունակում է մնալ միակողմանի երթևեկի կազմակերպիչ՝ նշանավորվում ու կարևորվում է, ինչպես առաջ, միայն Ռուսաստանի դերը: Գրեթե զրոյական, համենայն դեպս հրապարակային մակարդակում, աշխատանք է տարվում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: ՆԱՏՕ-ի հետ կապված սկանդալի հետևանքով՝ Ֆրանսիայի ու Թուրքիայի սրված հարաբերությունների պարագայում ճիշտ ժամանակն է՝ հարցի լուծման՝ Ֆրանսիայի աջակցությունը ակտիվացնել՝ գոնե որ իբրև խաղաղության երաշխավորի: Նաև ժամանակն է, որ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները իրենց ներուժը ուղղեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացին՝ առժամանակ երկրորդ տեղ տանելով ցեղասպանության ճանաչումը: Հնարավոր չէ՝ Մինսկի խմբի մեկ համանախագահի հետ աշխատելով՝ արդյունք ակնկալել ամբողջ խմբից, առավելևս որ Ռուսաստանի դիրքորոշումը վաղուց հայտնի է իբրև Լավրովի պլան ու նույնական է սուբստանտիվ բանակցություններով Բաքվի ակնկալած արդյունքի հետ: Խաղաղություն, թե պատերազմ՝ հարցի պատասխանը Վաշինգտոնի, Փարիզի ու Բրյուսելի ճանապարհներին է: Ճանապարհներ, որ մենք, կարծես, հիմնովին մոռացել ենք ու փորձում ենք ՀԱՊԿ-ին դրդել իր պարտավորությունների կատարմանը՝ հիշեցնելով, որ սպառնալիքը ընդհանուր է:

Դիտվել է՝ 3294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ