ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ու Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին համաձայն են, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի՝ նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:
«Մենք շատ հետաքրքիր և խոր հանդիպում ենք ունեցել Դավիթ Տոնոյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափի մասին: Կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Մենք նաև համաձայնել ենք առ այն, որ չկան այլընտրանքներ զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»,- նշեց Վրաստանի ՊՆ նախարարը: Իրակլի Ղարիբաշվիլին հավելեց, որ իր համար պատիվ է Հայաստան այցելելը: «Ինձ համար մեծ պատիվ է որպես Վրաստանի ՊՆ այցելել Հայաստան, մի երկիր, որի հետ մենք շատ լավ, բարի դրացիական հարաբերություններ ունենք և փոխադարձ հարգանք տածում արդեն հարյուրամյակներ շարունակ: Ապացույցն այս փաստի նաև մեր դրական, աճող դինամիկան է, որը մենք տեսնում ենք երկկողմ համագործակցության ձևաչափում»,- ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: