Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփի աֆղանական փակուղիները

Թրամփի աֆղանական փակուղիները
09.03.2020 | 10:31

Դեռ չի չորացել թանաքը ԱՄՆ-ի ու Թալիբանի միջև Դոհայում ստորագրված համաձայնագրի տակ, Աֆղանստանում նորից ահաբեկչություններ են: Քաբուլում հարձակվել են սգո թափորի վրա: 27 մարդ զոհվել է՝ նաև կանայք ու երեխաներ, 55-ը վիրավորվել: Թալիբները հայտարարել են, որ իրենք ոչ մի կապ չունեն ահաբեկչության հետ: Պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական ջիհադ խմբավորումը: Հարց է ծագում՝ ո՞վ է իշխում երկրում:

Նախկինում ԱՄՆ ռազնական ավիացիան ռմբակոծում էր թալիբներին Գիլմենդ նահանգում՝ Աֆղանստանի հարավում, մարտի 3-ին 43 հարված հասցվեց աֆղանական հսկիչ անցակետերին՝ Կունդուզի ռազմական բազայի դիմաց: Եվս մեկ հարց՝ ո՞ր թալիբների հետ են ամերիկացիները համաձայնագիր ստորագրել, և վերահսկու՞մ են իրավիճակը, որ պատասխանատվություն ստանձնեն կատարվողի համար: Երբ Թալիբանի ներկայացուցիչ Սաբիուլա Մուջահիդը հայտարարեց, որ հարձակումները շարունակվելու են մինչև ներաֆղանական համաձայնագիր կնքելը, կարևոր դարձավ Դոհայում կնքված խաղաղության համաձայնագրի իմաստը: Համաձայնագրի 4-րդ կետում ասվում է, որ «ԱՄՆ-ը և Աֆղանստանի կառավարությունը բաց կթղնեն 5000 գերիների, Թալիբանը բաց կթողնի 1000 գերու մինչև մարտի 10-ը»: Սակայն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարում է, որ այդ պայմանները պարտադիր ուժ չունեն: Թալիբներն ի պատասխան ասում են, որ առանց փոխանակման չեն լինի և քաղաքական բանակցություններ: Միով բանիվ՝ խաղաղության գործընթացն Աֆղանստանում սկսվել է միայն թղթի վրա, իսկ քաղաքական ապագայի մասին բանակցությունները դեռ շատ հեռու են: Պատճառներն ակնհայտ են: Թալիբները սկզբունքորեն հրաժարվում են Քաբուլի հետ բանակցություններից: Քաբուլը հրաժարվում է Թալիբանը քաղաքական շարժում ճանաչել: Աֆղանստանում կան ուժեր, մասնավորապես, «Աֆղանստանի իսլամական էմիրաթի քաղբյուրոն», որ գտնում է՝ թալիբները նախ մասնատված են, երկրորդ՝ չեն արտահայտում երկրում ամերիկյան ռազմական ներկայությանը դիմադրության ամբողջ շարժման դիրքորոշումը: Գործընթացի տրամաբանությունը, իհարկե, ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս հակադրել մի խմբավորումը մյուսին, որ թուլացնի դիմադրության շարժման ուժը, բայց Վաշինգտոնը ոչինչ չի կարողանում: Դոհայի համաձայնագիրը նախատեսում է Աֆղանստանում ԱՄՆ զորքերի կրճատում 12000-ից մինչև 8600՝ 135 օրում, իսկ հետո ԱՄՆ-ը պետք է շարունակի դուրս բերել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր ուժերը 14 ամսում:

Բայց նրանց թույլ չեն տա արժանապատիվ հեռանալ Աֆղանստանից՝ ներքաշելով տարատեսակ քաղաքական կոմբինացիաների մեջ, նախաձեռնելով ահաբեկչական գործողություններ և հարձակումներ: Իսկ հետո՞: Իրանը, որ նկատելի ազդեցություն ունի Աֆղանստանի վրա, գտնում է, որ ԱՄՆ-ը իրավունք չունի Աֆղանստանին վերաբերող խաղաղության համաձայնագրեր կնքել Թալիբանի հետ, իսկ «այդ երկրում խաղաղություն հնարավոր է միայն միջաֆղանական բանակցությունների հիման վրա բոլոր քաղաքական խմբերի մասնակցությամբ, ներառյալ թալիբներին, նաև Աֆղանստանի հարևան պետություններին»: Բայց դա միայն դիվանագիտական գեղեցիկ ձևակերպում է, որ իրականացնել հնարավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ փոխգործակցությամբ: Իսկ այդ ճանապարհին բազում խոչընդոտներ կան, այդ թվում՝ Աֆղանստանի ներսում: Ինչ էլ անես, Թալիբանը, որ ամբողջ աշխարհում համարվում է ահաբեկչական կառույց, բարձրացրել է իր միջազգային կարգավիճակը տեղեկատվական-քարոզչական տարածքում, որ նպաստում է գործընթացի մեջ աֆղանական քաղաքականության այլ խաղացողների ներգրավմանը: Պահի հակառակ կողմը՝ գործող ամերիկամետ աֆղանական իշխանության քաղաքական ճակատագիրը, որի հետ դիմադրության շարժման ներկայացուցիչները մտադիր չեն երկխոսության մեջ մտնել: Հենց դա է Աֆղանստանի անեծքը: Որքա՞ն է խաղաղություն պետք աֆղանական էլիտաներին, դաշտային բազում հրամանատարներին, էքստրեմիստական խմբավորումներին, և նրանցից ո՞վ հույս ունի հագնել հաղթողի հանդերձները: Հասկանալի չէ: Փոխարենը պատերազմի դադարեցումը միանգամայն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Բայց նա ոչ մի կերպ չի կարողանում դուրս սպրդել ԱՄՆ-ի համար ամենաերկարատև աֆղանական պատերազմից, որի ժամանակ ամերիկացիները կորցրել են 2351 զինվոր և 3814 պայմանագրային զինծառայող մասնավոր ռազմական ընկերություններից, ծախսել են տրիլիոն դոլար: Վերջը դեռ չի երևում:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Աֆղանստանի պատերազմը ինչ-որ պահի պիտի ավարտվի, Թրամփը ճիշտ հաշվարկ է արել՝ երբ հեռանան օտարեկրացիները՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զինվորները, աֆղանները ավելի արագ միմյանց հետ լեզու կգտնեն՝ կամ կկռվեն՝ մինչև ինչ-որ մեկը հաղթի, կամ՝ կհամաձայնեն խաղաղության: Գործընթաց, որին Դոհայի համաձայնագիրը, հաստատ, չի խանգարում: Իսկ Թրամփը իրեն կանվանի այդ գործընթացին նպաստած նախագահ՝ ամեն ինչ ճիշտ է: Բացի այդ՝ ընտրություններից առաջ ամերիկացիներին իսկապես դուր կգա, որ իրենց զինվորները վերադառնում են, իրենց դոլարները մնում են իրենց երկրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ