Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Կարո՞ղ է Թուրքիան ջախջախել ռուսական բանակը Սիրիայում

Կարո՞ղ է Թուրքիան ջախջախել ռուսական բանակը Սիրիայում
12.03.2020 | 12:41

Թուրքիան ու Ռուսաստանը բացահայտորեն հավասար չեն չափերով ու ռազմական ներուժով: Բայց եթե նրանց զորքերը ռազմական գործողություններ սկսեն Սիրիայում, Թուրքիան առավելություն կունենա: «Ուժերի հարաբերակցությունը Սիրիայում բացահայտորեն Ռուսաստանի օգտին չէ»՝ ռուսական բանակի փորձագետ Մայքլ Կոֆմանը, որ աշխատում է Ռազմածովային վերլուծության կենտրոնում: Ինչպե՞ս: Ռուսաստանը նախկինում գերտերություն էր և մինչև հիմա ունի մեծ բանակ ու ամենամեծ միջուկային զինանոցն աշխարհում: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամներից մեկը, միջին քաշային կարգի պետություն է և չունի միջուկային զենք: Բայց այս դեպքում ամեն ինչ վճռում է աշխարհագրական դիրքը: Ռուսաստանի ռազմական առավելությունը ոչ մի կերպ չի արտացոլվում Սիրիայի հյուսիս-արևելքում նրա վիճակի վրա, որտեղ Մոսկվայի սիրիացի դաշնակիցը անցել է հարձակման՝ ջանալով վերականգնել վերահսկողությունը Իդլիբի նահանգում, որ Թուրքիայի հետ սահմանին է, և այնտեղից վտարելով թուրքական զորքերին ու նրանց աջակցությունն ունեցող սիրիացի ապստամբներին: Ռուսաստանը Սիրիայում միայն մեկ մեծ ավիաբազա ունի՝ Հմեյմիմը, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում է, նավահանգստային Լաթաքիայի մոտ, և մեկ ռազմածովային բազա Տարտուսում: Դա Ռուսաստանին խոցելի է դարձնում: Ռուսական խմբավորումը, որ մի քանի հազար անձնակազմն է ու տասնյակ ինքնաթիռներ, խիստ կախված են ծովով կատարվող մատակարարումներից: Ռուսաստանի նավերն անցնում են Բոսֆորի նեղուցով, որ վերահսկում է Թուրքիան, և հետո նոր միայն կարող են հայտնվել Միջերկրականի սիրիական նավահանգիստներում: Ի տարբերություն ԱՄՆ-ի, ՌԴ-ն չունի ռազմատրանսպորտային ավիացիայի մեծ խմբավորում, որ ապահովի արտասահմանում գտնվող ուժերին: Ինֆրակառուցվածքային դժվարությունները և նյութատեխնիկական ապահովման խնդիրները թույլ չեն տալիս, որ Ռուսաստանը մեծացնի Սիրիայում իր խմբավորումը սահմանափակվելով ներկա մակարդակով՝ գտնում է Կոֆմանը: Ռուսաստանի պատասխան հարվածը Թուրքիային նույնպես ռիսկային է: ՆԱՏՕ-ն հազիվ թե աջակցի Թուրքիային Սիրիայում նրա արշավանքին, քանի որ Սիրիան ալյանսի անդամ չէ, բայց պարտավոր է օգնել իր անդամին, ում ազգային տարածքը ենթարկվել է հարձակման: Ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը չեն ձգտում ռազմական առճակատման: 2020-ի մարտի սկզբին Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնեց Մոսկվա, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ Իդլիբում հրադադարի համաձայնագիր կնքի և անվտանգության միջանցք ստեղծի М4 մայրուղու երկայնքով, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ պարեկելու են: Իրավիճակը հիշեցնում է սառը պատերազմի ժամանակները, երբ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը խուսափում էին ուղիղ բախումներից և դրա փոխարեն պայքարում էին խամաճիկների ու իրենց դրածոների միջոցով: 2020-ի փետրվարին, երբ սիրիացիների ավիահարվածներից զոհվեցին թուրք 33 զինվորներ, Թուրքիան պատասխան հարված հասցրեց սիրիացիներին՝ օգտագործելով մարտական դրոններ ու խփեց սիրիական 3 կործանիչ: 2015-ին թուրքական F-16-ը խփեց ռուսական Су-24-ը, սակայն երկու երկրներին հաջողվեց խուսանավել ուղիղ բախումից ու նրանք ջանում են պահել ստատուս քվոն: Թուրքիան Սիրիայի հյուսիսում 7 600 զինծառայող ունի, որ գործում են դրոնների ու ավիացայի աջակցությամբ: Ռուսական կործանիչները աջակցում են սիրիական բանակին, որ ձգտում է վերադարձնել Իդլիբը՝ Սիրիայի վերջին տարածքը, որ ապստամբների վերահսկողության տակ է: Հիմա այդ շրջանում կան ռուս խորհրդականներ ու ռազմական ոստիկանություն, նաև՝ վարձկաններ: Հեշտ է պատկերացնել տարբեր սցենարներ, երբ թուրք ու ռուս զինվորները ուղղակի բախման մեջ են հայտնվում: Օրինակ՝ սիրիական բանակի վրա թուրքերի հարձակման ժամանակ ռուս խորհդականները կարող են վիրավորվել և օգնության կանչել իրենց ավիացիային: Կամ թուրքական ինքնաթիռները կարող են պատահաբար խփել ռուսականներին՝ ընդունելով սիրիականի տեղ, և այդ դեպքում Ռուսաստանը ի պատասխան կխփի թուրքական ավիացիային: Ոչ Մոսկվային, ոչ Անկարային առճակատում պետք չէ, բայց ոչ մեկը, ոչ մյուսը չի կարող կռվից փախչել՝ գտնում է Կոֆմանը. «Երկու կողմերն էլ ջանում են խուսափել կոնֆլիկտից, բայց ոչ մեկը չի հաշտվի մարդկային կորուստների հետ և պատասխան որոշակի քայլեր կանի»: Թուրքիան ու Ռուսաստանը բարդ հարաբերություններ ունեն և բազմիցս պատերազմել եմ 17- 20-րդ դարերում: «Այդ պատերազմները Թուրքիայի համար լավ չեն ավարտվել»՝ կատակում է Կոֆմանը: Բայց հիմա պարադոքսալ իրավիճակ է: Սիրիայում երկու երկրների լարվածությունը սկսվեց նրանց մերձեցումից հետո, որ շարունակվում է մի քանի տարի: Ինչ-որ ժամանակ Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավային հենակետն էր ու դիմակայում էր խորհրդային էքսպանսիային, բայց հիմա գնում է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր՝ հարուցելով ԱՄՆ-ի զայրույթը այնքան, որ Թրամփի վարչակարգը նրան դուրս է շպրտում F-35-ի ծրագրից:


Հարցը մեկն է՝ իրո՞ք Թուրքիան ու Ռուսաստանը անհաշտ նպատակներ ունեն, թե՞ նրանց նպատակները պարզապես տարբեր են, և նրանք կարող են փոխշահավետ պայմանավորվել: Թուրքիայի զորքերը օկուպացրել են հյուսիս-արևելյան Սիրիան իբր բուֆերային գոտու ստեղծման համար սիրիացի քրդերի, որ ձևավորել են սեփական շրջան ու անջատվել պետությունից, և Թուրքիայի քրդերի, որ վաղուց պայքարում են իշխանությունների դեմ՝ ձգտելով անկախության, միջև: Թուրքիան ուզում է տեսնել Բաշար Ասադի պաշտոնանկությունը, նաև այն պատճառով, որ Իդլիբում սիրիացիների հարձակման պատճառով համարյա միլիոն փախստականներ ուղղվել են դեպի թուրքական սահման: Ռուսաստանը լի է Սիրիայի վարչակարգը պահպանելու վճռականությամբ: Մոսկվան ու Դամասկոսը դաշնակիցներ են 1960-ականներից և Սիրիայի նավահանգստային Տարտուսում Ռուսաստանի միակ արտասահմանյան ռազմածովային բազան է տեղակայված: Հաստատ վճռելով կանգնեցնել սիրիացի ապստամբներին, որ մոտ էին կառավարության գահընկեց անելուն, Մոսկվան այնտեղ ուղարկեց իր ավիացիան, որ Իրանի զինվորների ու Լիբանանի Հեզբոլահի հետ էականորեն օգնեցին Սիրիայի բանակին, որ վերադարձրեց տարածքի մեծ մասը:


«Կա ընկալում, որ ռուս զինվորականները կխառնվեն մարտական գործողություններին Սիրիայի վարչակարգի կողմից, եթե հարցականի տակ լինի նրա կայունությունն ու գոյությունը,-ասում է Կոֆմանը:-Սակայն նրանք չեն պատրաստվում խառնվել սիրիական զորքին Իդլիբում: Ռուսաստանին Իդլիբը պետք չէ»: Այնուամենայնիվ, փորձագետները գտնում են, որ Իդլիբում հրադադարի ցանկացած համաձայնագիր լավագույն դեպքում ժամանակավոր է: «Իվերջո ռուսները կաջակցեն Սիրիայի կառավարությանը, որ ձգտում է վերադարձնել այդ տարածքները,-գտնում է Center for Strategic and International Studies-ի թուրքական նախագծի տնօրեն Բուլենտ Ալիռեզան:-Առայժմ Պուտինը հաճույքով ձգում է ժամանակը՝ դիտելով ինչպես է Սիրիան կուլ տալիս ու մարսում տարածքները, որ նախկինում վերահսկում էր ընդդիմությունը»:
Մայքլ Պեկ, The National Interest (ԱՄՆ)


Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ավելի ուժեղ հարվածներ կհասցնի, եթե Դամասկոսը չդադարեցնի հրադադարի խախտումներն Իդլիբում: «Մենք ուշադիր հետևում ենք ռեժիմին և այն ամենին, ինչ հրադադարի սահմանին անում են ռեժիմին աջակցող աշխարհազորայինները: Եթե նրանք իրենց խոսքի տերը չլինեն, մենք նախորդից ավելի ուժեղ հարված կհասցնենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Անկարան Մոսկվային արդեն տեղյակ է պահել հրադադարի ռեժիմի մի քանի խախտումների մասին և կոչ է արել քայլեր ձեռնարկել դրանք կանխելու համար: Էրդողանը դիմել է ԱՄՆ-ին՝ թուրք-սիրիական սահմանի պաշտպանության աջակցություն խնդրելով՝ Պենտագոնից պատասխանել են, որ Թուրքիան կստանա «Պետրիոտ» համակարգեր, եթե հրաժարվի ռուսական Ս-400-ներից: Էրդողանը Բրյուսելում պահանջել է 3 միլիարդ եվրո և սպառնացել, որ եթե չստանա, փախստականները կլցվեն Հունաստան: Իսկ Պուտինին Մոսկվայում Էրդողանը առաջարկել է համատեղ գործարկել նավթային հանքավայրերը Սիրիայի Դեյր էլ-Զոր նահանգում՝ հայտնում է Reuters-ը: Առաջարկվում է գործարկել նավթահորերը նրանց փոխարեն, ովքեր այժմ վերահսկում են այդ տարածքները՝ Էրդողանը նրանց անվանել է «ահաբեկիչներ»: Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ քննարկում է այդ առաջարկը: Էրդողանն ասել է, որ նույն առաջարկը կարող է անել նաև Դոնալդ Թրամփին: Անցյալ տարվա նոյեմբերի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կպահպանի Սիրիայում նավթի վերահսկողությունը: ԱՄՆ գեներալ Մարկ Միլլին ասել է, որ զինված ուժերը պարեկություն կկատարեն Դեյր էլ-Զորի Conoco նավթային հանքավայրերում:
Ահա այսքան բազմազան Էրդողան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ