Ազգային ժողովի մարդու իրավունքների և հարակից հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, Ամերիկայի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի նման, փնտրում է «Եվրոպայի հեռախոսահամարը». «ժողովրդավարության ու մարդկության համար օրենքներ գրած Եվրոպան այժմ աչք է փակում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա: ՈՒ՞մ զանգել, էլ ինչպե՞ս բացատրել աշխարհին ու մարդկությանը, որ Արցախում ոչ թե զուտ հողի կամ տարածքի համար մղվող կռիվ է, այլ գոյաբանական պայքար»:
«ԵԽԽՎ մշտական հանձնաժողովն օրերս Արցախում ընթացող ռազմական գործողությունների հարցով հրատապ քննարկում էր կազմակերպել, մասնակցում էին ոչ միայն նշյալ հանձնաժողովի անդամ պատգամավորները, այլև հայկական և ադրբեջանական պատվիրակությունները: Զավեշտի ու ցինիզմի էր հասնում ադրբեջանցի պատվիրակների խոսքը, երբ ասում էին, թե, արցախյան զինուժի կազմում ահաբեկչական խմբեր կան, կամ հայերը ոչնչացնում են ադրբեջանական բնակավայրերը: Սուտ ու կեղծիք էին տարածում մի պետության ներկայացուցիչներ, ովքեր թքած ունեն իրենց ստորագրած միջազգային բոլոր կոնվենցիաների վրա, ովքեր օգտագործում են արգելված զինատեսակներ, եկեղեցի են ռմբակոծում և այլն: Իմ բողոքը, առաջին հերթին, ուղղված է միջազգային հանրությանը, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ այսօր Հայաստանը և Արցախը կռվում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ: Ահաբեկչությամբ մտահոգված բոլոր պետություններն օր առաջ պետք է հակաահաբեկչական կոալիցիա կազմեն, պայքարեն Թուրքիայի և նրա անմիջական մասնակցությամբ ադրբեջանական բանակ ներթափանցած ու այժմ կռվող վարձկանների դեմ»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ եթե պատերազմը տարածաշրջանի սահմանից դուրս գա, թափանվի պես գլորվելով մինչև Եվրոպա է հասնելու, ու եթե միջազգային հանրությունը դա չի հասկանում, շարունակում է «լղոզված» հայտարարություններով, մտահոգություններով ու կոչերով հանդես գալ, շատ դեպքերում անգամ կողմերի միջև հավասարության նշան է դնում, ահաբեկչական այդ «դագանակը» չոքելու է «միջազգային հանրություն» կոչվածի դռանը. «Կարևորում եմ, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան հստակ արձանագրեցին, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում վարձկան-ահաբեկիչների ներգրավումը թուրքական ձեռագիր է: Սակայն միայն արձանագրելը բավարար չէ: Եթե ՆԱՏՕ-ն չի բռնում իր անդամ Թուրքիայի ձեռքը, այդ «ուղտը» կարող է Եվրոպայի շեմին էլ չոքել: Կասկած անգամ չունեմ, որ Թուրքիայի ուղղակի հրահանգն էր, որ Ադրբեջանը խախտի Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի ռեժիմը: Այս հանգամանքը նույնպես աշխարհին ու սթափ հանրությանը մտածելու լուրջ առիթ պետք է տա, որովհետև Թուրքիան արդեն ահաբեկչական պետություն է»:
«Ինչո՞ւ Եվրոպային ձեռնտու չէ ուղիղ ու հասցեական հայտարարություններ անելը»։ Այս հարցին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այսպես արձագանքեց. «Յուրաքանչյուր պետություն իր շահն ունի, ու որքան էլ ամեն մեկը հասկանում է՝ ինչ է կատարվում, առաջնորդվում է այդ պահին իրեն ձեռնտու քաղաքական ու տնտեսական մոտեցմամբ: Եվրոպական մի շարք երկրներ այս պահին շահ ունեն թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից, բայց պետք է նաև հասկանան, որ ինչքան էլ կարևոր լինեն տնտեսական ու քաղաքական շահերը, լռությամբ ոտնահարում են բոլոր այն արժեքները, որոնք ամրագրված են իրենց իսկ սահմանադրություններում։ Եթե այսօր հումանիտար այս ճգնաժամն Արցախում է, երաշխիք չկա, որ վաղը-մյուս օրը Եվրոպայում չի լինելու: Հետևաբար, ամեն մի երկիր, որ այս կամ այն թելով՝ տնտեսական շահից մինչև քաղաքականություն, կապված է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, պետք է հասկանա՝ սա մարդեղենության, մարդ մնալու ու գոյաբանության հարց է»:
Շեշտադրվեց մեկ այլ ցավոտ հարց. Հայաստանում այսօր շրջանակներ կան, որ հետևողականորեն հակառուսական տրամադրություններ են հրահրում: «Ռուսաստանը ոչ միայն մեր ռազմավարական գործընկերն է. ՀԱՊԿ-ի շրջանակներում կոնկրետ պայմանավորվածություններ ունենք ՌԴ-ի հետ: Վստահ եմ, որ ՌԴ-ն մինչ այս պահն ու այժմ արել ու անում է իրենից կախված հնարավոր ամեն բան»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ