Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հարութ Սասունյան. «Քլինթոնը պետք է կրի մեղքի իր բաժինը հայ զինվորների սպանության համար»

 Հարութ Սասունյան. «Քլինթոնը պետք է կրի մեղքի իր բաժինը հայ զինվորների սպանության համար»
13.06.2012 | 00:15


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Արյունալի գործողությունների ողբերգական շարքը կրկնվում է հայ-ադրբեջանական սահմանին մարդկային մեծ կորստի գնով: Ամեն անգամ, երբ ղարաբաղյան հակամարտության նպատակով բարձրաստիճան պաշտոնյանների այցելություններ կամ միջազգային հանդիպումներ են պլանավորվում, Ադրբեջանն անպայման հարձակումներ է իրականացնում հայ սահմանապահների վրա, ինչի հետևանքով գրանցվում են բազմաթիվ զոհեր:

Ադրբեջանի ղեկավարները հույս ունեն, որ նման թշնամական գործողություններով միջնորդ երկրների ուշադրությունը կհրավիրեն հակամարտության կարգավորման հրատապության վրա՝ ճնշում գործադրելով Հայաստանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս Արցախի հարցում տարածքային զիջումների գնա:

Անցյալ շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելեց կովկասյան հանրապետություններ: Երևան ժամանելու օրն ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին հայկական երկու դիրքերի վրա, ինչի հետևանքով երեք զինծառայող զոհվեց, շատերն էլ վիրավորվեցին: Հաջորդ օրերին գրանցվեցին ադրբեջանական այլ հարձակումներ, որոնք ստիպեցին հայերին հակահարված տալ, ինչի հետևանքով հիմնականում ադրբեջանական կողմը կրեց տասնյակ կորուստներ:

Հայերն ակնկալում էին, որ առաջին հարձակումից հետո պետքարտուղար Քլինթոնը խստորեն կդատապարտի Ադրբեջանին: Անկասկած, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունը հաշվարկված էր այնպես, որ այն համընկնի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցի հետ: Սակայն պետքարտուղարը կոչ արեց երկու պետություններին զերծ մնալ ռազմական գործողություններից՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը ,կարելի է լուծել բացառապես խաղաղ միջոցներովե: Քլինթոնի անընդունելի հայտարարությունը ագրեսորներին հավասարեցրեց զոհերի հետ: Ավելին, չդատապարտելով ադրբեջանական հարձակումները` նա իրոք քաջալերեց Ադրբեջանին, որպեսզի հավելյալ ագրեսիվ գործողությունների դիմի Հայաստանի դեմ:

Քանի որ բոլորը քաջատեղյակ են, որ Ադրբեջանը նմանատիպ հարձակումները պլանավորում է այնպես, որ դրանք համընկնեն բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարածաշրջան այցի հետ, ապա մինչև ճանապարհ ընկնելը պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետք է զգուշացրած լիներ Ադրբեջանին, որ վերջինս զերծ մնա որևէ թշնամական գործողություններից տարածաշրջանում իր գտնվելու ընթացքում:

Պետական դեպարտամենտը պետք է Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ տված լիներ, որ Քլինթոնի այցի ընթացքում հրադադարի ցանկացած խախտում անձնական վիրավորանք կհամարվեր հատկապես պետքարտուղարի համար`չթողնելով նրան այլ ընտրություն, քան չեղյալ հայտարարեր իր` Բաքու այցը: Նույնիսկ եթե նախապես նման զգուշացում չտրվեր, այնուամենայնիվ հարձակումներից հետո Քլինթոնը պետք է հրաժարվեր Բաքու իր այցից: Ցավոք, քարտուղարն ադրբեջանական նավթը հայկական արյունից բարձր գնահատեց: Իր այս քայլերով նա վնաս հասցրեց ԱՄՆ-ի միջազգային հեղինակությանը և բարոյական կերպարին:

Քանի որ սա կարող է լինել Քլինթոնի տարածաշրջան վերջին այցը (տարեվերջին նա
հեռանում է պետական ծառայությունից), ցավալի է, որ նա իր հետևում կթողնի բռնության և հակամարտության, այլ ոչ թե խաղաղության և հաշտեցման ժառանգություն: ԱՄՆ պետքարտուղարը հավանաբար եկել էր Երևան և Բաքու` խրախուսելու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, սակայն տարածաշրջանում նա առաջացրեց ավելի անկայունություն, քան նախկինում:

Մեկ այլ գործոն, որը խրախուսեց ադրբեջանական հարձակումները 1994 թվականից ի վեր զինադադարի խախտմանը հայերի կողմից ոչ արժանի հակահարված տալն էր: Պարզապես կրակ արձակելով` հայերը չէին կարողանա զսպել ադրբեջանական ագրեսիան: Պետք է ձեռնարկվեին այլ քայլեր հասկացնելու ալիևյան վարչակազմին, որ հրադադարի խախտումը թանկ կնստի նրանց վրա: Պատասխան կրակ արձակելու փոխարեն հայերը պետք է չեզոքացնեին հարձակումներ նախաձեռնող ադրբեջանական ռազմական դիրքերը:

Չնայած ոմանք մտավախություն ունեն, որ հայերի կողմից ավելի ուժեղ հակազդեցությունը կհանգեցնի լայնատարած բախումների, այնուամենայնիվ նման մտահոգություններն անտեղի են, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ մղելու, ինչպես փաստում է ռազմական փորձագետների մեծ մասը: Վաղաժամ պատերազմ սկսելու դեպքում լուրջ վտանգ կա, որ ադրբեջանցիները կկորցնեն հավելյալ տարածքներ և կունենան հսկայական տնտեսական կորուստներ:

Ադրբեջանական հետագա ագրեսիան կանխելու և հայկական կողմի զոհերի թիվը նվազեցնելու նպատակով, ստորև ներկայացված են յոթ առաջարկներ, որոնք կարող է նախաձեռնել Հայաստանը, եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարի ռեժիմը`

- հակահարված տալ՝ նշանակետ բռնելով Ադրբեջանի նավթի արդյունաբերության վրա, ոչնչացնելով գազատար և նավթատար խողովակները: Լավագույն պաշտպանությունը լավ հարձակումն է:

- ձեռնարկել քայլեր՝ ադրբեջանական դիպուկահարներին չեզոքացնելու ուղղությամբ, ովքեր պարբերաբար նշանակետ են բռնում Հայաստանի սահմանապահների և մոտակա գյուղերի խաղաղ բնակչության վրա:

- յուրաքանչյուր հարձակումից հետո անորոշ ժամանակով դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ: Չի կարելի խոսել խաղաղության մասին և միևնույն ժամանակ կռվել:

- պահանջել բոլոր երկրներից զերծ մնալ Ադրբեջանին զինամթերք վաճառելուց:

- հորդորել ՀԱՊԿ-ին (հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)՝ պաշտպանական դաշինքին, որի կազմում մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկիստանը, որպեսզի նրանք զգուշացնեն Ադրբեջանին, որ Հայաստանի վրա հետագա ցանկացած հարձակման դեպքում, ՀԱՊԿ-ի անդամ երկրները հավաքական ռազմական հակահարված կտան:

- հայտարարել, որ Ղարաբաղի հակամարտության հարցերում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը համարվում է թշնամական արարք և ուստի հետ վերցնել հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը:

- ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն և հրավիրել այլ երկրներին վարվել նույն կերպ:

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ