Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԲՀԿ-ն էլի «պլստաց»

ԲՀԿ-ն էլի «պլստաց»
14.05.2013 | 18:54

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր եկեղեցու բացման ժամանակ ասել է, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, բայց ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել նրան, ինչը օգուտ է երկրին և ինքը քաղաքականություն է մտել հենց դրա` երկրի զարգացման, հզորացման համար: Արտառոցն այստեղ այն չէ, որ Ծառուկյանը սառը ջուր է լցրել նրանց տաք գլուխների վրա, ովքեր դեռ հույս ունեին, թե` ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմություն հռչակի, այլ այն, որ ըստ ԲՀԿ առաջնորդի երկրի հզորացմանն օգուտ բերելն ու ընդդիմադիր լինելը միանգամայն հակառակ արժեքներ են: Համաձայն Ծառուկյանի դատողության ստացվում է, որ քաղաքական ուժը, որը ներկայանում է իբրև ընդդիմություն, դեմ է երկրի հզորացմանն ու զարգացմանը: Սա քաղաքագիտության մեջ, թերևս, նոր թեզ կարելի է համարել ու մնում է խնդրել Ծառուկյանին, որ բացատրի, թե ինչպես է, որ ընդդիմադիր լինելը խանգարում է երկրին օգուտ բերելուն: Իհարկե, կարելի է ենթադրություններ անել ելնելով նրանից, թե ով է հնչեցրել այս չակերտավոր հանճարեղ միտքը: Ծառուկյանը բիզնեսմեն է, գործարար, և ինչպես բիզնեսով զբաղվող բոլոր մարդկանց, այնպես էլ նրա համար օգտակարության առաջին չափանիշը … փող աշխատելն է: Այսինքն` ըստ ԲՀԿ ղեկավարի, փող աշխատելը, ինչ-որ հարկեր վճարելն ու, ասենք, մի հազար հոգի աշխատող պահելը ավելի օգտակար գործեր են, քան պայքարելը երկրի ժողովրդավարության, սահմանադրական կարգի հաստատման, կոռուպցիայի վերացման և այլ նման բաների համար: Ինչ խոսք, հարկեր վճարելն ու բարեխիղճ գործատու լինելը նույնպես կարևոր են, և գործարար Ծառուկյանի համար սրանք կոնկրետ, շոշափելի արժեքներ են, ինչպես փողը, իսկ այ, պայքարը հանուն ժողովրդավարության, վերացական մի բան է, մանավանդ, որ պայքարի վերջը Ծառուկյանը չի տեսնում:
ԲՀԿ-ն, ինչպես մեկ տարուց ավելի խաղեր տվեց ընդդիմադիրի-չընդդիմադիրի արանքում, այնպես էլ ժամանակը եկավ ու պլստաց, այն էլ` եկեղեցու օծման սուրբ օրով: Իսկ ընդդիմությո՞ւնը: Մասնավորապես ՀԱԿ կուսակցությունը, որի առաջնորդը, իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո, կաթիլ-կաթիլ փորձում է Ծառուկյանի բիզնես -մտածողությանը գաղափարական բարձր արժեքներ ներարկել: Իհարկե, ընդդիմադիր այս ուժը կարող է ասել, որ ԲՀԿ-ն ոչ ընդդիմություն է, ոչ էլ իշխանության հետ է, բայց սա ավելի շատ կնմանվի գլուխն ավազների մեջ մտցրած ջայլամի կեցվածքին, երբ մարմնի մի շատ կարևոր հատված մերկ է ու բոլորին ի տես: ԲՀԿ-ն նման է այն տանկին, որը երկու բանակների միջնագծով զգույշ անցնում է, առանց գիծը միլիմետր անգամ խախտելու, որ չլինի թե մեկնումեկը հակառակորդի տեղ դնի ու կրակի, իսկ բանակներից յուրաքանչյուրը հույս է փայփայում, թե այդ կարևոր, այսպես ասած, ռազմամթերքը հենց իրենն է: Սակայն շատ էական մի նրբերանգ այս հանգրվանում. կողմերից մեկը միշտ ավելի վստահ է լինում իր` «սեփականատեր» լինելու մեջ, քան մյուսը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ