Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ընտրություններն ու հետընտրական շրջանը Թուրքիայում անցնցում չեն անցնելու»

«Ընտրություններն ու հետընտրական շրջանը Թուրքիայում անցնցում չեն անցնելու»
05.06.2018 | 02:53

Թhուրքիայում հունիսին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ, խոսելով նախընտրական շրջանում Թուրքիայում առկա խնդիրների մասին, նկատում է, որ այս երկիրն ընտրությունների գնում է ներքին ու արտաքին դրամատիկ զարգացումների պայմաններում։

«Նախագահ Էրդողանն առաջադրված թեկնածու է, կփորձի պահպանել և ամրապնդել իր դիրքերը, սակայն պետք է հասկանալ, թե դա ինչ գնով է լինելու, ինչ պայմաններում է տեղի ունենալու, և ինչ է Էրդողանի կառավարումն ընդհանրապես տվել Թուրքիային։ Առանց այդ խնդիրը հասկանալու չենք կարող որոշակի գնահատականներ տալ Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը»,- ասում է մեր զրուցակիցը։


Որո՞նք են Թուրքիայի ներքին խնդիրները։ Ըստ Կարեն Սիրունյանի՝ ներքին հարցերում Թուրքիան ունի մի շարք չլուծված հարցեր, այդ թվում՝ քրդական, ինչը շատ կարևոր ու մտահոգիչ է այդ երկրի համար, ինչպես Հայկական հարցը. «2016 թ. հուլիսյան հեղաշրջման փորձից ի վեր շարունակվող բռնաճնշումները, անհարկի ձերբակալությունները, տարբեր քաղաքական գործիչների, բանակի սպայական կազմի, մամուլի և այլ կազմակերպությունների ու մարդկանց նկատմամբ ռեպրեսիաները հիշեցնում են մեզ խորհրդային տարիները, հատկապես ստալինյան բռնաճնշումների քաղաքականությունը։ Ազգի դավաճանների համակարգ է մշակվել, ինչը խարխլում է Թուրքիայի ներքին կայունությունը»։


Թուրքագետը մատնանշում է Թուրքիայում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված։ Սրան գումարվեցին նաև տնտեսական խնդիրները, հատկապես լիրայի օրեցօր արժեզրկումը, տնտեսության վատթարացումը, ինչը պայմանավորված է Թուրքիայի վարած քաղաքականության և Արևմուտքի քողարկված ու չհայտարարված պատժամիջոցներով։ Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, Թուրքիան պատերազմական դրության մեջ գտնվող երկիր է, ինչն անմիջականորեն կամ ուղղակիորեն ազդում է այդ երկրի տնտեսության վրա։
Ի՞նչ է արել Էրդողանն արտաքին քաղաքականության առումով: Վերջին զարգացումներին անդրադառնալով՝ թուրքագետը նշում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գրեթե 60 տոկոսով ձախողված է։ Միապետի դիրքերից Էրդողանի հանդես գալը մեծապես մեկուսացրեց երկիրը միջազգային արենայում։ Արևմուտքն իր շեշտադրված քաղաքականությունը հենում է ժողովրդավարական սկզբունքների տարածման վրա, ինչին Թուրքիան բացարձակապես չի համապատասխանում։ Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները, ըստ մեր զրուցակցի, վերջին տարիներին հասան կրիտիկական կետի ու լարվածության բարձր աստիճանի. «Թուրքիայի ներկայիս իշխանությունները ցանկալի չեն ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպական միության համար։ Որպես օրինակ կարող ենք բերել Գերմանիայի կանցլերի և Ավստրիայի վարչապետի բոլորովին վերջերս արած հայտարարությունները, ըստ որոնց՝ այսօրվա Թուրքիան տեղ չունի եվրոպական հանրության մեջ։ Ես չեմ կարծում, թե ԱՄՆ-ում սրան համակարծիք չեն։ Վերջինիս կարծիքը, ի դեպ, Թուրքիայի իշխանության համար շատ մեծ նշանակություն ունի»։


Կարեն Սիրունյանը նկատում է, որ Էրդողանի կառավարման տարիներին ձախողվեց հատկապես Դավութօղլուի՝ «զրո խնդիր հարևանների հետ» ծրագիրը։ Թուրքիային ոչ միայն չհաջողվեց հարթել իր խնդիրները հարևանների հետ, այլև նորերը ստեղծվեցին, հատկապես նոր արտգործնախարար Չավուշօղլուի օրոք։ Էրդողանի կառավարման օրոք տապալվեց նաև հայ-թուրքական սահմանների բացման հարցը, որը, ի դեպ, Արևմուտքին շատ հուզող խնդիրներից մեկն էր։ Այդպիսով ևս մեկ անգամ ցույց տրվեց միջազգային հանրությանը, որ կառուցողական ու կարգավորիչ հարաբերությունների պատրաստ չէ։


Կարեն Սիրունյանը նշում է, որ Իսրայելի հետ կապված լուրջ թնջուկ գոյություն ունի, որը ստեղծվեց ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո. «Սա Թուրքիայի համար բացասական երևույթ է՝ իր բացասական հետևանքներով, քանի որ Ամերիկայի և Իսրայելի հետ հակասությունները կատակ բան չեն և նշանակում են հակասություն գրեթե ամբողջ աշխարհի հետ։ Բնականաբար, Էրդողանն ընտրություններից առաջ իրեն դրեց լուրջ հարվածի տակ և առավել քան երբևէ խոցելի է։ Ամերիկան և Իսրայելը կմիջամտեն Թուրքիայի ընտրություններին, քանի որ ԱՄՆ-ի, Իսրայելի, ԵՄ-ի համար Թուրքիայի նախագահի թեկնածու Էրդողանը ցանկալի չէ։ Նրանք ամեն կերպ միջամտելու են և Էրդողանի համար ստեղծելու են խնդիրներ»։


Ի՞նչ կռվաններ ու խաղաքարտ ունի Էրդողանն այս պայմաններում։ Ըստ թուրքագետի՝ խաղաքարտերից մեկն այն է, որ նա իր ձեռքում կենտրոնացրել է գրեթե բոլոր իշխանական լծակները, բոլոր ոլորտներում կա լուրջ վերահսկողություն, և այդ վերահսկողությունն իրականանում է Էրդողանի նշանակած մարդկանց միջոցով։ Սա լուրջ խաղաքարտ է ընտրությունների ամբողջ ընթացքի վրա ազդելու համար։


«Հաջորդ խաղաքարտը ազգայնականության քարոզն է, որը հատկապես աշխատեց Աֆրինի դեպքերի ժամանակ, ինչը որպես հաջողություն Էրդողանը գրանցեց իր հաշվին։ Համենայն դեպս, սա Թուրքիայում մեծ ոգևորության և ազգայնական տրամադրությունների ալիքի տեղիք տվեց։ Միաժամանակ ազգայնական ալիքն օգտագործվում է ԱՄՆ-ի, Իսրայելի և Եվրոպայի դեմ քարոզչության մեջ, որտեղ վերջիններս ներկայացվում են թշնամու կերպարով և որպես չարիք։ Էրդողանի օգտին կարող է ծառայել «Հարավային հոսք» նախագծի իրագործման փաստը. պատահական չէ, որ բացման արարողությունը հենց առաջիկա օրերին է նշանակված։ Սա լուրջ կռվան է Էրդողանի ձեռքին, բայց հղի է այլ վտանգներով։ Էրդողանը սրանով լուրջ առավելություն է ստանում Եվրոպայի և արտաքին աշխարհի նկատմամբ, քանի որ փորձում է դառնալ գազ մատակարարող հիմնական միջանցքը։ Նա կարող է խաղարկել այս հանգամանքը՝ ծառայեցնելով այն արևմտյան աշխարհի դեմ։ Արևմուտքում սա հասկանում են։ Որքան էլ Արևմուտքում շահագրգռված են Ռուսաստանի գազի և նավթի այլընտրանքներ փնտրելու հարցում, այնուամենայնիվ մտահոգված են և փորձելու են Թուրքիային վերադարձնել վերահսկողության դաշտ՝ թույլ չտալու համար վերջինիս դիրքերի ուժեղացում։ Այս համատեքստում փորձելու են միջամտել ընտրություններին և իրենց ձեռքը վերցնել ընտրությունների ընթացքը՝ իշխանության բերելով ավելի վերահսկելի մարդկանց կամ կուսակցությունների»,- ասում է Կարեն Սիրունյանը։


Ինչպիսի՞ն է այսօր ուժերի դասավորվածությունը Թուրքիայում։ Այն, ըստ մեր զրուցակցի, բավականին հետաքրքիր երանգներ ունի։ Թուրքիայի ամենալուրջ թեկնածուն չեզոքացված է։ Նա Ֆեթուլլահ Գյուլենն էր։ Ի դեպ, Գյուլենը մեկ-երկու տարի առաջ լուրջ ընդդիմություն և առաջնորդ էր Թուրքիայում։ Այսօր, սակայն, Էրդողանն իր վարած քաղաքականությամբ և քարոզչությամբ նախ չեզոքացրել է Գյուլենի հեղինակությունը ընդհուպ մինչև այն, որ վերջինս համարվում է ժողովրդի թշնամի, Արևմուտքի դրածո։ Թուրքիայում այսօր մեծ ժողովրդականություն է վայելում այս քարոզչությունը։ Ըստ այդմ, գրեթե զրոյի են հասցված Գյուլենի հնարավորությունները։


«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին նույնպես սատարում է Էրդողանին։ Էրդողանը խնդիր ունի ամրացնելու իր դիրքերը, Թուրքիան զերծ պահելու միջամտություններից, և հենց դրա համար էլ անցկացվելու են արտահերթ ընտրությունները, որպեսզի կարողանան կանգնեցնել որոշակի ծրագրեր՝ քրդական պետության ստեղծում, վերահսկողության սահմանում և այլն։


Ինչ վերաբերում է քրդերին, Կարեն Սիրունյանը նշում է, որ նրանք հետաքրքիր գաղափարներով են հանդես գալիս՝ հայ-թուրքական սահմանների բացում, Ցեղասպանության ճանաչում և այլն։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթդին Դեմիրթաշն այժմ գտնվում է ազատազրկման մեջ, բացի այդ, Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են նախագահ դառնալ։ Քրդերը բազմիցս հայտարարել են քրդական պետություն ստեղծելու մասին, ուստի ենթադրելի է, որ թուրքերը չեն ընտրի մի նախագահի, որը պատրաստվում է տրոհելու Թուրքիան։ Սա ռեալ չէ Թուրքիայի պարագայում, թեև Արևմուտքի համար քրդերը լավ այլընտրանք են։


Ընդդիմության այսօրվա միակ լուրջ առաջատարը Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է, նա բավականին մեծ վարկանիշ ունի։ Ինչպես ցույց են տվել վերջին զարգացումները, այդ գործիչը կարող է հրապարակ դուրս բերել մի քանի միլիոն մարդու։ «Իմ կարծիքով Արևմուտքը խաղադրույք կկատարի հենց նրա վրա։ Ընտրություններն ու հետընտրական շրջանը Թուրքիայում, ամենայն հավանականությամբ, անցնցում չեն անցնելու, քանի որ լինելու են միջամտություններ։ Չի բացառվում նաև հեղաշրջումների կամ հեղափոխությունների տարբերակը։ Թուրքիայի համար սա նորմալ է։ Մենք բազմիցս ականատես ենք եղել նման երևույթների, էլի ենք ականատես լինելու, քանի դեռ Թուրքիան չի վերադարձել վերահսկողության դաշտ»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ