Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տպագրվել է իրանահայ երգահան Վարուժան Պարթևի երգերի ժողովածուն

Տպագրվել է իրանահայ երգահան Վարուժան Պարթևի երգերի ժողովածուն
05.07.2018 | 18:20

Առաջիկա օրերին կկայանա իրանահայ երգահան Վարուժան Պարթևի երգերի ժողովածուի շնորհանդեսը։ Այն կազմել-հեղինակել է ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանը։


Վարուժան Պարթևը ծնունդով Նոր Ջուղայից էր։ ՈՒնեցել է հետաքրքիր կենսագրություն. բարձրագույն կրթություն ստացել է Լոնդոնում՝ շինարարական ճարտարագիտություն մասնագիտությամբ։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել Իրանի պետական համակարգում՝ նավթարդյունաբերության ոլորտում։ Դրա հետ մեկտեղ զբաղվել է երաժշտությամբ, թարգմանչական աշխատանքով։ Թարգմանել է Շեքսպիրի պիեսները, հայ գրողների ստեղծագործությունները թարգմանել է պարսկերեն։ Հիմնադրել է երգչախմբեր ու համերգներ ունեցել։ Կյանքի վերջին տարիներին հաստատվել էր հայրենիքում։


Վարուժան Պարթևի գրչին են պատկանում ռոմանսներ, զուգերգեր, մանկական երգեր։ Աննա Մայիլյանին Վարուժան Պարթևի ստեղծագործությունները փոխանցվել են երգահանի դստեր՝ Փյունիկ Պարթևի միջոցով։ Վերջինիս հետ հանդիպումից հետո է միայն երգչուհին տեղեկացել, որ Վարուժան Պարթևն իր կյանքի օրոք շատ է ցանկացել, որպեսզի իր ստեղծագործությունները կատարի Աննա Մայիլյանը։ Երգահանի ցանկությունը նրա մահից հետո ի կատար է ածվել։ Աննա Մայիլյանը բազմիցս կատարել է Պարթևի երգերը։ Թողարկվել է խտասալիկ։ Տպագրված ժողովածուն ամփոփելու է երգերի նոտագրված տարբերակները։ Ժողովածուն կհանձնվի գրադարաններին, ուսումնական հաստատություններին։ Այն ամփոփ ուսումնական նյութ է ուսանողների համար։


Աննա Մայիլյանը նկատում է, որ դստեր հանձնած նյութին ծանոթանալով՝ պարզվեց, որ դրանք կարիք ունեն դաշնակվելու, այսինքն՝ երգերի համար պետք է հատուկ գրվի դաշնամուրային գիծը։ «Կոմպոզիտոր, դաշնակահարներ Հայկ Մելիքյանը և Կարեն Անանյանը դաշնակեցին երգերը։ Ընդ որում, մեղեդիները փոփոխության չեն ենթարկվել՝ հնարավորինս մոտ մնալով բնօրինակին։ Աշխատանքի արդյունքում ստեղծվել են 15 երգ-ռոմանս և 9 մանկական երգ։ Մանկական երգերը շատ գողտրիկ են։ Մանավանդ նոր դաշնակմամբ դրանք դարձել են հրաշալի ստեղծագործություններ։ Յուրաքանչյուր մանկական երգչախումբ կարող է կատարել դրանք։ Սա նոր երգացանկ է։ Մանկական երգերի առումով մենք որոշակի թերի վիճակ ունենք. քիչ երգեր կան, դժվար է գտնել լավ երգացանկ,- ասաց Աննա Մայիլյանը՝ ավելացնելով, որ կատարվել է նաև մեծ աշխատանք, որպեսզի մեր հայ ռոմանսի երգացանկը համալրվի նոր ու գեղեցիկ ստեղծագործություններով։- Ռոմանսները չափազանց մեղեդային են, տաք։ Ընդհանրապես իրանահայ երգահանների մեղեդիները շատ ջերմ են»։


Աննա Մայիլյանը նշում է, որ Պարթևի երգերը շատ հասանելի են ունկնդրին, վստահ է, որ սիրելի կլինեն։ Վարուժան Պարթևն իր երգերը հիմնականում գրել է իրանահայ պոետների բառերի հիման վրա։ Երգ է գրվել նաև Եղիշե Չարենցի բանաստեղության հիման վրա։
Ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 12-ին։ Միջոցառման ընթացքում ոչ միայն կներկայացվի ժողովածուն, այլև կկատարվեն Վարուժան Պարթևի ռոմանսներն ու մանկական երգերը։ Ընդ որում, երգերը կկատարի նաև կոմպոզիտորի թոռնուհին՝ Անին։ Գրքի ստեղծման աշխատանքները հովանավորել է Վարուժան Պարթևի դուստրը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ