Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայաստանն ինձ համար հեռավոր, հեքիաթային երկիր էր, որտեղ մեծացել է հայրս»

«Հայաստանն ինձ համար հեռավոր, հեքիաթային երկիր էր, որտեղ մեծացել է հայրս»
13.07.2018 | 09:05

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի ռեզիդենտ, կոմպոզիտոր ԱԼԵՔՍԵՅ ՇՈՐԻ ստեղծագործությունները փառատոնային 5 համերգների ընթացքում արժանացան հայ երաժշտասերների ջերմ ընդունելությանը։


Շորը հետաքրքիր ճակատագիր ունի՝ ծնվել է Կիևում, դպրոցն ավարտել է Մոսկվայում, տեղափոխվել է Իսրայել, այժմ ապրում է ԱՄՆ-ում, ունի Մալթայի քաղաքացիություն։ Կոմպոզիտորը մաթեմատիկական գիտությունների դոկտոր է։ Ի դեպ, Շորը ճակատագրով կապված է նաև Հայաստանի հետ։ Տարիներ առաջ նրա հայրը բնակվել է Հայաստանում՝ Գյումրիում և Պուշկինոյում, մոտ 12 տարի, և հայաստանյան կյանքի պատմությունները կոմպոզիտորը միշտ լսել է։ «Ես իմ կյանքում միշտ լսել եմ խոսակցություններ այն մասին, որ հայրս մեծացել է Հայաստանում։ Հայաստանն ինձ համար հեռավոր, հեքիաթային երկիր էր, որտեղ մեծացել է հայրս։ Միշտ երազել ենք միասին գալ այստեղ, և դա տեղի ունեցավ։ Մենք եղանք այն վայրերում, որտեղ ժամանակին հայրս ապրել է»,- ասում է նա։


Հայաստանյան վերջին այցելության ժամանակ Շորը խոսեց Հայոց ցեղասպանության մասին։ Կոմպոզիտորն ընդգծեց, որ Մալթայի և Հայաստանի միջև պատմական նմանությունն ինքը նկատել է իր «Մեծ պաշարում» ստեղծագործությունը գրելիս։ Նրա «Մեծ պաշարումը» ներկայացնում է մալթացիների պայքարը Օսմանյան Թուրքիայի բանակի դեմ։ Կոմպոզիտորը նշեց, որ ինքը միշտ իմացել է Հայոց ցեղասպանության մասին, այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին։ Ինչ վերաբերում է Մալթայի և Հայաստանի միջև ընդհանրություններին, ապա ինքը նույնպես իր համար առանձնացրել է, որ Մալթայի Մեծ պաշարումը որոշակիորեն հիշեցնում է Մուսա լեռան հերոսամարտը։ «Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է։ Ավելի քան 100 տարի այն մերժվում ու լռության է մատնվում։ Եվ եթե աշխարհն անմիջապես ինչպես հարկն է արձագանքեր հայերի ցեղասպանությանը, ապա հոլոքոստը գուցե տեղի չունենար»,- ասում է Շորը։ Այսօր նրա ստեղծագործությունները կատարվում են աշխարհի հայտնի բեմերում՝ ճանաչված նվագախմբերի և մենակատարների կողմից, ձայնագրվում են հայտնի ստուդիաներում։


Շորի հաջողության գաղտնիքը, թերևս, նրա արվեստի անսահման երաժշտականությունն է։ Նրա երաժշտությունը շարունակում է դասական երաժշտարվեստի ավանդույթները։ «Նա չի վախենում էքսպերիմենտներից, և թվում է՝ չկա որևէ երաժշտական տարերք, որ նրա գրիչը չի նկարագրել։ Նրա արվեստում կարող ենք տեսնել ամեն ինչ՝ փոքրիկ մենանվագներից մինչև մեծ կտավի սիմֆոնիկ գործեր, այդ իսկ պատճառով նրա երաժշտությունը մշտապես արժանանում է հաջողության և օվացիաների»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Անմոռանալի զգացողություններ եմ ստացել հատկապես հայ հանդիսատեսից։ Չնայած ամռան շոգին՝ մեծ թվով մարդիկ էին գալիս համերգներին։ Ինձ դուր է գալիս նրանց էներգետիկան. հայ հանդիսատեսը շատ բարյացակամ է ու ջերմ»,- իր հարցազրույցներից մեկում նշում է կոմպոզիտորը։


Ջերմ վերաբերմունքը փոխադարձ է։ Հայ հանդիսատեսը նույնպես առանձնակի սիրով ու ակնածանքով է ընդունում Շորի հնչյունները. «Արմենիա» փառատոնի ընթացքում պարգևված երաժշտական վայելքի համար հայ երաժշտասերներն իրենց շնորհակալությունը արտահայտեցին կոմպոզիտորին քանիցս բեմ հրավիրելով ու անվերջանալի ծափեր շռայլելով։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ