«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Քանի որ սա «երրորդ» երկիր է, ամեն ինչ կարելի է անել»

«Քանի որ սա «երրորդ» երկիր է, ամեն ինչ կարելի է անել»
23.10.2018 | 09:43

Օրեր առաջ Երևանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց նշված կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը երբևէ Հայաստանի որևէ իրավասու ատյանում չի քննարկվել և չի համաձայնեցվել: Որպես նախագծի հեղինակ ներկայացվեց ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը: Այս մասին ահազանգում են ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանը և Լևոն Վարդանյանը` խնդրի վրա հրավիրելով Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի և Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուշադրությունը: Ճարտարապետներն իրենց գրած դիմում-նամակում մասնավորապես նշել են, որ արտերկրյա կառուցապատողների կողմից Ազնավուրի կեցավայրի՝ առանց հեղինակի համաձայնության, կամայական փոփոխությունը շատ վատ նախադեպ կարող է դառնալ իրենցից յուրաքանչյուրի ճարտարապետական ստեղծագործությունների ապագայի համար:


«Իրատեսի» հետ զրույցում ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց, որ տեղի է ունեցել պրոֆեսիոնալ էթիկայի և հեղինակային իրավունքի նորմերի կոպիտ խախտում. «Նարեկ Սարգսյանը արդեն գոյություն ունեցող շենքի հեղինակն է, որևէ միջամտության դեպքում անպայման պետք է տեղյակ պահել հեղինակին: Աշխարհում ընդունված ձև է դա»:
Վերաձևումներն ու կամայականությունը կասեցնելու համար ճարտարապետների պալատի հանձնախումբը քննարկելու է հարցը և նամակ է ուղարկելու Ազնավուրի կենտրոնի տնօրենությանը: «Նրանց քայլերը տարակուսանք են առաջացնում մեր մեջ: Եթե նման ձևով ենք սկսելու աշխատել, շատ վատ սկիզբ է: Նրանց մոտ դա սոսկալի պարսավանքի կենթարկվեր: Բայց քանի որ սա «երրորդ» երկիր է, ամեն ինչ կարելի է անել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:


Նկատեցինք, որ սա ճարտարապետների ստեղծագործական իրավունքների ոտնահարման, պատմական, արժեքավոր շինությունները վերաձևելու առաջին դեպքը չէ: Պարբերաբար մեր քաղաքացիները, ճարտարապետները կռիվ են տալիս քաղաքի դիմագիծն աղավաղելու դեմ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` Մկրտիչ Մինասյանն ասաց, որ սա մի քիչ ուրիշ դեպք է. «Մեր պատվիրատուներն, իհարկե, անտեսում էին եղած նախագծերը, բայց հիմա բոլորովին ուրիշ խնդիր կլինի: Որովհետև, ամեն դեպքում, երբ նման միջամտություններ էին լինում, պատվիրատուները պատճառաբանում էին, որ գործատեղեր են ավելացնում, մարդիկ են աշխատելու: Իհարկե, քաղաքն այլանդակվում է նաև նման մոտեցման դեպքում, շատ լավ է, որ աշխատատեղեր են լինում, բայց պետք է հարգել օրենքը: Հիմա, կարծում եմ, նման վիճակն անհանդուրժելի է»:
Կասկադի բարձունքում կառուցված Շառլ Ազնավուրի թանգարանը նորանկախ Հայաստանում պետական միջոցներով կառուցված առաջին մշակութային օջախն է: Շենքի բացումը տեղի է ունեցել 2011-ին: Տնօրենության հավաստմամբ` կենտրոնը գործել կսկսի երկու տարի հետո:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Մկրտիչ Մինասյանից հետաքրքվեցինք նաև` ինչպե՞ս է վերաբերվում Արթուր Մեսչյանին Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակելու որոշմանը: «Մեր հայտնի ճարտարապետներից է, շատ կարող մարդ է, դրսում է աշխատել, ծանոթ է ճարտարապետական բոլոր գործառույթներին: Լավ նախագծեր է արել, դա կօգնի նաև, որ նա հետագայում կարողանա ղեկավարել գլխավոր ճարտարապետի աշխատակազմը»,- ասաց Մ. Մինասյանը, անդրադառնալով մեր դիտարկմանը, որ կարծես պարտադիր հանգամանք է դարձել պետական կարևորագույն պաշտոնները երիտասարդներին վստահելը, ասաց, որ ճարտարապետությունը չի պահանջում արագ վազել, ծանրություններ բարձրացնել, որ երիտասարդ լինելը կարևորվի. «Ճարտարապետությունն այն արվեստն է, որ տարիների հետ փորձառություն է բերում: 20 տարեկանը, 25-ը, նույնիսկ 30-ը երիտասարդ են համարվում, որովհետև պետք է փորձ ձեռք բերեն: Կարծում եմ` Մեսչյանը շատ լավ կաշխատի»:

Դիտվել է՝ 4314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ