Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ուկրաինական կոնֆլիկտի վտանգավոր զարգացումը

Ուկրաինական կոնֆլիկտի վտանգավոր զարգացումը
28.11.2018 | 08:18

Ռուսների և ուկրաինացիների ծովային կիրակնօրյա միջադեպը Ազովի ծովում հիշեցրեց, որ երկու երկրների կոնֆլիկտը չի ավարտվել և ցանկացած պահի կարող է նոր ուժով բռնկվել Le Figaro-ում գրում է Ռենո Ժիրարը: Միջադեպն այդքան էլ լուրջ չէ` զոհեր չկան, ծանծաղուտը խրված նավեր չկան: Բայց կարող է վերածվել ավելի մեծ բախման և հիշեցնում է` որքան վտանգավոր կարող է դառնալ ուկրաինական կոնֆլիկտի խորացումը: 2014-ին Ղրիմի անեքսիան զոհեր չունեցավ: Բայց երկու պատերազմները Դոնբասում (2014-ի ամռանը և 2015-ի ձմռան սկզբին) ուկրաինական բանակի և Լուգանսկի ու Դոնեցկի ռուսամետ ապստամբների միջև (ռուսական ուժերի ընդհատակյա աջակցությամբ) տասնյակ հազարավոր զոհերի հանգեցրին: Ուղղափառ սլավոն եղբայրների այդ կոնֆլիկտը նույնքան աբսուրդ է, որքան կլիներ այսօր բրետոնցիների ու նորմանդացիների բախումը: Ֆրանսիայի ու Գերմանիայի հովանավորությամբ կնքված համաձայնությունը (2015-ի փետրվարին) խաղաղություն պիտի բերեր Դոնբաս: Բայց ուկրաինական իշխանությունները նույնքան քիչ ջանքեր են գործադրում համաձայնության կայացման համար, որքան ռուսները: Եվ Մոսկվայում, և Կիևում իշխանությունները ձգտում են ազգայնականության զսպանակը պրկել: Ուկրաինացիները երազում են ամերիկյան զանգվածային ռազմական օգնություն, որ թույլ կտա հետ վերցնել Դոնբասը սրընթաց գրոհով` ինչպես 1995-ի օգոստոսի 4-ին արեց Խորվաթիան` վերադարձնելով Կրաինան և ստիպելով սերբերին փախչել: Ռուսները տարված են ՆԱՏՕ-ի մշտական ընդլայնման հակվածության սևեռուն գաղափարով: Նրանք ուզում են մեկևընդմիշտ արգելափակել ՆԱՏՕ-ին: Ուկրաինան անջատված տարածքով չի կարող ՆԱՏՕ մտնել` նրանց կարծիքով:


Պատմականորեն ստացվել է այնպես, որ իրենց ռազմավարական հայեցակարգում ռուսները Ուկրաինան միշտ համարել են բուֆերային գոտի Արևմուտքից եկող նվաճողների առաջ (լեհեր, շվեդներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ): Մայդանի հեղինակ ուկրաինացիները, հակառակը, ձգտում են ՆԱՏՕ ու ԵՄ մտնել: Երկու կողմերի այդ մակարդակի ֆրուստրացիան պայթունավտանգ է: Դոնբասի կոնֆլիկտը թարախապալար է, որ քայքայում է միջազգային հարաբերությունները: Ռուսաստանը` Արևմուտքի ծանր պատժամիջոցների տակ, հրաժարվում է նրա հետ համագործակցել համաշխարհային մյուս ճգնաժամերի հաղթահարման համար: Մոսկվան անբնական ալյանս է կոփում Պեկինի հետ:
Հաճախ պատերազմները սկսում են տարածքային վեճերից, որ հետո կռվող կողմերին թվում են աննշան: Շուտով տեղի է ունենալու ԵԱՀԿ նոր նիստ, որտեղ քննարկվելու է են բոլոր սուր հարցերը` ՆԱՏՕ-ի ընդլայնումը, կիբեռպատերազմները, սահմանները հարգելը, ռազմական մանևրները: Բոլորին հայտնի է` ինչ պայմաններ են պետք գործարքի համար` Վաշինգտոնի հրաժարվելը ՆԱՏՕ-ի ընդլայնումից և Մոսկվայի հրաժարվելը ՙազդեցությունների ոլորտների՚ իր հին հայեցակարգից: Միակ անհայտը գործարքի ժամկետն է ու զոհերի թիվը, որ կստիպի գործարքը կնքել:
Ռենո Ժիրար, Le Figaro


Հ.Գ. Կիրակի օրը Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարում է, որ ուկրաինական նավերը խախտել են Ռուսաստանի ծովային սահմանը Ղրիմի մոտ, և ռուսական ուժերը այդ նավերը կանգնեցնելու համար ստիպված են եղել ուժ կիրառել: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կրակ են բացել, ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: Կերչի նեղուցը փակ է:
«Սա վտանգավոր սադրանք է, որը պետք է ուսումնասիրել, հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը կոշտ կասեցնելու է իր ինքնիշխանության ու անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլ: Կերչում տեղի ունեցածը սեփական բնակչության ուշադրությունն ընտրությունների նախօրեին շեղելու փորձ է»` հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ճգնաժամանը հաղթահարելու գործում Բեռլինը կարող է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև Նորմանդյան քառյակի ձևաչափի շրջանակում, բայց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միջնորդների կարիք չի տեսնում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է երկրում ռազմական դրություն հայտարարելու որոշում՝ ընդգծելով, որ դա պաշտպանական և ոչ հարձակողական քայլ է, երեկ Գերագույն Ռադան որոշումը հաստատեց:


Պորոշենկոն պահանջել է Ռուսաստանից անհապաղ ազատել ուկրաինացի ծովայիններին և երեք նավերը։ Նա ակնկալում է արագ արձագանք Մոսկվայից։ Մոսկվան չի պատրաստվում ազատ արձակել ուկրաինացի ծովայիններին: «Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ծովային իրավունքի հարցերով փորձագետ Միխայիլ Վոյտենկոն։ Նրա խոսքով՝ ռուսաստանցի սահմանապահները խուճապի են մատնվել և համարժեք չեն արձագանքել։
Բեռլինը մտահոգված է Կիևի և Մոսկվայի միջև միջադեպով։ Գերմանիայի ԱԳՆ-ում իրավիճակը վտանգավոր են որակում։ ԱԳ փոխնախարարը ասել է, որ դեռ չունի ամբողջական տեղեկատվություն կատարվածի վերաբերյալ, սակայն Ռուսաստանը պետք է ամբողջովին բացի Կերչի նեղուցը բոլոր` այդ թվում ուկրաինական, նավերի համար։ Երկխոսության կոչ է արել նաև Չինաստանը։ Բալթյան երկրներն ու Վրաստանը դատապարտել են Ռուսաստանին կատարվածի համար։


Կանադայի ԱԳՆ-ն պահանջել է, որ Ռուսաստանը արագ վերադարձնի ուկրաինական նավերն ու զինվորականներին։ Նավերում 23 զինվորական կա:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել:
Ուկրաինայի բոլոր ռազմական ուժերը բերվել են մարտական պատրաստվածության։ Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ Boeing RC-135V օդանավը հետախուզական թռիչքներ է կատարելՂրիմի մոտակայքում։
Կիևում ՌԴ դեսպանատան շենքի առջև անդադար բողոքի ակցիաներ են, ՙՄահ Ռուսաստանին՚ կոչերով այրում են ՌԴ դրոշները, այրվել են ռուսական դիվանագիտական համարներով ավտոմեքենաներ:


Մոսկվայում խոսում են պատերազմի մասին, ազգային արժույթն արձանագրել է կտրուկ անկում: Միջադեպը Ազովի ծովում Ուկրաինան համարում է ագրեսիա: Երեկ կայացել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նիստ, որոշվել է, որ ռազմական դրությունը հայտարարվելու է մի քանի ամսով և կրելու է ոչ թե հարձակողական, այլ պաշտպանողական բնույթ: Ուկրաինայի օրենքների համաձայն՝ ռազմական դրության ժամանակ սահմանափակվում են որոշ ազատություններ, այդ թվում՝ չեն անցկացվում ընտրություններ: 2019-ի մարտի 31-ին Ուկրաինայում նախատեսված են նախագահական ընտրություններ: Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի խոսքով՝ ռազմական դրությունը հայտարարվելու է 60 օրով:


Այս ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերը իրարամերժ տեղեկություններ էին տարածում: Կիևը պահանջում է, որ ռուսական կողմը բժշկական օգնություն ցուցաբերի ուկրաինացի զինվորականներին և անհապաղ ազատ արձակի նրանց:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարում է, որ վիրավորվել է երեք զինվորական, և նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը զսպվածության կոչ են արել: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպին: Կապի մեջ ենք ուկրաինական կողմի հետ և զսպվածության կոչ ենք անում կողմերին, կոչ ենք անում Ռուսաստանին՝ բացել Կերչի նեղուցը», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լուգենսկուն: Նեղուցը բացելու և զսպվածության կոչ է արել նաև ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ինչո՞վ կավարտվի այս կոնֆլիկտը: Փաստացի` արդեն ավարտվել է: Պարզապես աշխարհն ուզում է ցույց տալ, որ ինքն էլ մասնակից է կատարվողին և յուրաքանչյուր երկիր ու կողմ առաջ է մղում իր շահերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ