Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Զարհուրելի դեպք էր, ամբողջ Գյումրին գիտեր»

«Զարհուրելի դեպք էր, ամբողջ Գյումրին գիտեր»
12.12.2018 | 23:37

Հայաստանի նոր իշխանությունները պետք է կարգուկանոն հաստատեն Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ հարաբերություններում` Lragir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա անդրադառնում է գյումրեցի կնոջ սպանության դեպքին, որի համար կասկածվում է ռուսական ռամաբազայի զինծառայողը: Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա կնոջ դաժան սպանության կասկածանքով դեկտեմբերի 11-ին ձերբակալվել է ռուս զինծառայող: Սպանությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ին: Կինը քաղաքապետարանի կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցներից էր, վաղ առավոտյան դուրս էր եկել աշխատանքի: Նրան հետապնդել ու դաժան ծեծի էին ենթարկել, կինը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր: Հենց դեպքի օրը Գյումրիում կասկածներ էին եղել, որ ռուս զինծառայող է կնոջը դաժան ծեծի ենթարկել:


Գագիկ Համբարյանի խոսքով, այդ կնոջ սպանության օրն ամբողջ Գյումրին գիտեր, որ սպանության հեղինակը ռուսական ռազմաբազայի զինծառայողն էր: «Ուղղակի զավեշտալի է, երբ մեր նոր իշխանությունները ևս փորձում էին թաքցնել դա, այն դեպքում, երբ ամբողջ Գյուրմրին հենց սպանությունից մի քանի ժամ հետո գիտեր, թե ով է սպանության հեղինակը: Ինձ համար՝ որպես գյումրեցի, բացարձակ անընդունելի է մեր նոր իշխանությունների և կոնկրետ իրավապահ մարմինների վարքագիծը: Սպանության հեղինակի մասին տեղեկությունները լրատվամիջոցներով սկսեցին տարածել ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, և իրենք իրենց ուզածին հասան: Այսինքն՝ իշխանությունները հույսները դրել էին այն բանի վրա, որ ընտրություններից հետո այս տեղեկատվական ահռելի հոսքի մեջ գյումրեցի կնոջ սպանության մասին տեղեկությունը կկորի: Եվ իրոք կորավ, հիմա նոր ամսի 12-ն է, լրատվամիջոցներն սկսել են ուշադրություն դարձնել»,- ասաց Համբարյանը:


Այն հանգամանքը, որ հանցագործի ով լինելը բավական երկար թաքցվում էր, երբ Գյումրիում բոլորը գիտեին, թե ով է հանցագործը, և այն հանգամանքը, որ տեղեկատվությունը միտումնավոր տարածվեց ընտրություններից մեկ օր հետո, երբ ամբողջ հասարակության ուշադրությունը սևեռված էր ընտրություննեի արդյունքների վրա, ըստ քաղաքագետի, իրեն ավելի հոռետես են դարձնում, որ այս իշխանությունները ևս շարունակում են նախորդ իշխանությունների ծածկադմփոց անելու քաղաքականությունը՝ կապված ռուսական ռազմաբազայի հետ:


«Ինչ վերաբերում է հանցագործությանը, պետք է նշեմ, որ սա հերթական զարհուրելի դեպքն է՝ կապված ռուսական ռազմաբազայի հետ: Ես ինքս՝ որպես գյումրեցի, զարմացած եմ, որ անձը, ով պետք է լիներ ռազմաբազայի տարածքում, թրև է եկել քաղաքով մեկ և հարձակվել անպաշտպան կնոջ վրա: Եվ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ռուսական 102-րդ ռազմաբազայում կարգապահությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում»,- ասաց նա:
Իսկ ռուս զինծառայողների այդ վարքագիծը և կրկնվող դեպքերը Գագիկ Համբարյանն անպատժելիությամբ է բացատրում: «Հիմա նույն այդ զինծառայողին ձերբակալել են և նա գտնվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում, ինչպես ժամանակին Պերմյակովի հետ արեցին: Ես չեմ հասկանում, եթե այդ անձը հանցագործությունը գործել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Գյումրի քաղաքի Սլաբոդկա թաղամասում, որը որևէ կապ չունի ռուսական ռազմաբազայի հետ, ի՞նչ իրավունքով են այդ հանցագործին տրամադրել ռուսական կողմին, որպեսզի վերջինս իր նախնական պատիժը կրի բազայի տարածքում»,- հարցադրում է անում քաղաքագետը: Համբարյանի խոսքով՝ քանի դեռ ռուսական ռազմաբազայի հանցագործություն գործած զինծառայողները խստագույն չեն պատժվել, այսպիսի հանցագործությունները շարունակական են լինելու: “ՀՀ ներկայիս իշխանությունները, որոնք նախկինում ընդդիմություն էին, խիստ քննադատում էին ՀՀԿ-ին, որ վերջիններս շատ են տանում ռուսական կողմի նազուտուզը: Հիմա, ես որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որպեսզի ներկայիս իշխանությունները կարգուկանոն մտցնեն ռուսական ռազմաբազայի հետ հարաբերություններում: Մարդիկ իրենց Գյումրիում զգում են անպաշտպան, այդ կնոջ փոխարեն կարող էր լինել ամեն ոք: Այդ կինը գնում էր աշխատանքի և դարձավ մանյակի զոհ: Ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել այդ զինծառայողի պահվածքը, երբ առանց պատճառի սարսափելի դաժանությամբ ծեծով սպանում է անպաշտպան կնոջը»,- ասաց Համբարյանը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ