Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանի համար «նոր» Հայաստանի տեսլականը կյանքի կոչելը մարտահրավեր կլինի

Փաշինյանի համար «նոր» Հայաստանի տեսլականը կյանքի կոչելը մարտահրավեր կլինի
12.12.2018 | 23:38

European Policy Centre-ի վերլուծաբաններ Ամանդա Փոլն ու Դենիս Սամութն անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակին:


Հեղինակների կարծիքով՝ ընտրողների մասնակցության ցածր հայտը (48.63%) վկայում է, որ ժողովրդի շրջանում հիասթափության մակարդակը բարձր է:
«Փաշինյանի համար «նոր» Հայաստանի տեսլականը կյանքի կոչելը մարտահրավեր կլինի: Այժմ, երբ Փաշինյանն ունի խորհրդարանական մեծամասնություն, պետք է գործի անցնի երեք կարևորագույն ոլորտներում՝ ներքին բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղ»,-գրում են հեղինակները՝ նկատելով, որ հայ հասարակությունն իրական փոփոխության ակնկալիք ունի:
Վերլուծաբանները նշում են, որ Փաշինյանի նոր կառավարությունն իրական հակակոռուպցիոն մարտավարության կարիք ունի: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խթանել տնտեսության զարգացումը, նվազեցնել աղքատության մակարդակը, բարելավել կյանքի որակը: Արտաքին քաղաքականության հարցում, ըստ վերլուծության՝ ռազմական և պաշտպանական հարցերում Հայաստանի գլխավոր գործընկեր Ռուսաստանը խոր կասկածանքով է վերաբերվում Փաշինյանին:


«Պուտինի վստահությունը շահելու նրա հույսը՝ մեղմ ասած միամիտ է: Փաշինյանի առաջնորդած փողոցային հեղափոխությունը նոր շունչ տվեց այն հեռանկարին, որ նախկին խորհրդային պետություններում էլ կարող են նման զարգացումներ տեղի ունենալ: Թեև Կրեմլը ցանկանում է ցույց տալ, որ դա իրեն չի մտահոգում, սակայն այդպես չէ: Արևմուտքը դեռևս փորձում է հասկանալ՝ ով է Փաշինյանը, որտեղից է եկել և ուր է գնում: ԵՄ և արևմտյան շրջանակները լավ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, բայց նրան դեռևս հարկավոր է համակրանքը վերածել շոշափելի աջակցության: Մտահոգություն կա, որ Փաշինյանը բավականաչափ համբերություն չի ունենա ժամանակի ընթացքում ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի հստակ ուրվագծելու, խորացնելու համար: Հայաստանի կառավարության համար առաջնային կարևորագույն նպատակը կլինի Ռուսաստանի և Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճիշտ հավասարակշռումը»,-նշում են վերլուծաբանները:


Անդրադարձի վերջում խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հեղինակները նշում են, որ թեև վերջին ամիսներին ԼՂ շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ռիսկերը շարունակում են մեծ լինել:
«Փաշինյանի ընդդիմախոս ուժերի համար ղարաբաղյան հակամարտությունն ընկալվում է որպես վարչապետի «աքիլլեսյան գարշապար»: Այժմ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը հիմնված է թափանցիկություն, ներառվածության և պրագմատիզմի վրա, պետք է թեստ անցնի: Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել ՀՀԿ-ի նախազգուշացումները, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Որպես Ադրբեջանի հետ 10 տարի բանակցած կողմ՝ ՀՀԿ-ն միանգամայն գիտակցում է այն ռիսկը, որ եթե Ալիև-Փաշինյան «մեղրամիսը» բանակցային գործընթացում չհանգեցնի շոշափելի առաջընթացի, հիասթափված Ադրբեջանը կարող է խնդրի լուծման այլ տարբերակներ որոնել: Ամեն դեպքում Փաշինյանի առաջ ծառացած մարտահրավերներն ահռելի են՝ հաշվի առնելով հասարակության մեծ սպասումները»,-եզրափակել են վերլուծաբանները:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ