Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է ընտրությունների, անցումային արդարադատության, ժողովրդավարական կառավարման մասին ամերիկյան հրատարակության 100 անուն նոր գրքերով: Գրքերը նվիրել է ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը` Կոնգրեսի գրադարանի հետ գրքերի փոխանակման ծրագրի շրջանակում:
«Դրանք անգլալեզու հասարակագիտական գրքեր են, վերաբերում են ընտրություններին, օրենսդրական բարենորոգումներին, տարբեր երկրներում հակակոռուպցիոն օրենսդրության ներդրմանը: Այս գրքերն այսօրվա հետազոտողին կօգնեն Հայաստանի պես անցումային փուլում գտնվող երկրի համար համապատասխան օրենսդրական լուծումներ գտնել»,-նշեց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ներսես Հայրապետյանը: Այդ բոլորը գրքերը նոր են, լույս են տեսել վերջին 3-4 տարում: Բոլորն ամերիկյան հրատարակություն են, և դրանցից Հայաստանում չի եղել:
Հայրապետյանը հավելեց, որ որոշվել է այդ գրքերը նվիրաբերել հենց Ազգային գրադարանին, քանի որ գրադարանից օգտվում են հիմնականում հումանիտար ոլորտի հետազոտողները: Նա նկատել է, որ գրադարանը միշտ լեփ-լեցուն է լինում, և անգլերեն գրքեր ընթերցողները ևս շատ են: