Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը, Իսրայելի դրդմամբ, նոր «անմիջական պատերազմներ» է սկսում աշխարհում

ԱՄՆ-ը, Իսրայելի դրդմամբ, նոր «անմիջական  պատերազմներ» է սկսում աշխարհում
23.04.2019 | 04:40

(Նախորդ մասը)

Հիշեցնենք, որ արևելյան Հալեպի ազատագրման մարտերում սիրիական բանակը և նրա դաշնակից ուժերը հիմնականում ոչնչացնում էին «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչներին, ոչ թե ԻՊ-ի։ Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ և՛ ԱՄՆ-ը, և՛ Իսրայելը, և՛ որոշ եվրոպական երկրներ համաշխարհային հանրությանը կոչ էին անում ի դեմս նուսրականների տեսնելու «սիրիական ընդդիմությունը», որի հետ, իբր, պետք է բանակցության մեջ մտնել։ Այդ ամենին ավելացնենք այն փաստը, որ Հալեպի վրա իսրայելյան օդագրոհից հետո սիրիական բանակը վերսկսեց հենց «Ջեբհաթ ան-Նուսրայի զինյալների ոչնչացումը։ Այսպիսով, պատահական ոչինչ չկա։ Կատարվածի մասին մեր վարկածը տարբերվելու է շատերի կարծիքից։ Գաղտնիք չէ, որ Իդլիբ նահանգի թուրքական «ապառազմականացված գոտում» նույնպես ուղղություն տվողները նուսրականներն են։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ամիսներով սակարկում է Ռուսաստանի և Իրանի, նրանց միջոցով էլ՝ Սիրիայի հետ, որ հետաձգվի ահաբեկիչներից Իդլիբ նահանգը մաքրելու վաղուց ծրագրված գործողությունը։ Դա, իր հերթին, Թուրքիային հնարավորություն է տալիս, որ զսպի թուրքերի օկուպացրած սիրիական «քաղաքային քառանկյունից» (Աֆրին, Ջերաբլուս, Մանբիջ, Էլ Բաբ) հեռանալու մասին ՌԴ-ի և Իրանի պահանջը։ Համապատասխանաբար անորոշ ժամանակով կհետաձգվեն նաև այդ նահանգում ընդհանուր հաշվով 30 պահակակետ ստեղծելու՝ Ռուսաստանի և Իրանի պլանները։ Մենք այս հանգամանքները հիշեցրինք, որ ցույց տանք, թե ով ում դաշնակիցն է Սիրիայի տարածքային ամբողջությունը լրիվ ծավալով վերականգնելու հարցում։ Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունների ակնհայտ կեղծ վատթարացում ցուցադրելով (հիշենք Իսրայելի վարչապետի որդու՝ Յաիր Նեթանյահուի «կատաղի» հայտարարությունը. «Թուրքիա, լեզուդ քեզ քաշիր, դու պատասխանատու ես Կիպրոսի, Հունաստանի ժողովուրդների և քրդերի անպատկերացնելի գազանությունների և տառապանքների ու հայ ժողովրդի եղեռնի համար», ինչպես և Էրդողանի զայրալից պատասխանները. «Իսրայելն ահաբեկչական պետություն է», խորհուրդը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ «քաշի որդու ականջները», և Էրդողանն ընդգծեց, որ ինքն «Իսրայելին դաս տալու այլ միջոցներ էլ ունի», եթե Նեթանյահուն ու որդին շարունակեն անհարգալից վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ), իրականում օդից աջակցեց... ահաբեկիչներին, որոնք առաջին անգամ չէ, որ հարձակումներ են ձեռնարկում հենց Հալեպի վրա։ Իսկ թուրքական զորքերը նույնիսկ 2016-ի դեկտեմբերին փորձում էին իրենք ներխուժել Հալեպ։


Համա նահանգի հյուսիսի այն մասը, որը մարտի 27-28-ին կրակով «արդուկեցին» սիրիական զորքերը, կիպ կպած է հենց Հալեպին։ Այնպես որ, Իսրայելի օդային հարձակման և հրթիռակոծման թիրախն ինչ-որ «իրանական ԻՀՊԿ-ի զինապահեստները» չէին։ Դրանով իսրայելցիներն ուզում էին ահաբեկիչների համար գործելու ազատություն ապահովել Հալեպի վրա ծրագրված հարձակման ժամանակ։ Բայց դա խափանվեց։ Ահա և լռում էին իսրայելական պաշտոնական աղբյուրները առնվազն նաև մարտի 28-ի կեսօրից հետո, այնուհետև գործի դրվեցին իբր Հալեպում «Իրանի և ԻՀՊԿ-ի ուժեղ ազդեցության», «ԻՀՊԿ-ի զինապահեստների» մասին զրպարտանքները և իսրայելամետ ուժերի ու շրջանակների սովորական քարոզչական այլ տափակությունները։


Հերթական անգամ հաստատվեց և այն, որ Սիրիայի և սիրիական պետականության դեմ իսրայելական ագրեսիայի խնամակալը հենց ԱՄՆ-ն է։ ՈՒշադրություն դարձնենք ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության քաղաքական համակարգող Ռոդնի Հանտերի մարտի 28-ին հնչեցրած այն կոչին, որ «Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի Սիրիայի վրա, որպեսզի նա իր զորքերը անհապաղ հանի Սիրիայում բաժանման գոտուց»։ Խոսքն այն մասին է, որ Սիրիան իր զորքերը հանի իր իսկ տարածքից, այսինքն՝ Գոլանի բարձունքներից։ Ընդ որում, Գոլանի բարձունքների վերաբերյալ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի որոշումը Հանտերը չի գնահատում որպես տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության խոչընդոտ՝ հաղորդում է բրիտանական «Reuters»-ը։


Իհարկե, Հալեպում կարող են տեղաբաշխվել լիբանանյան «Հզբոլահ» կուսակցության շիա կամավորների մարտական կազմավորումները, որովհետև հենց նրանք են վտանգել ու զոհել իրենց կյանքը Հալեպն ազատագրելու համար, ոչ թե, ասենք, ԱՄՆ-ի կամ Իսրայելի զինվորականները։ Հիշեցնենք. հենց Հալեպում՝ ահաբեկիչների դիրքերում, Սիրիայի բանակը և շիա աշխարհազորայինները գերի էին վերցնում ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկջոկատայիններին։ Հալեպի ազատարարներն այն ժամանակ ընդհանուր հաշվով գերեցին ԱՄՆ-ի գլխավորած «միջազգային դաշինքի» երկրների ՀԾ ավելի քան 130 սպայի, այդ թվում՝ «ամերիկացի սպաներ՝ 22, բրիտանացի՝ 16, ֆրանսիացի՝ 21, իսրայելցի՝ 7, թուրք՝ 62։ Արաբական երկրներից (մարոկկացի, կատարցի, սաուդցի) գերիների քանակը նշված չէ»։ Այդ ժամանակ հաղորդվել է նաև, որ «ոչ արաբ սպաներն ազատ են արձակվել Հալեպից էվակուացված ահաբեկիչների հետ՝ ՆԱՏՕ-ի երկրների և Իսրայելի որոշ զիջումների դիմաց։ Իսրայելը յուրաքանչյուր սպայի համար վճարել է 3 մլն դոլար։ Արաբ սպաները մնում են սիրիացիների ձեռքում»։ 2016 թ. այդ սենսացիայի մասին (իսկ ինչո՞վ սենսացիա չէ, որ արևմտյան երկրների, Իսրայելի, Թուրքիայի հատուկ ծառայությունների սպաները նստած էին «Ջեբհաթ ան-Նուսրայի» դիրքերում) առաջինը հայտնեց ամերիկյան «Veterans today» թերթը՝ գլխավոր խմբագիր Ջիմ Դինի ստորագրությամբ 2016 թ. դեկտեմբերի 17-ին։ Այդ թերթն ստեղծվել է ամերիկացի պահեստային զինվորականների ընթացիկ դրությունը և խնդիրները լուսաբանելու համար, ինքը Դինն էլ պահեստի սպա է և պնդում է, որ «սեփական սիրիական աղբյուրներ ունի»։ Ոչ արաբ հատուկջոկատայիններից հրապարակվել են հետևյալ սպաների անունները. 1) Դևիդ Սքոթ Վիներ (ԱՄՆ), 2) Դավիթ Շլոմո Արամ (Իսրայել), 3) Մութազ Կանօղլու (Թուրքիա)։ Իսկ սիրիացի հայտնի լրագրող, քաղաքագետ Սաիդ ալ Շարիֆին 2016-ի դեկտեմբերին գրել է. «Ձեռք բերված տեղեկության շնորհիվ սիրիական իշխանությունները հայտնաբերել են արևմտյան բարձրաստիճան սպաների կենտրոնակայանը Արևելյան Հալեպի հրապարակներից մեկի նկուղում։ Սիրիական հատուկջոկատայիններին հաջողվել է նրանց կենդանի բռնել»։
ԱՄՆ-ն ու Իսրայելն արդեն պատասխաններ են ստացել։ Մարտի 26-ին «Հզբոլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալան հեռուստատեսությամբ հայտարարեց, որ օկուպացված սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահի փորձը վիրավորանք է մահմեդական և արաբական աշխարհի համար, և դա արաբա-իսրայելական հակամարտության առանցքային իրադարձությունն է։ Նասրալան հայտարարել է. «Ի սեր Իսրայելի Թրամփն անհարգալից է բոլորի նկատմամբ։ ԱՄՆ-ի վարչակազմը և Թրամփն անտեսում են միջազգային բոլոր օրենքները։ Գոլանի հարցով միջազգային համաձայնագիրը Թրամփը խախտել է ի սեր Իսրայելի։ ԱՄՆ-ի վարչակազմը չի ճանաչում ՄԱԿ-ը, նրա Անվտանգության խորհուրդը կամ միջազգային բանաձևերը։ Այդ ինստիտուտներն այն օգտագործում է միայն սեփական շահերն ու սխեմաներն սպասարկելու համար։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի գլխավոր գերակայությունն Իսրայելն է։ ԱՄՆ-ը չի հարգում տարածաշրջանում որևէ մեկի շահերը, եթե դրանք հակասում են Իսրայելի շահերին, ուստի Իսրայելի այդ հովանավորը չի կարող ազնիվ միջնորդ լինել խաղաղարար գործընթացում»։ «Հզբոլահի» առաջնորդն ասաց, որ ԱՄՆ-ի հռչակագիրը «հարված էր տարածաշրջանի խաղաղ գործընթացին»։ Խոսելով ամերիկացի պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի վերջին այցի մասին Լիբանան՝ Նասրալան ասաց. «Պարոն Փոմփեոն անտեսեց դիմադրության բոլոր նվաճումները։ Նրա խնդիրը մեզ հետ այն է, որ մենք եղել ենք Սիրիայում ԱՄՆ-ի սխեմայի դեմ պայքարողների մեջ»։


Այնուհետև շեյխն անդրադարձավ ահաբեկչության դեմ և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու պայքարում Իրանի դերին. «Կասեմի Սոլեյմանին և Իրանն ինչպե՞ս են խարխլում Լիբանանի կայունությունը։ Մենք մեր երկիրն իրանական զենքի օգնությամբ ազատագրել ենք սիոնիստական օկուպացիայից, որը դուք պաշտպանում եք»։ Իրանի և Դիմադրության նկատմամբ ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի թշնամության բուն պատճառը նա բացատրեց այսպես. «Դիմադրության կառույցի մի մասն է եղել «Հզբոլահը, որն ԱՄՆ-ին դիմակայել է Սիրիայում, և այդ պատճառով նրանք համարում են, որ Իրանն ու «Հզբոլահը» խոչընդոտ են «դարի գործարքի» ճանապարհին»։ Եվ վերջում, ինչպես հայտնում է նորությունների «Ալ Արաբիա» գործակալությունը, Նասրալան ԱՄՆ-ին և Իսրայելին դիմադրությունն ուժեղացնելու կոչ է արել. «Իրենց հողերը վերադարձնելու և օրինական իրավունքները պաշտպանելու համար սիրիացիների ու պաղեստինցիների միակ ելքը դիմադրությունն է, դիմդրությունը և կրկին դիմադրությունը»։


Պատասխանեց նաև Սիրիան։ Իսրայելի նկատմամբ իր առատաձեռնությունը Վաշինգտոնը կարող էր ցուցաբերել ոչ թե Սիրիայի, այլ իր սեփական տարածքների հաշվին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին։ Մեկնաբանելով սիրիա-իսրայելական հարաբերությունների սրումը Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի իրավունքը ճանաչելու պատճառով, Ջաֆարին ասել է. «Իսրայելին նվիրեք ձեր նահանգներից մեկ-երկուսը, եթե այդքան ուզում եք պաշտպանել այդ երկիրը»։ Նա ընդգծել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքն են, և առաջարկել է. «Այդ երկրի (ԱՄՆ-ի) միակողմանի վարքագիծը իրավաբանական կամ բարոյական արժեք չունի։ Միացյալ Նահանգներից ո՞վ է պատասխանատվություն պահանջելու Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը խախտելու համար և այդ երկիրը դիտարկելու որպես թշնամի, որը գործում է օրենքից դուրս։ Գոլանը միշտ պատկանելու է Սիրիային։ Միացյալ Նահանգներին առաջարկում եմ Իսրայելին տալ Հյուսիսային և Հարավային Կարոլինաները»։ Իսկ Իսրայելին նա կոչ արեց տեսնելու, որ Վաշինգտոնի քաղաքական խաղում այն զինվոր է դարձել։


Վերջապես, նաև Իրանի նախագահ Ռոհանին հերթական անգամ հիշեցրեց աշխարհին, որ վտանգը, այդ թվում՝ ահաբեկչության տարածման վտանգը, գալիս է բացառապես ԱՄՆ-ից ու Իսրայելից։ Իրանական անգլալեզու «Press-TV» հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանի նախագահը մարտի 27-ին, Իրաքի վարչապետ Ադել-Աբդուլ Մահդիի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պայքարում Մերձավոր Արևելքի երկրների միջև «ավելի սերտ համագործակցության» կոչ է արել։ «Սիոնիստական վարչակարգի չափազանց մեծ պահանջները և Վաշինգտոնի ոչ ճիշտ որոշումները նույնպես պահանջում են տարածաշրջանի երկրների ավելի սերտ համագործակցություն,- ասել է Ռոհանին։- Պաղեստինի և Սիրիայի ժողովուրդների իրավունքների խախտման, հատկապես Գոլանի բարձունքների մասին տագնապալի լուրերը շատ վտանգավոր են տարածաշրջանային անվտանգության համար»։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցության բարելավումը կկանխի հետագա լարվածությունը։


Շատ հետաքրքիր է, որ հենց ԱՄՆ-ից՝ Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո համալսարանի պատմության պրոֆեսոր Դևիդ Յաղուբյանից, խոստովանություն է հնչել և «Հզբոլահ» կուսակցության, և Իրանի իրավացի լինելու մասին։ «IRNA»-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ «սիոնիստ ֆանատիկոս» Փոմփեոն պետք է գիտակցի, որ Լիբանանում «Հզբոլահը» վայելում է բնակչության լայն աջակցությունը, այդ պատճառով նրա դեմ սադրանքները հղի են Լիբանանում անկայունության ու ճգնաժամի վտանգով։ Մեկնաբանելով «Հզբոլահի» նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, Յաղուբյանը նշել է, որ Վաշինգտոնի բոլոր գործողությունները թելադրում են Թել Ավիվը և ԱՄՆ-ի կառավարությունում հրեական լոբբին, որի նպատակն է տարածաշրջանում գերիշխանության հասնելը։ Եթե Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի քաղաքականությունն ուղղված լինի դեպի սեփական ազգային շահերը և կայունություն ստեղծելը, ոչ թե սիոնիստական գաղութարարությունը խրախուսելը, ապա, ի դեմս «Հզբոլահի», այն կգտնի իր միակ դաշնակցին։ Լինենք օբյեկտիվ. պրոֆեսորը բնութագիր տվեց ոչ այնքան Փոմփեոյին, որքան ԱՄՆ-ի նախագահ Թրամփին։


Ինչպես ընդգծել է պրոֆեսոր Յաղուբյանը, «ոչ թե շունն է պոչը շարժում, այլ պոչն է շանը շարժում», և, համադրելով պատմաբան պրոֆեսորի ու ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Ջաֆարիի հայտարարությունները, մենք պետք է տեսնենք ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ ոչ թե Իսրայելն է զինվոր ԱՄՆ-ի քաղաքական խաղում, այլ ԱՄՆ-ն է Իսրայելի քաղաքական խաղում զինվոր և «բաբան»։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհում նոր «անմիջական պատերազմների» սպասումն արդարացված է։ Եվ երբ ապրիլի 8-ին Թրամփը հերթական սադրիչ որոշումն ընդունեց իրանական ԻՀՊԿ-ն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին, աշխարհը նոր ապացույց ստացավ ԱՄՆ-ի կողմից պատերազմի պատրաստվելու մասին։ Մենք անպայման կշարունակենք խոսակցությունն իրադարձությունների զարգացման մասին, որովհետև, ի պատասխան, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը (ԱԱԲԽ) Մերձավոր Արևելքում ամերիկյան բոլոր զորքերը ահաբեկչական խմբեր ճանաչեց։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ