ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ուկրաինան անհայտության ճանապարհին

Ուկրաինան անհայտության ճանապարհին
23.04.2019 | 15:30

Կոմիկ Վլադիմիր Զելենսկու ընտրությունից հետո հայտնի է՝ ո՞վ է լինելու Ուկրաինայի ապագա նախագահը, մնացածն անհայտ է՝ գրում է Մաթիաս Բրյուգմանը Handelsblatt-ում։ «Եվ ինչու՞ են ուկրաինացիները մշտապես քվեարկում նրա օգտին, ում հետ կապում են բոլոր հույսերը ու հետո հիասթափվում ավելի շատ»՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ իր հայրենակիցներին հարցնում էր կիևցի մի փիլիսոփա։ Իրոք, թվում է՝ հեռուստակոմիկ Վլադիմիր Զելենսկու ընտրությամբ պատմությունը, ինչպես ժամանակին բանաձևել է Կառլ Մարքսը, կրկնվում է իբրև ֆարս։ Զելենսկու քաղաքական միակ որակավորումը իր սեփական սերիալում երևակայական ուսուցչի դերն է, որ իր հակակոռուպցիոն օրակարգի շնորհիվ պատահաբար ընտրվում է նախագահ ու միավորում երկիրը։ Սակայն այս ամենին կարելի է նայել և այլ տեսանկյունից: Զելենսկու ընտրությունը հստակ ազդանշան է։ Դա հրաժարումն է քաղաքական էլիտային վերընտրելուց, որ մի քանի տարի ընտրություններին մասնակցում է նույն դեմքերով, նույնիսկ եթե նրանք մի քանի անգամ արդեն պարտվել են: Զելենսկու ընտրությունը վճռական «ոչ» է անվերջ կոռուպցիային, օլիգարխների պետությանը և հովանավորչությանը։ Ու հիմա Զելենսկին պիտի կատարի իր խոստումները կոռուպցիայի ու համակարգի հետ պայքարի վերաբերյալ՝ խոսքերին պետք է հաջորդեն գործերը։ Զելենսկին պետք է դիմադրություն ցույց տա իր հովանավոր, փախստական օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն ու դառնա ինքնուրույն՝ դիմադրելով ազգայնացված «Պրիվատբանկը» կամ «Ուկրնավթա» նավթային ընկերությունը վերադարձնելուն։


Նախևառաջ նա պետք է դիմակայի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ ղեկավարությունը ամենասկզբից հասկացրեց, որ ցանկանում է ազատվել Պորոշենկոյից և հույս ունի ճնշում գործադրել անփորձ Զելենսկու վրա, որ աշնանը խորհրդարանական ընտրություններից առաջ Զելենսկին ստիպված լինի ներկայացնել իր ձեռքբերումները: Առանց խորհրդարանում սեփական մեծամասնության՝ Զելենսկին կլինի թագավոր առանց թագավորության։ Նրան պետք են արդյունքներ, որ կարող է ներկայացնել անհամբեր ընտրողին և դա նրան խոցելի է դարձնում Պուտինի ուժային քաղաքականության առաջ։ Զելենսկին մի սերնդի ներկայացուցիչ է, որ ինքնուրույն, մի կողմից օլիգարխների վերահսկողությունից, մյուս կողմից՝ Կրեմլի ճնշումներից ազատ, ինքնուրույն կյանքի կարոտ ունի։ Սերունդ, որ ճանապարհորդում է արտասահմանում, սովորում ու աշխատում Եվրոպայում և տեսել է, որ կա ավելին, քան ուկրաինական ֆինանսական ունայնությունն ու ամենակարողության մասին մոսկովյան ֆանտազիաները՝ քաղաքացիական իրավունքների մասշտաբային ոտնահարումներով:

Ինչու՞ երկիրը ժամանակակից գյուղատնտեսության վիթխարի ներուժով, համաշխարհային մակարդակի հրթիռներ ու ինքնաթիռներ նախագծող ինժեներներով ու ինտերնետ ընկերությունների համահիմնադիրներով չի կարող նոր պետություն ստեղծել։ Դրա համար էլ պետք է մարդ, որ հին համակարգից ու քաղաքական կաստայից չէ։ Հիմա Զելենսկին պետք է ապացուցի, որ ինքը հենց այդ մարդն է։ Այս պահը կարելի է անվանել քաղաքականության ճգնաժամ, ինչպես արել են որոշ լրագրողներ։ Բայց մի՞թե սա ժողովրդավարության հաղթանակը չէ։ Այնտեղ, որտեղ իշխում է ավտոկրատների մեռյալ լռությունը, շատերն են ցանկանում նախագահին կոռուպցիայի մեջ մեղադրել հրապարակային բեմի վրա ու տեսախցիկների առաջ և տեսնել իսկական մենամարտ։ Ուկրաինան վերբեռնման և դեպի Եվրոպա ճանապարհի նախադրյալներ ունի։ Եվրամիությունը հետայսու էլ պետք է աջակցի Ուկրաինային և կոնկրետացնի, թե որ բարեփոխումներն են առաջնահերթ։
Մաթիաս Բրյուգման, Handelsblatt


Հ.Գ. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ մտադիր չէ շնորհավորել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկիին, գրում է meduza.io-ն: Հարցին, թե ինչու՞ է նման որոշում ընդունվել, Պեսկովն ասել է, որ «պետք է դատել կոնկրետ գործերով, կոնկրետ քայլերով», իսկ պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել: Պեսկովը հավելել է, որ Ուկրաինայում ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է առնվել, երբ «հնարավորություն չի տրվել քվեարկելու Ուկրաինայի 3 մլն քաղաքացու, որ բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում»: Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին 73,17% ձայնով հաղթել է նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 95,06%-ի մշակումից հետո: Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,5% ձայն: Զելենսկիին արդեն շնորհավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, այլք:


Մեծ Բրիտանիայի The Times-ը գրում է, որ Ուկրաինան կշարունակի իր արևմտյան քաղաքականությունը՝ ամրապնդելով հարաբերությունները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և եվրոպական պետությունների հետ։ Զելենսկու շտաբի պետ Իվան Բականովը անցյալ շաբաթ 3 օր է անցկացրել Վաշինգտոնում՝ հանդիպելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի ու Կոնգրեսի անդամների հետ:

Նրա խոսքով՝ հստակեցվել են դիրքորոշումները Թրամփի շտաբի հետ: Թրամփը նույնպես ընտրության պահին օտար էր քաղաքականության մեջ՝ զրոյական փորձով։ Բականովը The Times-ին պատմել է, որ ԱՄՆ-ում իրենց ջերմ ընդունելություն են ցույց տվել, բայց հասկացրել են, որ միջազգային աջակցությունը կախված է կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունից, որ իրենց հիմնական նպատակներից մեկն է։ Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ ուկրաինացիների 60%-ը ցանկանում է ԵՄ-ին անդամակցել, իսկ կեսը՝ ՆԱՏՕ-ին։

Զելենսկու թիմի անդամներից Դմիտրի Ռազումկովը ասել է, որ երբ անդամությունը ռեալ լինի, Զելենսկին կառաջարկի հանրաքվե անցկացնել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ։ Փաստը, որ Զելենսկին նախկինում հանդես է եկել Ռուսաստանում, գործնական կապեր ունի և ռուսերեն ավելի լավ է խոսում, քան ուկրաիներեն, ենթադրությունների տեղիք էր տվել, որ Կրեմլի նկատմամբ որոշակի համակրանք ունի, սակայն Կրեմլի հետ կապերի ոչ մի ապացույց չկա։ Զելենսկին Պուտինին անվանում է թշնամի, սակայն ցանկանում է հանդիպել նրա հետ՝ վերջ դնելու պատերազմին Դոնբասում, որտեղ ռուսամետ անջատողականները փաստացի ստեղծել են անկախ տարածքային միավորումներ։ Կիևցի վերլուծաբան Վլադիմիր Ֆեսենկոն գտնում է, որ Զելենսկին ոչ մի կապ չունի Մոսկվայի հետ, բայց նա խնդիր է համարում նոր նախագահի քաղաքական միամտությունը։ «Նա կարող է ընկնել Պուտինի լարած թակարդը»՝ հայտարարել է Ֆեսենկոն։ Կրեմլի հետ Զելենսկին հարկադրված է գործ ունենալ: Ռազումկովի խոսքով՝ Զելենսկին 4 կետով ծրագիր ունի Դոնբասի սողացող պատերազմին վերջ դնելու, որ սկսվեց 2014-ին, երբ Ռուսաստանը իրեն միացրեց Ղրիմը։ Դա դիվանագիտությունն է, կենսամակարդակի բարձրացումը՝ գրավելու ապստամբած շրջանների մարդկանց, դրական տեղեկատվական քարոզչությունը նրանց իր կողմը ներգրավելու համար և բանակի ամրապնդումը։ Կիևը պնդելու է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նույնպես ներառվեն նորմանդական խմբում, որի անդամ են Ուկրաինան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան։ Այդ խումբը հետևում է Դոնբասի հարցով 2015-ին կնքված խաղաղության համաձայնագրի կատարմանը։ Մոսկվան դեմ է: «Բայց եթե աշխարհն անի այն ամենը, ինչ ցանկանում է Ռուսաստանը, նրանց տանկերն արդեն Լա Մանշում կլինեին»՝ ասել է Ռազումկովը։
Ուկրաինան պետք է լուծի Ռուսաստանի հետ խնդիրները և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցության մասին խոսակցությունները լավագույն հարթակը չեն այդ խնդիրը լուծելու համար։ Ուկրաինայում իրավիճակի փոփոխության համար Արևմուտքը արդեն արել է հնարավորը, բայց չի հասել այն արդյունքներին, որ կբավարարեր ուկրաինացիներին, այլապես Պյոտր Պորոշենկոն կվերընտրվեր։
Չի բացառվում, որ Զելենսկու նախագահության օրոք Ուկրաինան իսկապես տրոհվի՝ կեսը դառնա ԱՄՆ-ի գերակայությունն ընդունող երկիր, իսկ մյուս կեսը կամավոր միանա Ռուսաստանին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

/a>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո