Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կաջակցի՞ Ռուսաստանը ԱՄՆ-ին Իրանի հարցում

Կաջակցի՞ Ռուսաստանը ԱՄՆ-ին Իրանի հարցում
16.06.2019 | 12:52

Իրանի հարցում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համագործակցությունն ունի իր սահմանները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մայիսի 14-ի այցին Կրեմլում, առանց չափազանցության, սպասում էին։ Մարտին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը Դոնալդ Թրամփից հանեց «դավադրության» մեղադրանքները և ուղիղ կապի ալիքների պատուհանը նորից բացվեց: Դա հատկապես արդիական է հիմա, որովհետև ԱՄՆ-ը ձգտում է ոչ միայն «դարի գործարք» կնքել Պաղեստինում ու Սիրիայի հարցի լուծում տալ, այլև, որ ավելի կարևոր է, անկյուն քշել Իրանին: Իր ճնումից առավելագույն օգուտ քաղելու համար ԱՄՆ-ը ցանկանում է, որ Մոսկվան կամ աջակցի, կամ գոնե մնա չեզոք: Թեպետ Պոմպեոյի այցը որևէ ճեղքումի չհանգեցրեց, կողմերին հնարավորություն տվեց համագործակցության ուղիներ որոնել: Նրանք մտադիր են այդ ուղիներն օգտագործել հունիսի վերջին Երուսաղեմում ԱՄՆ-ի, ՌԴի, Իսրայելի անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպմանը: Կրեմլն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է ԱՄՆ-ի նկատմամբ որոշակի բարի կամք դրսևորել: Պոմպեոյի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանին խորհուրդ տվեց հույս չդնել Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի հետ իր դիմակայության մեջ միջուկային համաձայնագրի հարցով: «Ռուսաստանը հրշեջ խումբ չէ, մենք չենք կարող ամեն ինչ փրկել, հատկապես այն, որ ոչ միայն մեզնից է կախված: Իրանի հետ միջուկային գործարքի կնքման հարցում մենք մեր դերը խաղացել ենք: Բայց դա կախված է ոչ միայն մեզնից»՝ հայտարարեց Պուտինը Սոչիում, մայիսի 15-ին ասուլիսում:


Երկու շաբաթ անց Bloomberg գործակալությունը տեղեկացրեց, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին С-400 զենիթահրթիռային համակարգեր վաճառել, թեպետ խնդրանքն Իրանի քաղաքական վերնախավից էր: Հաշվի առնելով՝ որքան քաղաքական խնդիրներ են կուտակվել այդ խնդով, խելամիտ է ենթադրել, որ ռուսական կողմը կգործի զգուշությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացման հեռանկարին ու տարածաշրջանային մյուս կարևոր խաղացողների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի դիմադրությանը: Հիմա Թուրքիան ԱՄՆ-ի հետ դիվանագիտական դիմակայության մեջ է С-400-ի սեփական գործարքի պատճառով, և ռիսկ կա, որ Վաշինգտոնը կարգելափակի ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Սաուդյան Արաբիան ևս հետաքրքրված է ռուսական զենիթահրթիռային համակարգով՝ հույս ունենալով ստանալ ԱՄՆ-ի վրա ճնշման լծակ: Իդեպ, Bloomberg-ը լիովին կարող էր ոչ կոռեկտ լինել և ռուսական պատասխանը մերժում անվանել: Բացի քաղաքական նկատառումներից, Ռուսաստանն ունի բավականաչափ տեխնիկական դժվարություններ С-400-ի պատվերը կատարելու համար: Հնարավոր է՝ այս պահին С-400 Իրան հասցնելու հնարավորություն Մոսկվան ուղղակի չունի: Միևնույն ժամանակ՝ Իրանի վրա ուժեղացված ճնշումը Մոսկվային գուցե նաև ձեռնտու է՝ համենայն դեպս՝ կարճաժամկետ հեռանկարում: Իրանի նավթի արտահանման կտրուկ կրճատումը Ռուսաստանին պատրավակ է տալիս պահանջել նավթի հանույթի իր քվոտայի մեծացում ՕՊԵԿ-ի հետ Վիեննայի համաձայնագրով, որ սահմանափակում է նավթի հանույթը բարձր գների պահպանման համար, որին ձգտում են ռուսական էներգետիկ հսկաները՝ հատկապես «Ռոսնավթը», որ քանիցս քննադատել է գործարքը: Հուլիսի սկզբին ՕՊԵԿ-ի ու գործընկերների հանդիպմանը, որտեղ լուծվելու է 2019-ի երկրորդ կեսի նավթահանույթի ծավալների հարցը, Մոսկվան կպահանջի, որ պատժամիջոցների պատճառով Իրանի չարդյունահանած նավթի բաժինը վերաբաշխվի համաձայնագրի մասնակիցների միջև: Դա թույլ կտա նավթի միջազգային շուկան կայուն պահել և խուսափել նավթի գնի տատանումներից: Բացի այդ՝ Ռուսաստանը կարող է օգտագործել Իրանի կանխատրամադրվածությունը ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առանցքի դեմ, որ ամրապնդի իր դիրքերը Սիրիայում: Չնայած Դամասկոսին աջակցության մեջ դաշնակից լինելուն՝ Մոսկվան վերջերս փորձեց սահմանափակել Իրանի ազդեցությունը որոշ ռազմավարական շրջաններում՝ սեփական դիրքերն ամրացնելու համար: Նշանակու՞մ է դա, որ Մոսկվան աջակցում է ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» կամ նույնիսկ Իրանում իշխանության փոփոխության մարտավարությանը: Ոչ ամբողջությամբ: Նախ՝ Մոսկվան Թեհրանին համարում է կարևոր խաղացող Մերձավոր Արևելքում ու ամերիկյան հեգեմոնիայի դեմ պատվար: Նրա շահերից է բխում, որ տարածաշրջանը մնա բազմաբևեռ: Երկրորդ՝ չնայած տարաձայնություններին՝ Իրանը պետք է Ռուսաստանին, որ վերջ դնի սիրիական ճգնաժամին: Կրեմլը հիանալի հասկանում է, որ Սիրիայից Իրանի լրիվ դուրս գալու մասին բոլոր խոսակցությունները պարզապես ինքնասիրաշահում են: Վերջին 8 տարիներին իրանցիները այնքան են խորացել Սիրիայի վարչակարգի ու զինված ուժերի մեջ, որ նրանց հեռանալը կհանգեցնի քաղաքական ու ռազմական համակարգի փլուզմանը, որին Մոսկվան պատրաստ չէ: Երրորդ՝ երկրները համագործակցում են և Կասպյան տարածաշրջանում, և Միջին Ասիայում՝ էներգետիկայից մինչև անվտանգություն: Օրինակ՝ 1990-ականների կեսին Իրանն օգնեց Ռուսաստանին դադարեցնել քաղաքացիական պատերազմը Տաջիկստանում: 2008-ին, երբ Արևմուտքւ շտապեց մեղադրել Ռուսաստանին Վրաստանի հետ պատերազմի համար, Իրանը դե ֆակտո աջակցեց իր գործընկերոջը և պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը: 2018-ին Թեհրանը նույնիսկ աջակցեց Մոսկվայի առաջադրած շրջանակային համաձայնագիրը Կասպից ծոցի իրավական կարգավիճակի վերաբերյալ, թեպետ փաստաթուղթը ստորագրած ծովափնյա 5 երկրներից Իրանի շահերն ամենաքիչն են հարգված: Չորրորդ՝ Կրեմլն արդեն երկու անգամ փորձել է Իրանին աջակցությունը փոխանակել Արևմուտքի հետ ավելի լավ հարաբերություններով, ու երկու անգամ էլ՝ անարդյունք: Հազիվ թե նույն սխալը երրորդի:

1995-ի հունիսին ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը ստորագրել է գաղտնի համաձայնագիր ՌԴ-ի վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի հետ, որով Ռուսաստանը պետք է դադարեցներ սովորական զինատեսակների վաճառքն Իրանին 1999-ին: Փոխարենը Կրեմլը հույս ուներ ԱՄՆ-ի հետ ակտիվ տնտեսական համագործակցության: Քիչ է՝ որ ոչինչ չստացվեց, Գոռ-Չեռնոմիրդին համաձայնագիրը 4 միլիարդ դոլար նստեց Մոսկվայի վրա՝ Իրանի հետ առևտրի ու ներդրումների բացթողած շանսի պատճառով: 2009-ին Դմիտրի Մեդվեդևի ու Բարաք Օբամայի վարչակարգերը պայմանավորվեցին ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերբեռնման» մասին: Ենթադրվում էր, որ Ռուսաստանը կդադարեցնի գործընկերությունն Իրանի հետ: 2010-ին ՌԴ-ն հրաժարվեց Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգեր տալ՝ չնայած խոստացել էր: 3 տարի անց ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նորից վատացան Ուկրաինայի պատճառով: Երկու դեպքն էլ նշանակալից խարխլեց ռուս-իրանական հարաբերությունները՝ հարուցելով Իրանի անվստահությունն ու կասկածները: Հինգերորդ՝ պարզ չէ, թե ինչ կարող է ԱՄՆ-ը առաջարկել Ռուսաստանին: Թեպետ Մյուլլերի հետաքննությունը հաստատեց Թրամփի պնդումները, որ «դավադրություն» չի եղել, բնավ չի նշանակում, որ Ռուսաստանի իմիջը ԱՄՆ-ի քաղաքական ասպարեզում լիովին վերականգնվել է: Մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունները մնում է 1 տարի, ԱՄՆ նախագահը կարող է Ռուսաստանին խոստանալ միայն այն, ինչ նրան չի խանգարի վերընտրվել: Ոչ ավելին: Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը կնշանակի, որ Վաշինգտոնը վերանայել է իր դիրքերը առանքային հարցերում՝ ներառյալ Ղրիմի անեքսիան, պատերազմը Ուկրաինայի արևելքում, Ռուսաստանի միջամտությունը եվրոպական երկրների ներքին գործերին: Այս բոլոր պատճառներով՝ ԱՄՆ-ի էսկալացիային Իրանի դեմ Ռուսաստանը հազիվ թե աջակցի: Եթե հաշվի չառնենք թեթևակի տեղաշարժերը կամ միջնորդ դառնալու առաջարկը, իր գործընկերոջը մեկուսացնելու ջանքերը Ռուսաստանը չի պաշտպանի:
Լեոնիդ Իսաև, Նիկոլայ Կոժանով, Al Jazeera (Կատար)


Հ.Գ. Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դուշանբեում ասիական երկրների միջազգային համաժողովում ասել է, որ եթե 2015-ի միջուկային համաձայնությունը կնքած պետություններից դրական ազդակներ չլինեն, իր երկիրն աստիճանաբար կսահմանափակի պարտավորությունները: Ռոհանին չի հստակեցրել, թե Իրանը կոնկրետ ո՞ր պարտավորություններից կհրաժարվի կամ ինչն է համարում «դրական ազդակներ»: Մայիսին Իրանը որոշ պարտավորություններից արդեն հրաժարվել է՝ պատճառաբանելով համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ:

«Բնական է, որ Իրանը չի կարող միայնակ հավատարիմ մնալ պայմանագրին», - ասել է Իրանի նախագահը:
ԱՄՆ ՊՆ նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի փոխանցմամբ, Վաշինգտոնը մտադիր է կազմել միջազգային դաշինք, որը կգործի, եթե իրավիճակն Օմանի նեղուցում վատանա: ԱՄՆ-ի համոզմամբ, Իրանն է կրում նեղուցում նավթակիր լցանավերի վրա հարձակումների պատասխանատվությունը: Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքը: «Աշխարհում արդյունահանվող նավթի 15 տոկոսը Հորմուզի նեղուցով է փոխադրվում: Բնական է, որ մենք պարտավոր ենք պատրաստ լինել արտակարգ վիճակներում գործելու: Մեզ անհրաժեշտ է միջազգային ընդարձակ փոխհամաձայնություն այս հարցում»,- ասել է ԱՄՆ ՊՆ նախարարի պաշտոնակատարը: Դոնալդ Թրամփը հայտարարել է որ Իրանն է կազմակերպել հունիսի 13-ին Օմանի նեղուցում հարձակումները նորվեգական և ճապոնական լցանավերի վրա և սպառնացել կոշտ պատժամիջոցներով: Պետքարտուղար Մայք Պոմպեոն ևս հայտարարել է, որ հարձակումների հետևում Իրանի հեղափոխական գվարդիան է: ԱՄՆ զինվորականները հրապարակել են տեսագրություն, որում գվարդիայի անդամները չպայթած ական են դուրս հանում հարձակման ենթարկված նավերից մեկի նավակողից: Թեհրանը պատասխանել է, թե այդ տեսահոլովակը ոչինչ չի ապացուցում:
Բոլոր այս իրադարձություններին ՌԴ ԱԳՆ կամ ՌԴ նախագահի խոսնակը դեռ չի արձագանքել: Փաստացի՝ դա ակնկալված չեզոքությունն է, որ կտևի մինչև Մեծ 20-յակի գագաթաժողովը, որտեղ ենթադրվում է Պուտին-Թրամփ հանդիպում: Ըստ հանդիպման կայանալ-չկայանալու, կայացման դեպքում՝ բանակցությունների մակարդակի ու պայմանավորվածությունների գալու-չգալու էլ Մոսկվան կորոշարկի իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ու Իրանի հարցում: Եվ՝ ոչ միայն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ