Պարզից դեպի բարդը
10.09.2019 | 00:03
«Վեցօրյան» հին հասկացություն է, որ հայտնի դարձավ ավելի քան հազար հինգ հարյուր տարի առաջ:
Այն ուղղակի նշանակում է Աստվածաշնչի առաջին` Ծննդոց գրքի` աշխարհաստեղծման պատմություն:
Շատ են արվել հեգնական և սկեպտիկական արտահայտություններ տիեզերքի արարման շատ կարճատև` մեկ աշխատանքային շաբաթվա տևողությամբ ժամանակահատվածի վերաբերյալ: Եվ լսել ենք, իբր այս Վեցօրյա կամ Գեկսամերոն կոչված պատումը բացարձակապես հակասության մեջ է մեզ հայտնի գիտական տվյալների հետ:
Վեցօրյայի շուրջ արդեն վաղուց ընթանում են գաղափարական վեճեր, բազմիցս այս պատումը ենթարկվել է տարատեսակ ամենահնար հարձակումների ու քննադատությունների: Հարյուրավոր տարիների ընթացքում մշակույթը վերաբերում էր այս խորհրդավոր պատմությանն այնպես, ինչպես այն շարադրված է Աստվածաշնչում: Իսկ գիտությու՞նը: Վաղ միջնադարյան գիտությունը փորձում էր գտնել այս պատմության մեջ ինչ-որ ստույգ տվյալներ տիեզերքի ծագման մասին: Սկզբում այդ փորձերը շատ զգուշավոր էին, որովհետև այն ժամանակվա բնագիտությունը դեռ առաջին քայլերն էր կատարում: Բայց ավելի ուշ՝ Վերածննդի ժամանակաշրջանում, պարզվում է, որ արարչագործության պատմության մեջ բնագիտության տվյալներ չեն արտացոլված: ՈՒրեմն, կամ բնագիտությունն է սխալ, կամ սխալ է այն հեղինակը, որ գրում էր Վեցօրյան, կամ... և այստեղ ամենագլխավոր հարցը մնում էր օդից կախված: Կարելի է ասել, որ այս պարզունակ ձևը` «կամ-կամ», տարածված է նաև մերօրյա գիտակցության մեջ: Ես կուզեի ցույց տալ, որ հարցը այս կերպ բնավ չի լուծվում: Այստեղ համեմատությունը պետք է լինի ոչ գիտական ճանապարհով: Այն հինկտակարանյան սրբազան հեղինակը, որ գրեց Աստվածաշնչի առաջին տողերը, նպատակ չուներ մարդկանց տիեզերաբանության կամ հնեաբանության ինչ-որ ձեռնարկ տալու նպատակ չուներ: Նա կյանքի ու հավատքի ուսուցիչ էր` ուրույն աշխարհայացքի կրող: Աշխարհի արարման պատումը իր աղոտ արտացոլումն է գտել աշխարհաստեղծման հին ուսմունքներում: Այս բոլոր ուսմունքները բխում էին նրանից, թե մարդը ինչ էր դիտարկում և նկատում մշտապես: Մարդը դիտարկում էր բնական երևույթների պարբերականությունը և նկատում էր ամեն ինչում օրինաչափություն և հստակություն: Բնության մասին պատկերացումը անբաժանելի էր մարդու ունեցած` Բացարձակ Իրականության մասին պատկերացումից: Այլ խոսքով ասած, բնությունն ու աստվածայինը հեթանոսների համար նույնական էին, դրա համար էլ բնական երևույթները նրանց համար աստվածային էին համարվում: Իսկ աշխարհի արարման մասին սուրբգրային պատմությունը բացարձակապես այլ է և սկզբունքորեն տարբերվում է հեթանոսական աշխարհայեցողությունից: «Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը...»: Եթե նկատել եք, այստեղ չկա ոչ նախահավիտենական անդունդ, ոչ էլ նախագո նյութը: Չկան աստվածների պայքար, հրեշներ, հսկաներ, այլ միայն մեկ Արարիչն է, որ ստեղծում է Իր Խոսքով: «Եվ ասաց Աստված` թող լինի լույս»: Ոչ գործում է, ոչ էլ կառուցում, այլ միայն ասում է: Եվ իհարկե այս տողերը գրողը շատ լավ հասկանում էր, որ Աստված այնպես չի խոսում, ինչպես մարդը, այլ դա, պարզապես, միակ հնարավոր մարդուն ընկալելի միջոցն է` փոխանցելու Աստվածային ներգործությունը գոյերի վրա: Այս պատմության շարադրանքը պարզորեն հայտնում է սուրբգրային աշխարհընկալումը: Ահա թե ինչի մասին է պատմում մեզ Վեցօրյան։
1. Կա կեցության միակ Սկզբնապատճառը: 2. Այդ Սկզբնապատճառը Տիեզերական անձնավոր ՈՒժ է: «Եվ տեսավ Աստված, որ այն բարի է». տեսնել ու գնահատել կարող է միայն անձը: Ոչ թե Բացարձակություն կամ Նախասկիզբ, որը կառավարում է աշխարհը, այլ Անձնավոր Սկիզբ, Որին մարդ կարող է դիմել, և Որը խոսում է մարդու հետ: Աշխարհը ստեղծվում է առանձին փուլերով: Արարչության վեցօրյա շաբաթը ձգվում է պարզից դեպի բարդը: Ընդ որում, այստեղ նկատելի են երեք փուլեր, յուրաքանչյուր արարչության օրվա մասին ասվում է` 1. «և ասաց Աստված», 2. «և այդպես եղավ», 3. «և տեսավ Աստված, որ բարի է»: Այստեղ խոսքը ոչ թե գիտական ստույգ նկարագրության, այլ մի վեհ սրբազան Հայտնության մասին է, որը փոխանցում է եղելության բուն էությունը, և ոչ թե մանրամասնությունները: Սա աշխարհի սկզբնավորման և նրա մեծ իմաստի մասին մի ուսմունք է: Հետո ասվում է, որ Արարիչը հավանում է Լույսը, որն Ինքը ստեղծեց, հավանում է Իր ստեղծած Աշխարհը: Սակայն նույնը չի ասված խավարի մասին: Աստված բաժանում է խավարը լույսից: Առաջին անգամ ակնարկ է արվում, որ Տիեզերքում կա ստվեր: Հասկանալի է, որ սրբազան հեղինակը նկատի ուներ ոչ թե ֆիզիկական իմաստով ստվեր, այլ ավելի շուտ հոգևոր: Այսպիսով, Վեցօրյայում մենք նկատում ենք հետևյալ փուլերը. լույսը` առաջին օր, ջուրն ու ցամաքը` երկրորդ օր, ցամաքն ու բուսականությունը` երրորդ օր, լուսատուներ` չորրորդ օր, ջրային կենդանիներ` հինգերորդ օր, կենդանիներ և վերջապես` մարդը ցամաքում` վեցերորդ օր: Այստեղ նկատելի է նաև երեք մաս`
1. անկենդան նյութ,
2. կյանք,
3. մարդ: Սա այն վերելքն է, որն ավարտվում է մի սքանչելի էության ստեղծմամբ: Էություն, որը կանգնած է երկու աշխարհների սահմանի վրա` նյութական և հոգևոր: Եթե գոյության յուրաքանչյուր աստիճանը արարվում է անմիջապես աստվածային Խոսքով, ապա մարդուն ստեղծելու պահին ասվում է. «Եվ ասաց Աստված. Ստեղծենք մարդուն մեր նմանությամբ և կերպարանքով, և թող իշխեն ...»: Այսպիսով, Տիեզերքում հայտնվում է նոր էություն, որը նման է Արարչին, և նախ և առաջ` իշխանությամբ արարչության հանդեպ, և ոչ թե կոպիտ և բռնի, այլ իմաստուն և խոհեմ իշխանությամբ: Մեկնիչներից շատերը` Եկեղեցու Հայրերը, ասում էին, որ դա տարածվում է նաև մարդու ներանձնական տիեզերքի վրա, որովհետև յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է կրքերի մի գազանանոց, որտեղ ամեն ինչ կա` և՛ անկենդան մոլորված մտքեր, և՛ անբան անասուններ, և՛ գիշատիչներ, և՛ սողուններ, և դա նույնպես գտնվում է մարդու իշխանության ներքո:
Ռուսերենից թարգմանեց
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Դարբասի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ