Գիշերօթիկներում նաև ապահով ընտանիքների երեխաներ կան
04.10.2019 | 01:28
Գիշերօթիկ դպրոցների փակման հարցը կառավարության օրակարգում է. իշխանություններն այս հարցում կարծես հաստատակամ են: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ գիշերօթիկներից ընտանիք վերադարձող երեխաների համար գործընկեր կազմակերպությունների հետ ծրագրեր են մշակվել: Այսինքն, այն երեխաները, որոնք ընտանիք վերադառնալու հնարավորություն չունեն կամ ընտանիքն այնքան է անապահով, որ չի կարող իր երեխայի խնամքով զբաղվել, նախարարության կողմից հաստատված կառույցների խնամքին կհանձնվեն: Տիկին Բաթոյանը դպրոցների փակումը դիտարկում է նաև այլ տեսանկյունից. «Նախատեսվում է, որ այդ ընտանիքներին նյութական աջակցություն կտրամադրվի, կբարելավվեն կենցաղային պայմանները»։
Գիշերօթիկ հաստատությունների փակվելու և երեխաներին ինչ-ինչ կառույց-կազմակերպությունների խնամքին հանձնելու վտանգների մասին ահազանգեր արդեն իսկ հնչում են: Մասնավորապես՝ հայտնի չէ, թե անչափահասների խնամքն ու դաստիարակությունն ինչ կազմակերպությունների է վստահվելու, ինչ աղբյուրներից սնվող կառույցներ են լինելու դրանք: «Եթե Սորոսի հիմնադրամի հովանավորությունը վայելող կազմակերպություններ են լինելու, դա բնավ վստահություն չի ներշնչում: Հայտնի չէ՝ երեխաներն այնտեղ ինչ կարող են տեսնել ու սովորել, բացի այդ, օտարերկրյա գրանտներից սնվող կառույցներն ինչպե՞ս կարող են սրտացավ լինել մեր երեխաների նկատմամբ: Հետաքրքիր է՝ այս հարցում ի՞նչ դերակատարություն է ունենալու Հայ առաքելական եկեղեցին, գուցե կարելի էր եկեղեցու հովանու ներքո ինչ-որ կազմակերպություն բացել ու երեխաների ճակատագիրը վստահել հոգևորականներին: Ամեն ինչ խճճված է ու անհասկանալի, չենք հասկանում, թե նախարարությունում ինչպես են գլուխ հանելու»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց հոգեբաններից մեկը, մտահոգություն հայտնելով, թե այնպես չլինի հանկարծ, որ առանց այն էլ ընտանիքի հետ չապրող երեխաները հոգեբանական հարված ստանան:
Գիշերօթիկները լուծարելու մեջ, կարծում ենք, դրական մի բան կա. շահառու երեխաների իրականում ապահով ընտանիքից լինելու հանգամանքը կարող է ջրի երես դուրս գալ: Մեր ունեցած տեղեկություններով՝ գիշերօթիկ դպրոցներում երեխաներ կան, որ բնավ էլ անապահով ընտանիքից չեն, ավելին՝ նրանց ծնողները կամ հարազատները նույն դպրոցի աշխատակիցներ են: Որքան էլ տարօրինակ է՝ դպրոցի տնօրենությունը փորձում է հնարավորինս շատ երեխա «ներգրավել», որ ըստ այդմ շատ գումար ստանա բյուջեից: «Անվճար հաց են ուտում, շորեր են ստանում: Երեխաներն իրենց աչքի առջև են լինում, օգտվում են նաև դպրոցի ընձեռած հնարավորություններից: Էլ չեմ ասում, թե ինչքան օգնություն են ստանում այդ դպրոցները ամենատարբեր կազմակերպություններից ու անհատ բարերարներից: Աշխատանքը կորցնելու մտահոգությունից զատ նաև այդ պատճառով է, որ գիշերօթիկի աշխատակիցները խստագույնս քննադատում են որոշումը»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Իհարկե, հասարակության բարձր կենսամակարդակի, գիշերօթիկ դպրոցների անհրաժեշտություն չունենալու մասին բոլորս ենք երազում, բայց քանի դեռ Հայաստանում աղքատության 30-տոկոսանոց շեմ կա, նման կառույցների կամ դպրոցների առկայությունն անհրաժեշտություն է: Անկախ հանգամանքից՝ ինչպես կլուծվի գիշերօթիկ դպրոցների լուծարել-չլուծարելու հարցը, իշխանությունը պետք է մանրադիտակի տակ առնի այս ոլորտն ու այնպես անի, որ իրապես խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներն ինչ-ինչ մարդկանց ձեռքին գործիք չդառնան:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ