Չեմպիոնների լիգայի շորշոփներով ուղեկցված տուր
08.10.2019 | 00:33
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնությունների այս վերջին տուրի հանդիպումները ներկայացնելիս մենք հաճախակի ստիված կլինենք անդրադառնալ դրան նախորդած Չեմպիոնների լիգայի դիմակայություններին, որովհետև, դատելով արձանագրված արդյունքներից, այն կարծես թե դրանց մասնակցածների մի մասին իսկապես խելքապտույտ է արել` թողնելով անցյալի մեջ, կտրելով օրվա իրողություններից։ Համենայն դեպս, արձանագրվել են արդյունքներ, որոնք չեն կարող չզարմացնել, որքան էլ անակնկալներն այս հրաշալի խաղի մշտուղեկիցներն են։ Միաժամանակ նշենք, որ այս տուրից հետո ակումբային ֆուտբոլում առժամանակ դադար կլինի, քանզի ազգային հավաքականները պետք է անցկացնեն Եվրոպայի որակավորման փուլի իրենց հերթական հանդիպումները։
ԱՆԳԼԻԱ
ՈՒթերորդ տուրը խոշոր անակնկալ եղավ «Մանչեստր Սիթի»-«Վուլվերհեմպտոն» դիմակայությունում արձանագրված հաշվով։ Երկրորդ տասնյակում գտնվող հյուրերը միանգամայն հարթ տեղն անակնկալի բերեցին «քաղաքաբնակներին»՝ ստիպելով գլխիկոր հեռալ խաղադաշտից։ Տրաորեի այդպես էլ անպատասխան մնացած դուբլը թեպետ ոչնչով չսպառնաց մրցաշարային աղյուսակում Խոսեպ Գվարդիոլայի թիմի երկրորդ հորիզոնականին, սակայն էապես հետ գցեց չեմպիոնական մրցավազքից, քանի որ ««Լիվերպուլը» շարունակեց իր անպարտ հանդիպումների շարքն ու ութ խաղից ունեցած 24 միավորով երկրի գործող չեմպիոններից առաջ է արդեն ամբողջ ութ միավորով։ Կլոպի սաները տնային խաղում 2։1 հաշվով պարտության են մատնել «Լեստերին»։ Իր հերթին այս պարտությունը վերջինիս երրորդից չորրորդ հորիզոնական մղեց, քանի որ հյուրընկալելիս «Արսենալը» հաղթանակ տոնեց «Բոռնմուտի» նկատմամբ (1։0) ու վաստակած միավորների թիվը հասցրեց 15-ի։
Լեստերին» միավորներով հավասարվեց արտագնայում խոշոր հաշվով «Սաուտհեմպտոնին» հաղթած «Չելսին»՝ 4։1։ Լեստերի» ու «Չելսիի» պես 14 միավոր ունի նաև «Կրիստալ Պալասը», սակայն այն դուրս է առաջին վեցյակից։ Ավելորդ չհամարենք հիշատակել «Տոտենհեմին», որը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բավարիայից» կրած խայտառակ պարտությանը հավելեց ներքին առաջնությունում «Բրայտոնից» կրած 0։3 հաշվով դարձյալ խոշոր պարտությունը։ Հետաքրքրական է, որ այս պարտությունները հունից չեն հանում ոչ ակումբի ղեկավարությանը, ոչ թիմի գլխավոր մարզչին, ով մասնավորապես «Բավարիայի» հետ խաղում կրած պարտությունից հետո բոլորին միանգամից լռեցրեց հայտարարությամբ, որ պատրաստվում է ևս հինգ տարի աշխատելու լոնդոնյան ակումբում։
ԳԵՐՄԱՆԻԱ
Վերը ներկայացրածից առանձնապես չհեռանալով, թեպետ նոր առաջնություն ենք ներկայացնելու, ասենք, որ «Տոտենհեմին» 7։2 հաշվով առանձնահատուկ դաժանությամբ պատժած «Բավարիան» խայտառակ պարտություն կրեց Մյունխեն ժամանած «Հոֆենհայմից» (1։2) ու այդ պարտությունում առյուծի բաժին ունեցածն ո՞վ լինի, որ լավ լինի։ Պինդ բռնվեք. մեր Սարգիս Ադամյանը, ով այսքան տարի Հայաստանի ազգային հավաքականում այնքան գոլ չէր խփել, որքան այս խաղում ու, ոչ ավել-ոչ պակաս, Նոյերի նման համաշխարհային մեծության դարպասապահին ստիպելով գնդակները հանել դարպասից։ Ծուռ նստենք, շիտակ խոսենք՝ մեր ընտրանին սկզբունքորեն այնպիսի զորեղ մրցակից հավաքականներ չի ունեցել, որ «Բավարիան» նրանց համեմատ համարենք թույլ ու չզարմանանք մեր տղայի խփած երկու գոլով։ Այստեղ մնում է եղածի մեկնաբանման միայն մի բանական տարբերակ. Սարգիս Ադամյանը լրջորեն վիրավորվել է իր հայրենի քաղաքի գարեջրից բավարականի գերադասումից ու Գյումրիի ըմպելիքի մուռն է հանել։ Եթե դուք ավելի ողջամիտ պատմություն կգտնեք մեր ներկայացրածից, ուրեմն, ինչ ասեմ, ճիշտը դուք եք։
Առաջ անցնելով ասենք, որ այս պարտությունը մյունխենցիներին արժեցավ առաջատարության կորուստ ու նահանջ միանգամից երկու սանդղակի գահավիժումով։ Բավարացիների փոխարեն առաջին հորիզոնականում 16 միավորով հարմարավետ տեղավորվեց տնային խաղում 5։1 հաշվով «Աուգսբուրգի» նկատմամբ առավելության հասած Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։ Երկրորդ հորիզոնականում հյուր ժամանած «ՈՒնիոնին» նվազագույն հաշվով պարտության մատնած «Վոլֆսբուրգն» է՝ 15 միավոր։
«Բավարիայի» պես 14 միավոր ունի միանգամից չորս թիմ։ Հերթականությամբ նրան հաջորդում են Դորտմունդի «Բորուսիայի» հետ սեփական հարկի տակ միավոր կիսած «Ֆրայբուրգը»՝ 2։2, արտագնայում «Բայերի» նկատմամբ առավելության չհասած «Լայպցիգը»՝ 1։1, հյուրընկալելիս «Քյոլնից» խաղաղ բաժանված «Շալկեն»՝ 1։1։ Յոթերորդ հորիզոնականում հանգրվանած «Բայերին» արդեն հիշատակել ենք։
ԻՍՊԱՆԻԱ
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բրյուգեի» հետ խաղում պարտությունից հրաշքով խուսափելուց հետո «Ռեալը», սեփական դեմքը պահպանելու համար, պարզապես պարտադրված էր հրաշալի մեկնարկած «Գրանադայից» երեք միավոր կորզել։ Նկատենք, որ լավ էլ գոլառատ խաղում «արքայականին» դա հաջողվեց անել՝ 4։2, ինչն էլ նրա համար 18 միավորով շարունակեց ամրագրած պահել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Գրանադան» (14 միավոր) նահանջեց չորրորդ հորիզոնական։
Իր երկրպագուներին տհաճ անակնկալ մատուցեց Մադրիդի «Աթլետիկոն»՝ հյուրընկալվելիս միավոր կիսելով հիմնական կազմի լուրջ խնդիրներ ունեցող «Վալյադոլիդի» հետ։ Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։
Սեփական հարկի տակ «Խետաֆեից» ցավագին պարտություն կրեց «Ռեալ Սոսիեդադը» (1։2) ու, խոստովանենք, դրանում իր վճռորոշ դերն ունեցավ այն, որ խաղի զգալի հատվածը թիմը հարկադրված էր հանդես գալ տասը հոգով։
Սակայն լա լիգայի տուրի գլխավոր հանդիպումը Կատալոնիայում էր՝ տեղի «Բարսելոնի» ու անդալուզական «Սևիլիայի» միջև։ Գլխավորը՝ գլխավոր, սակայն սպասված պայթյունային հանդիպումը չստացվեց, քանի որ տանտերերն առնվազն մի գլուխ բարձր էին մրցակցից։ Ըստ էության հանդիպման ելքը վճռվեց արդեն առաջին խաղակեսում. հյուրերը բաց էին թողել երեք գնդակ։ Երկրորդում մեկն էլ Մեսին ավելացրեց, ու դիմակայությունն ավարտվեց «Սևիլիայի» համար ջախջախիչ հաշվով՝ 4։0։ Այս հանդիպումից հետ կատալոնյան ակումբը 16 միավորով բարձրացավ աղյուսակի երկրորդ հորիզոնական։ Նրանից մեկ միավոր է պակաս վաստակել «Աթլետիկոն»։ «Ռեալ Սոսիեդադն» ու «Սևիլիան» ունեն 13-ական միավոր։
ԻՏԱԼԻԱ
«Ինտեր»-«Յուվենտուս» դիմակայությունում «ծեր սինյորայի» հաղթանակի դեպքում մրցաշարային աղյուսակում կլիներ առաջատարի փոփոխություն, երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը դուրս կգար իրեն այնքան ծանոթ հորիզոնական։ Սակայն այդ հաղթանակը նաև նշանակելու էր, որ ընթացիկ սկուդետեում «Ինտերը» կրելու էր առաջին պարտությունը, ինչը դառնալու էր Չեմպիոնների լիգայում օրեր առաջ «Բարսելոնից» կրած ցավագին պարտության տհաճ շարունակությունը։ Մի խոսքով, հանդիպումը առաջնության կենտրոնական հանդիպումն էր բոլոր պարամետրերով։
Պիտի ասել, որ իսկապես մեծ մրցակցություն ստացվեց։ Հյուրերը հաշվի մեջ շատ արագ առաջ անցան, սակայն տանտերերը նրանց թույլ չտվեցին երկար վայելել այդ ուրախությունը։ Այսպես ամեն ինչ գնում էր տրամաբանական ոչ-ոքիի, երբ «Ինտերը» բաց թողեց «Յուվենտուսի» կտրուկ հակագրոհը, ու Գոնսալո Իգուաինն իր թիմին բերեց հաղթանակ։ 19 միավորով «ծեր սինյորան» անցավ առաջատարի իր պարտականությունների կատարմանը։
«Ատալանտան» «Լեչեի» նկատմամբ բավականին դյուրին հաղթանակ տոնեց (3։1) ու 16 միավորով ամրակայվեց երրորդ հորիզոնականում։
Իր դիրքում անշարժ մնաց «Նապոլին» (13 միավոր), որն արտագնայում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Թուրինի» հետ։ Նույնությամբ դիրքերը պահպանեցին և «Ռոման» ու «Լացիոն»։ Առաջինը հյուրընկալելիս 1։1 խաղաց «Կալյարիի»հետ, երկրորդն արտագնայում երկու գոլ փոխանակեց «Բոլոնիայի» հետ մրցակցությունում։ Նրանք համապատասխանաբար ունեն 12 և 11 միավոր։
ՖՐԱՆՍԻԱ
Իր թիկունքին ծանրորեն շնչող «Անժին» «Պարի Սեն Ժերմենը» ցավոտ դաս տվեց՝ հյուրերին պարտադրելով չորս անգամ գնդակը հանել դարպասից ու այդպես էլ անպատասխան մնալ։ Սույնից լավագույնս օգտվեց մինչ այդ «Անժի» հետ հավասար՝ 16 միավոր ունեցող «Նանտը», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Նիցցայի» նկատմամբ ու երկրի գործող չեմպիոնից հետ է մնում երկու միավորով։ Չորրորդ հորիզոնականում է արտագնայում «Թուլուզին» 3։1 հաշվով հաղթած «Բորդոն»։ Նրա ակտիվում է 15 միավոր։ Նույնքան միավոր է գրանցված նաև «Լիլի» անվան դիմաց, որը սեփական հարկի տակ միավոր է կիսել (2։2) մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող «Նիմի» հետ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ