Բացառապես ազգականներին գործի տեղավորող պաշտոնյաների ձեռքը պետք է բռնել
05.12.2019 | 21:03
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարվում է խոսելուց իր սիրելի թեմայից՝ կոկորդիլոսաբուծարանից: Օրերս լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պարոն մարզպետը հազիվ ու խիստ դժկամ տոնայնությամբ էր շփվում լրագրողների հետ: Հարցերը, ըստ երևույթին, նրա սրտով չէին, այդ իսկ պատճառով հարցուպատասխանի կեսից Սարգսյանը նեղացկոտ հայացքով լքեց լրագրողներին: Մինչև հեռանալը, սակայն, խոստովանեց՝ կուրսընկերն ու զարմիկը մարզպետարանում աշխատանքի են անցել: Պատճառաբանեց՝ ոչ թե իր մտերիմներն են այդ պատճառով, այլ արժանի թեկնածուներ են եղել: Արարատի մարզպետի ոչ տեղին մեկնաբանությունների մասին մեկ անգամ չէ, որ գրել է մամուլը: Մշտապես ուշադրության կենտրոնում հայտնվող պաշտոնյան, կրկին ըստ մամուլի հրապարակման, մոտ տասն օր առաջ նորից սկանդալի կիզակետում էր, երբ օգնականին հրահանգել էր «վրեժխնդիր» լինել իրեն արտահերթ սպասարկելուց հրաժարված վարսավիրից: Հարցով այժմ իրավապահներն են զբաղվում:
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կառավարության այս կամ այն ներկայացուցչին հաճախ են խորհրդարան հրավիրում՝ կառավարչական բնույթի տարբեր հարցեր քննարկելու համար,-«Իրատեսի» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։- Նրանց գործունեության էթիկային վերաբերող հարցերը, սակայն, քաղաքական ուժի քննարկման առարկա են: Այսինքն, եթե ապացուցվի, որ վարսավիրի հետ միջադեպ է եղել, ապա պատասխանատուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն է կամ համապատասխան հանձնաժողովը, բայց ոչ երբեք խորհրդարանի հանձնաժողովներից որևէ մեկը: Ինչ վերաբերում է պետական պաշտոններում ազգականներին, ընկերներին ու ծանոթներին նշանակելուն, ապա հեղափոխությունից հետո նշանակումներ անելիս երկու սկզբունքով պետք է առաջնորդվել՝ պրոֆեսիոնալիզմի և վստահության: Պրոֆեսիոնալիզն ինքնին հասկանալի է, իսկ եթե ուզում ենք համակարգ փոխել, ապա վստահելի մարդիկ են պետք, որ կարողանան հինը փոխել, նոր լուծումներ առաջարկել ու կիրառել»:
«Իմ քայլը» խմբակցությունը, ասում է մեր զրուցակիցը, վերլուծում է տարբեր պաշտոնյաների շուրջ առաջացող աղմուկը, խնդիրները: Ավելին՝ խորհրդարանական մեծամասնությունն այժմ ներքին ընթացակարգ է պատրաստում, թե ինչպես են հարաբերվելու կառավարության հետ, եթե այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ անվստահություն ունենան: Պատգամավորն ընդգծում է՝ այնպիսի մեխանիզմ են ուզում ստանալ, որ կառավարությանը կամ վարչապետին կարողանան ասել՝ կոնկրետ պաշտոնյայի մասով խնդիր են տեսնում, ու առաջարկեն իրենց մշակած լուծումը: Իսկ այդպիսի պաշտոնյաներ, նշում է, այս պահին էլ կան:
Մեծամասնության ներկայացուցիչը շեշտում է՝ հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմում, ազգակցական կապերով մարդիկ կան, ու նրանք տասնյակ տարիներով միմյանց հետ համատեղ պայքարել են հեղափոխության համար: Իսկ եթե ազգական են, հարց է բարձրացնում իմքայլականը, ապա ի՞նչ սկզբունքից ելնելով պետք է պաշտոնի չնշանակվի կամ հեռանա թիմից: Միևնույն ժամանակ ընդգծում է՝ եթե մարդ աշխատանքի է ընդունում միայն իր բարեկամներին, այդ ժամանակ, իհարկե, պետք է միջամտել ու բռնել այդ մարդու ձեռքը, բայց պետք չէ ամեն բան ծայրահեղացնել ու ասել՝ եթե բարեկամ ես կամ ընկեր, ուրեմն՝ վերջ, աշխատանքի չես կարող ընդունվել:
Հիշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բաջանաղապետության» մասին հայտարարությունը՝ հստակեցնում է՝ եթե համակարգի հիմքն ամբողջությամբ բաջանաղապետությունն է, ու բոլոր հարցերն այդ մակարդակում են լուծվում, շատ վատ է, բայց եթե տրամաբանված բացառություններ կան, պետք է ընդունել դրանք:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ