«Դրսում Փաշինյանի սխալները երբեք չեն ներվել, չեն էլ ներվելու»
04.02.2020 | 00:19
Իշխանություններն ամեն ինչ անում են, որ «տիրանան» Սահմանադրական դատարանին։ Բոլոր հնարավոր ու անհնար ձևերով գրոհ է կազմակերպված այդ կառույցի, ավելի ստույգ, այսօրվա ՍԴ կազմի դեմ։ Հերթականը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունն է, այն է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այս փոփոխության նպատակն այն է, որ առանց ՍԴ-ի կարծիքը հաշվի առնելու սահմանադրական որոշումներ ընդունեն ու կյանքի կոչեն։ Սահմանադրագետները սա համարում են հակասահմանադրական քայլ և խորհրդարանին կոչ են անում չընդունել այս օրենքը։ Քաղաքական այսօրվա իրավիճակի շուրջ ենք զրուցել քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ։
-Պարոն Համբարյան, ո՞րն է այսպիսի օրենք ընդունելու իրական նպատակը, ինչի՞ է ձգտում իշխանությունը։
-Տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարող ծնկի բերել ՍԴ նախագահին և դատավորներին, Փաշինյանը փորձում է այնպես անել, որ ՍԴ-ն հայտնվի լուսանցքում։ Սա օրենքի կոպտագույն խախտում է, որն անարգում է ՍԴ-ի կարգավիճակը։ Նիկոլ Փաշինյանը միշտ գործում է պարզունակ, արագ բացահայտվում են նրա բոլոր քայլերը։ Փորձեց շանտաժի միջոցով ՍԴ նախագահից հրաժարական պահանջել, հետո ուժային մեթոդներ կիրառեց՝ ձերբակալելով նրա սանիկներին, ԱԱԾ-ն ուղարկեց Հրայր Թովմասյանի տուն, տան անդամներին բերեցին ԱԱԾ, խայտառակ ռեպորտաժներ Հ1-ով հեռարձակվեցին, «կաշառք՝ ՍԴ դատավորի պաշտոնի դիմաց» օրենք ընդունեցին։ Հիմա էլ փորձում են ամեն ինչ անել, որ ՍԴ-ն լուսանցքում թողնեն, որպեսզի որոշումներն ուժի մեջ մտնեն առանց ՍԴ-ի եզրակացության։ Եվրոպայում մի երկիր է եղել, որ այս ուղղությամբ է ընթացել։ Լեհաստանն էր, որ անպատասխան չմնաց։ ԵԽԽՎ-ն մի քանի օր առաջ ուղղակի ապտակ հասցրեց այդ երկրին, հնարավոր է եվրոպական կառույցները պատժամիջոց կիրառեն Լեհաստանի հանդեպ։ Հիմա մեր իշխանությունները պատրա՞ստ են դրան։
-ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը մեզանում երկու ծայրահեղ տարբեր գնահատականի արժանացավ։ Իշխանությունները, չգիտես ինչու, դրանում տեսել են հօգուտ իրենց գնահատականներ, մինչդեռ բավականին սուր ակնարկներ կային։ Ինչու՞ մեր իշխանությունները չեն տեսնում այդ խնդիրները կամ ինչու՞ են այդ քննադատությունը արհամարհում։
-Նախկին իշխանությունների ժամանակ ակտիվ ընդդիմադիրները, որ այսօր արդեն իշխանություն են, երբեք չպիտի մոռանան իրենց անցյալը, երբ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնում էին իշխանությունների վարած սխալ քաղաքականությունը։ ՈՒ ՀՀԿ-ն շատ նեղվում էր, երբ ասում էին, թե մեր ներքին խնդիրները դուրս մի տարեք։ Հիմա նույնն իրենց հետ է տեղի ունենում։ Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի հայտարարության խեղաթյուրմանը, շատ զարմացա, որ կարողացան այդպես ճարպիկ գտնվել ու բացահայտ իշխանության դեմ ընդունված որոշումը հօգուտ իրենց ներկայացնել։ Այն դեպքում, որ վերջին պարբերությունում շատ պարզ ընդգծված է, թե ում նկատի ունի ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը։ Այս ամենը բանի տեղ չեն դնում, որովհետև առաջնորդվում են այն սկզբունքով, թե օրինական են ընտրված և ինչ ուզենան, կարող են անել։ Այս մոտեցումը գուցե դեռ «մարսվում» է Հայաստանի Հանրապետությունում, բայց դրսում դրանից կօգտվեն և մեր բարեկամ երկրները, և հակառակորդները, ինչի հետևանքները իշխանության համար շատ ծանր կարող են լինել։ Հաշվի առնելով նախորդ իշխանության սխալները, Փաշինյանն իրավունք չունի այսպիսի կեցվածք ընդունելու և արհամարհելու ԵԽԽՎ որոշումը։ Նա հավանաբար հույս ունի, որ իր թիմի որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք սնվում են եվրոպական պետություններից ու համապատասխան կենտրոններից, կկարողանան իրենց լոբբինգը կազմակերպել միջազգային կազմակերպություններում և թույլ չեն տա իշխանությանը քննադատող որոշումներ ընդունել։ Սակայն պիտի հիասթափեցնեմ նրան։ Այդ ՀԿ-ների ներկայացուցիչները և դրսի կենտրոնների հետ աշխատողները չեն կարողանա լոբբինգ անել, որովհետև եվրոպական որոշ պետությունների շահերն ավելի բարձր են, քան այդ ՀԿ-ների շահերը։ Նախկին իշխանություններին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ անընդհատ բարձրաձայնում էր նրանց անհամաչափ գործողությունները, ուժային կառույցների սխալները, իրավունքների ոտնահարման խնդիրները, չարաշահումները, հիմա էլ ավելի մեծ չարաշահումներ, օրինախախտումներ է կատարում՝ մտածելով, թե դա իրեն վերապահել է իբր ժողովուրդը։ Օրերս նրա ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը՝ «Կոնսենսուս մինուս 95 տոկոս», ուղղակի ծիծաղելի է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել ու ապացուցել ժողովրդին, որ ունի 95 տոկոս վստահություն։ Պատմություն իմացող դպրոցական աշակերտն էլ շատ լավ գիտի, որ բոլոր երկրներում իշխանության եկած քաղաքական ուժի վարկանիշը նվազում է։ Թե որքան արագ վարկանիշի անկում կլինի, պայմանավորված է այդ ուժի քաղաքականությունից։ Երբևիցե ոչ մի ուժ չի կարող շատ երկար այդպիսի բարձր վարկանիշ ունենալ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում ընդհանրապես հնարավոր չէ ոչ միայն պահպանել, այլև ավելացնել վարկանիշը, քանի որ իր խոստումների մեծ մասն իրականացված չէ։
-Ինչու՞ երբեմնի խիստ ընդդիմադիր Փաշինյանը, ինչպես նշեցիք, ավելի մեծ օրինախախտումներ, չարաշահումներ է թույլ տալիս, քան նախկինները։ Իշխանությու՞նն է այդպիսին, թե՞ ոչ ճիշտ մարդիկ են հայտնվում իշխանության ղեկին։
-Անշուշտ, Ձեր նշած պատճառներն էական են։ Մի կողմից Փաշինյանն այն անձը չէր, որ պետք է երկիր ղեկավարեր, սա անընդհատ ապացուցում է իր բոցաշունչ ելույթներով՝ մոռանալով, որ ոչ թե ընդդիմադիր գործիչ, այլ երկրի վարչապետ է։ Փաշինյանը նաև արագ կտրվեց իրականությունից, շատ արագ այլակերպվեց, հագավ Սերժ Սարգսյանի «կոստյումը»։
-Ի դեպ, ինչու՞ չի ցանկանում «կոստյումից» հրաժարվել, հայտարարվեց, որ այս սահմանադրական բարեփոխմամբ կառավարման մոդելը չի փոխվելու։
-Իսկ ինչու պիտի այդ «կոստյումը» հանի, եթե դրանով իրեն շատ լավ է զգում, ուրախությամբ կրում է սուպերվարչապետի կարգավիճակը։ Բանն այնտեղ է հասել, որ Լիլիթ Մակունցը, որ աչքի է ընկնում տարատեսակ անտրամաբանական հայտարարություններով, փորձելով Փաշինյանին արդարացնել, ասաց, թե Փաշինյանը սուպերվարչապետական կառավարում ասելով, նկատի է ունեցել ՏԻՄ կեղծված ընտրությունները։ Տիկին Մակունցի հայտարարությունը մեկնաբանելու համար հավանաբար հոգեբան, ավելի ճիշտ, հոգեբույժ է պետք, որովհետև անգամ ինքն իր հայտարարությունը չի կարող բացատրել։ Նրան կարող են մեկնաբանել իր նման մի քանի երեսփոխաններ, որոնց փողոցից ԱԺ են բերել։ Փաշինյանը և նրա թիմակիցների մեծամասնությունը պետական մտածելակերպի բացակայության խնդիր ունեն։ Նրանք առաջնորդվում են նեղ անձնական, լավագույն դեպքում թիմային շահերով։ Վարչապետ ընտրվելով, Փաշինյանը շատ արագ մոռացավ, թե ում էր մարդասպան, հանցագործ անվանում, նրանք դարձան օրինակելի գործարարներ, քաղաքացիներ։ Իսկ այն անձինք, ովքեր չհամբուրեցին Փաշինյանի աջը, չանցան նրա թրի տակով, դարձան թշնամիներ, դավաճաններ, հակահեղափոխականներ։
-Օրերս պարզվեց, որ մեր ազգային անվտանգությանը սպառնալիք են նաև ռուսական հեռուստաալիքները, Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում այդ հեռուստաալիքների հեռարձակումից։
-ՀՌՀ տնօրեն Տիգրան Հակոբյանի այդ հայտարարությունը շատ զարմանալի էր։ Անկեղծ ասած, նրա մասին դրական կարծիք ունեի, բայց երևում է պաշտոն ստանալուց հետո, կառավարությունից նրան հետաքրքիր հրահանգներ են տալիս, որոնք կյանքի կոչելու համար այդպիսի հայտարարություններ է անում՝ խայտառակելով իրեն։ Հակոբյանը դժգոհում է, թե մեր կոնտենտի 70 տոկոսը օտարալեզու ալիքներ են։ Սկսենք փաստից` Հայաստանի շուկան այդքան հնրավորություն ունի՞, որ նոր հեռուստաալիքներ բացի և լրացնի դրա գոնե կեսը։ Իհարկե չունի։ Առավել զարմանալի էր, որ Հակոբյանը չի դիտում Հ1-ը։ Այդ այլանդակ ռեպորտաժները, որ մարդուն առանց դատ ու դատաստանի մեղավոր են դարձնում, պարզվում է, չի դիտում։ Հավանաբար Հակոբյանը քաղաքականությունից շատ հեռու է ու չի հասկանում իր անտրամաբանական հայտարարությունների բուն վտանգը։ Ըստ նրա, մեր դյուրահավատ հեռուստադիտողները, դիտելով ռուսական առաջին ալիքը, կարող են հակավրացական և հակաուկրաինական ախտով վարակվել։ Որպեսզի իր հակառուսականությունն էլ թաքցնի, կողքից էլ խոսում է «CNN»-ի մասին՝ իբրև հակաիրանական տրամադրություններ ստեղծող։ Բոլորին էլ հասկանալի էր, որ թիրախում ռուսական հեռուստաալիքներն են, որոնց դիտելիությունը Հայաստանում շատ բարձր է։ Այդ ալիքները համարելով մեր ազգային անվտանգությանը խնդիրներ ստեղծող, Հակոբյանը լավ կլինի հիշի, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան իր 5000-անոց «կոլեկտիվով» Հայաստանի երկրորդ քաղաքում է տեղակայված, որը շատ մեծ դերակատարում ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Այդ ռազմաբազայի առկայությունն այնքան կարևոր է, որ մենք ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը վերցրել ենք մեզ վրա։ Տիգրան Հակոբյանին նաև հիշեցնեմ, որ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անքակտելիությունն ապահովվում է Ռուսաստանի կողմից։ Այդ սահմանը ողջ երկայնքով պահում են ռուս սահմանապահները։ Եթե ՀՌՀ տնօրենն այդքան շատ մտահոգված է Հայաստանի անվտանգությամբ, թող իր վերադասին՝ Փաշինյանին, հիշեցնի նաև, որ ամեն տարի 200-250 հազար ՀՀ քաղաքացիներ մեկնում են ՌԴ արտագնա աշխատանքի, եթե Ռուսաստանն այդքան մեծ վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգությանը, ինչու՞ վերջին 2 տարում շուրջ 50 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել։ Չմոռանա նաև ասել, որ Ռուսաստանում այսօր ավելի շատ հայ է ապրում, քան անգամ Հայաստանում։ Ավելին, այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների տարեկան տրանսֆերտները 10 տոկոսից ցածր են, իսկ 90 տոկոսը, էլ չեմ խոսում առձեռն գումարները, որ մեր քաղաքացիներն իրենց հետ բերում են, գալիս է Ռուսաստանից։ Այս ամենից հետո Տիգրան Հակոբյանը կարող է ասել, որ Հայաստանի դյուրահավատ հեռուստադիտողը կարող է ռուսական հեռուստաալիքներից հակավրացական և հակաուկրաինական տենդո՞վ վարակվել։ Հակոբյանը հայտարարում է, թե մենք Վրաստանի հետ գործընկերներ ենք, մենք երբեք գործընկերներ չենք եղել, որովհետև դա ոչ թե պաշտոնական Երևանը չի ուզում, այլ պաշտոնական Թբիլիսին։
-Չե՞ք կարծում, որ այս հայտարարությունը տրամաբանական շարունակությունն է օրերս Փաշինյանի արած այն մտքի, թե հայաստանյան որոշ հեռուստաալիքներ պիտի անվանակոչվեն «կոռուպցիա TV»։
-Եթե ներքին խնդիրներով պայմանավորված Փաշինյանը կարող է որոշ լրատվամիջոցների պիտակավորել, և հասարակությունն էլ կարող է խայծը կուլ տալ, միջպետական հարաբերություններում այդպիսի բաներ ոչ մեկը չի ներելու։ Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում, Թեհրանում նստած կառավարիչները պարտավոր չեն Փաշինյանի և իր թիմակիցների արած անտրամաբանական, վիրավորական հայտարարությունները ներել։ Տիգրան Հակոբյանի այդ հայտարարությունից հետո տեսա՞ք, թե ինչ օպերատիվ արձագանք եղավ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից։ Փաշինյանի մոտ դեռ էյֆորիան շարունակվում է, ուղղակի ծիծաղելի է, որ նա կարծում է, թե հասարակության 95 տոկոսն իր կողքին է։ Իսկ նրա բոլոր սխալները դրսում ոչ միայն չեն ներելու, այլև հարմար պահին օգտագործելու են մեր դեմ։
-Որքա՞ն ժամանակ Փաշինյանի սխալները կներվեն։
-Դժվարանում եմ ասել, թե հայ հասարակությունը որքան կարող է ներել նրա սխալները, բացթողումները, ապօրինությունները։ Հարցն այն է, թե այդ սխալների հետևանքներն ինչպիսին կլինեն, և երբ հասարակությունը կզգա, որ դա ուղիղ ազդեցություն է ունենալու իր վրա։ Իսկ դրսում, երկրորդեմ, երբեք սխալները չեն ներվել ու չեն էլ ներվի։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ