Անորոշություն է, տհաճ անորոշություն
22.05.2020 | 01:07
COVID-19 համավարակի պատճառով ֆուտբոլի Եվրոպայի հետաձգված առաջնությունը, որ ընթացիկից տեղափոխվեց եկող 2021, նորից հարցերի առաջ է կանգնած։ The Times-ի հաղորդմամբ` Լոնդոնը, որտեղ մի քանի դիմակայություններից զատ պիտի կայանար և մեծ եզրափակիչը, նախատեսվածն իրականացնելու կտրվածքով կազմակերպիչներին մինչև այսօր վստահության երաշխիք չի տվել։ Սակայն ողջ հարցն այն է, որ հարցականի տակ է հայտնվել ևս երկու քաղաքի մասնակցություն։
Գանք մի փոքր հեռվից։
Դեռևս 2012 թվականին ՈՒԵՖԱ-ն, որի գլխին կանգնած էր ամեն կարգի նորամուծությունների սիրահար Միշել Պլատինին, որոշում ընդունեց աշխարհամասի առաջնությունը անցկացնել 12 երկրի 12 քաղաքում։ «Տանտեր» քաղաքներ էին ընտրվել Հռոմը, Լոնդոնը, Սանկտ Պետերբուրգը, Մյունխենը, Բաքուն, Բուխարեստը, Դուբլինը, Կոպենհագենը, Բիլբաոն, Գլազգոն, Բուդապեշտն ու Ամստերդամը։
Տագնապի առաջին կոչնակը, գիտեք, հնչեց այս տարի։
Կորոնավիրուսը նախ առաջ բերեց առաջնության տարեթվի անցկացման փոփոխություն։ Իբր այդ փոփոխությունը մի կերպ մարսել էինք, հիմա էլ մեջտեղ է եկել առաջնությունն ընդունող երկրների կազմի փոփոխության հարցը։ ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, որն սկզբից էլ թերահավատորեն է վերաբերվել առաջնությունը միանգամից այդքան երկրի այդքան քաղաքում անցկացնելու գաղափարին, առանց որոշակիացնելու արդեն իսկ հայտարարել է, որ հարցականի տակ է երեք քաղաքի մասնակցություն։
«Սկզբունքորեն գաղափարը մնացել է նույնը՝ պահպանել քաղաքների եղած թիվը։ Ներկա պահին ընթանում են բանակցություններ։ Ինը «տանտիրոջ» հետ ամեն ինչ նորմալ է, սակայն երեքի հետ կան որոշակի հիմնախնդիրներ, որոնք կքննարկենք ավելի ուշ։ Մենք սկզբունքորեն ցանկանում ենք մրցաշարն անցկացնել 12 քաղաքում, սակայն եթե չստացվի, Եվրոն կարող ենք անցկացնել և՛ տասում, և՛ իննում, և՛ ութում»,- Չեֆերինին է վկայակոչում Beinsports-ը։
The Times-ի հաղորդմամբ` պրոբլեմային քաղաքներից մեկը Լոնդոնն է, որը մինչ այժմ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանն առաջնության անցկացման հստակ երաշխիքներ չի տվել։ Ի դեպ, ծրագրված էր, որ 90-հազարանոց «ՈՒեմբլին» էր ընդունելու առաջնության յոթ խաղը, որոնցից երեքը խմբային են, մեկը՝ մեկ ութերորդի, երկուսը՝ կիսաեզրափակիչների, մեկն էլ՝ գլխավոր եզրափակչի։
Նախապես առաջնությունն ընդունելու վերաբերյալ բոլոր հավաստագրերի ժամկետ էր սահմանված ապրիլի 30-ը։ Ելնելով հանգամանքներից՝ այն փոխադրվեց մայիսի 27։ Ակնհայտորեն այս ամսաթվին էլ Լոնդոնը չի հասցնի երաշխավորագրերը ներկայացնել, ինչի պատճառով ՈՒԵՖԱ-ի գործկոմը հարկադրաբար հետաձգել է իր նիստը։ Միաժամանակ նշենք, որ Լոնդոնն ՈՒԵՖԱ-ի հետ չի դադարեցրել բանակցությունները։
«Կազմկոմիտեում բոլոր շահագրգիռ կողմերը նախկինի պես տրամադրված են Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու 2021-ին։ Մրցաշարը հաջորդ տարվա ամռանը անցկացնելու հարցում մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել ՈՒԵՖԱ-ի հետ», հայտնում են Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամլո ծառայությունից։ Եվ այսուհանդերձ, հարցը վերջնականապես որոշված չէ։
The Times-ը միաժամանակ հաղորդում է, որ հարցականի տակ հայտնված երեք քաղաքի թվում է և Ամստերդամը, որի հանրահայտ «Յոհան Կրուիֆ արենան» հյուրընկալելու է խմբային երեք ու մեկ ութերորդի մեկ խաղ։ Բանն այն է, որ սույն մարզադաշտի 2021-ը գերհագեցած է, հիշյալ հանդիպումներն անխուսափելիորեն բերելու են եղած գրաֆիկի փոփոխությունների, սակայն քաղաքային իշխանությունները համոզված են, որ մինչ այդ իրենց կհաջողվի ամեն ինչ կարգավորել, պարզապես պայմանագրերի թղթային համաձայնեցումների համար հավելյալ ժամանակ է պետք։
Նկատենք, որ առաջնության կազմակերպչական հարցերի հնարավոր խոչ ու խութերի մասին խոսակցությունները երևան եկան մրցաշարի ժամկետը պաշտոնապես փոխելուց արդեն մեկ շաբաթ անց։ Այն ժամանակ The Times-ը Լոնդոնի կողքին պրոբլեմային քաղաքներ էր հիշատակում Բիլբաոն ու Հռոմը։ Այդ պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության, ինչպես նաև մահերի թվով Իսպանիան ու Իտալիան Եվրոպայում առաջատար էին, եթե իհարկե դա առաջատարություն կարելի է համարել։ Բրիտանացիների կարծիքով` այդ երկրների տնտեսական անկայուն վիճակը կարող է առաջնության անցկացման խոչընդոտող գործոն լինել։ Նկատենք, որ մինչ այժմ Հռոմից պաշտոնական հավաստում չի ստացվել մրցաշարի անցկացման վերաբերյալ, իսկ ահա Բիլբաոն տվյալ պրոբլեմը լուծել է, ինչը հավաստում է առաջնության իսպանական կազմկոմիտեի մամլո ծառայությունը։
Այս ամենի կողքին հարվածի տակ հայտնվեց և Կոպենհագենը։ Դանիական ֆուտբոլային միության նախագահ Մյոլլերը կասկածել էր, որ հեծանվավազքի «Տուր դե Ֆրանսի» երեք փուլ հյուրընկալած քաղաքն ի վիճակի կլինի մասշտաբային ևս մեկ միջոցառում ընդունելու, սակայն հետագայում այն փարատվեց։
Ամփոփենք։ Ամստերդամի, Բիլբաոյի, Կոպենհագենի կողքին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն ընդունելու երաշխիքներ են տվել նաև Մյունխենը, Դուբլինը, Գլազգոն, Բուխարեստը, Բաքուն, Սանկտ Պետերբուրգը, որն ընդունելու է խմբային երեք հանդիպում։ Ինչ-ինչ, վերջինիս առնչությամբ կասկած չկար, քանզի ռուսները խոշոր միջոցառումներ հյուրընկալելու առումով այնքան էլ երես առած երկրներից չեն, որ «քամակ էլ խաղացնեն»։ Անձամբ ես կասկած չունեմ, որ եթե մի չար կատակով բոլորն էլ հրաժարվեն առաջնությունը հյուրընկալելուց, Ռուսաստանը պատրաստ կլինի բեռն ամբողջությամբ ուսերին վերցնելու, թեկուզ դրա համար հարկ լինի վաճառելու ամենավերջին վարտիքը։ Վերջինիս առնչությամբ չհիշեցնեմ մեծն Սուվորովի խոսքը, որը, բնականաբար, այլ պարագայի առնչությամբ էր ասված, սակայն կարևորն այստեղ պատրաստակամության խնդիրն է` վերջին վարտիքի զոհողության գնով։
Կարծես թե առաջնության հետ կապված ամեն ինչ ներկայացրինք, սակայն մեջս մի դառնության զգացում է մնում, որը սուտ կլինի ասել, թե առաջին անգամ եմ բարձրաձայնելու, քանի որ տարբեր առիթներով դրան անդրադարձ է եղել։ Ժողովուրդ ջան, չեք նկատու՞մ, որ մենք ոնց որ թե սկսում ենք բացակայել աշխարհի քարտեզից։ Կոմունիստներից «քյար» մնացած մի «Հրազդան» մարզադաշտ ունեինք, դրա գլուխն էլ կերան։ Սեզոնին գնացեք տեսեք՝ խաղադաշտում խոտ է աճելու, որ մարդաբոյից ավելի է լինելու, իսկ Բաքվի մարզադաշտը տարիներ առաջ Համաեվրոպական առաջին օլիմպիական խաղերի մայրաքաղաք եղավ, հիմա էլ աշխարհամասի առաջնություն է ընդունում։
Լավ, հաշվենք թե Բաքվի մարզադաշտի հիշատակումը շատ ցավոտ եղավ ուռա-հայրենասերների համար, անցնեմ մեր էս մի կողմին։ Վրաստանի մայրաքաղաքը Եվրոպայի սուպերգավաթի ֆինալ է ընդունել, մեր «Հրազդանում» խոտը ոչ թե շարունակում է աճել, այլ ոնց որ թե շարունակում ենք աճեցնել։ Տրամաբանելու հետ կարծես թե առանձնակի խնդիրներ չունեցող մարդ եմ, սակայն այնքան էլ լավ չեմ հասկանում՝ իրա՞վ այսքան խոտասեր ազգ ենք, թե՞ խոտ աճեցնողների նկատմամբ առանձնահատուկ թուլություն ունեցող կոնտինգենտ ենք։
Ամոթ է, չէ՞։ Հո աջ ու ձախ փնովելով, շրջապատում բոլորին ձեռ առնելով հարց չի՞ լուծվում։ Ե՞րբ ենք վերջապես ազատվելու այս այլանդակ մեծամտությունից, նմանը չունեցող սնափառությունից։ Մինչ մենք մեր փուչ գովքն ենք անում, կողքինները սրընթաց առաջ են գնում, բարձր արժեքներով են համաշխարհային հանրությանն ինտեգրվում, իսկ մենք արժեքներ ենք ներմուծում, որոնցից մահվան քրտինք է մարդուն պատում. շատ չմանրամասնեմ, սակայն մեկից չորս տարեկան երեխային սեփական մարմնի հաճույքների ուսուցման գործը կարևորում ենք, որ, ամոթ չլինի ասել, իմանան ու դրանց ցավով տառապողների հաճույքի օջախների շահագործումը հնարավորինս ամբողջակա՞ն դարձնեն...
Իսկապես որ, «Հառաչանքի» ծերունու օրն ենք ընկել ու բան չի մնացել... ղաչաղ դառնալուն։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ