Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստծո կամքի կատարումը

Աստծո կամքի կատարումը
01.06.2022 | 11:24

«Հա՛յր մեր, թող Քո կամքը լինի Երկրի վրա` ինչպես եւ Երկնքում է»,-աղոթում ենք ամեն օր, սակայն հազվադեպ խորապես գիտակցելով, թե ինչ է նշանակում հետամուտ լինել Աստծո կամքի կատարմանը: Իրականում չենք էլ ընկալում, որ մե՛նք ենք այդ կամքը իրագործողները: Եվ վերջնականապես շփոթության ենք մատնվում, երբ փորձում ենք հասկանալ, թե, ի վերջո, որն է Աստծո կամքը:

Մեր Տերը մարդացավ` կատարելու համար Հոր` Իր և Եկեղեցու համար սահմանված կամքը. «Այս է կամքը Իմ Հոր, որ Ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն Ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց: Այս է Իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն եւ հավատա Նրան, ունենա հավիտենական կյանք. եւ Ես նրան վերջին օրը հարություն առնել տամ» (Հովհ. 6; 39-40): Եթե մենք անկեղծորեն փնտրում ենք Աստծո կամքը, ապա Աստծո Սուրբ Խոսքը հայտնում է մեզ այն. «Աստծո կամքը ա՛յս է, որ դուք սուրբ լինեք» (Ա Թես. 4;3): «Զգու՛յշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի. միշտ միմյանց հանդեպ եւ բոլորի հանդեպ բարին գործելու հետամո՛ւտ եղեք: Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղոթեցե՛ք, ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (5;15-18): «Տերը չի ուշացնի Իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի կամենում, որ որեւէ մեկը կորստյան մատնվի, այլ կամենում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետր. 3;9):


Աստված կամենում է բոլոր մարդկանց փրկությունը: Եթե մենք որևէ մարդու կործանումն ենք ուզում, ապա Աստծո կամքին ենք հակառակվում, և եթե կարծում ենք, թե Աստված էլ հավանութուն է տալիս մեր չարամտությանը, ապա չենք ճանաչում Աստծուն:
«Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների եւ բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ եւ հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածպաշտությամբ եւ սրբությամբ. ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ: Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ հասնեն ճշմարտության գիտությանը. քանզի մե՛կ Աստված կա եւ մե՛կ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Հիսուս Քրիստոս՝ մարդը, Ով տվեց Ինքն Իրեն որպես փրկանք բոլորի համար՝ ի վկայություն Իր ժամանակների» (Ա Տիմ. 2;1-6):


Իսկ որպեսզի բոլոր մարդիկ ճանաչեն Աստծուն ու փրկվեն, այսինքն` կատարվի Աստծո կամքը, պետք է Աստծուն արդեն ճանաչողները քրիստոնեավայել ընթացք ունենան. «Այսպես ուրեմն՝ Տիրոջ ծառան պետք չէ որ կռիվ անի, այլ բոլորի հանդեպ լինի հեզահամբույր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտությամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստված նրանց ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը եւ զգաստանալով՝ ազատվեն Սատանայի որոգայթներից, որոնց մեջ բռնված են նրա կամքը կատարելու պատճառով» (Բ Տիմ. 2;24-26):
«Պատրա՛ստ եղեք` հեզությամբ եւ երկյուղածությամբ պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը» (Ա Պետր.3;15):
Աստծո կամքի կատարումը պետք է մեզ համար լինի կենսական անհրաժեշտություն, և Տիրոջ նման ասենք. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ Նրա՛, Ով Ինձ ուղարկել է» (Հովհ.4;34), քանզի «ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ.2;17):


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6179

Մեկնաբանություններ