Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի»

«Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի»
29.01.2023 | 10:39

Սպասման ժամանակն ամենաարժեքավորն է։ Չի՛ կարելի այն թերագնահատել, վարկաբեկել, փչացնել, մսխել․․․
Չի՛ կարելի անհարկի շտապողականություն դրսևորելով՝ փչացնել գործընթացը, որին ժամանակ էր պետք, չի՛ կարելի համբերատարության պակասի հետևանքով ունենալ երեք կամ հինգ ամսական ծնունդ՝ իննի փոխարեն, չի՛ կարելի «օգնել» բոժոժին արագ թիթեռ դառնալ, չի կարելի նոր ծնված արծվի ձագին նետել բնից, եթե անգամ նրան տրված է սավառնելու ու երկնքին տիրելու շնորհն ի սկզբանե։ Մեր կյանքում ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ու մեզ պետք է սովորել երբեմն համբերել ու սպասել։


Շատ գաղափարներ, հայտնագործություններ ու անելիքներ մահացան, քանի որ գործի դրվեցին մինչ հասունացումը, շատ փոխհարաբերություններ մնացին կիսատ, որովհետև արհեստականորեն արագացվեցին, շատ երազանքներ մնացին անկատար, որովհետև ժամանակից շուտ ի ցույց դրվեցին։
Ամենքս ուզում ենք ինչ-որ բան անել՝ բիզնես սկսել, գիրք գրել, հայտնի դառնալ ինչ-որ բանով, ինչ-որ նախաձեռնություն ցուցաբերել, բայց հարկավոր է հիշել սպասման ժամանակի կարևորության և այդ դասերի ճիշտ յուրացման մասին։
Դեռ հազարամյակներ առաջ Սողոմոն Իմաստունն ասում էր. «Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի»։


Սպասել՝ ոչ թե ալարկոտության մղելով սեփական անձը, այլ սպասել՝ պատրաստվելով, սպասել՝ կարևորելով, սպասել՝ սովորելով, սպասել՝ պատրաստ ճիշտ պահին գործի դնելու ամբողջ էներգիադ ու ներուժդ ․․․
Պատահական չէ, որ մեր կոնֆլիկտների մեջ մեծ բաժին ունի սպասել չիմանալը։ Մենք կարող ենք հեշտությամբ վիճել խցանման ժամանակ, բանկում հերթ կանգնած, նեղացնենք դիմացինին նրան սպասելիս, որովհետև շտապում ենք, շատ, տեղին ու անտեղի բոլորս ինչ-որ մրցավազքի մեջ ենք, արագ հասցնելու, շուտ անելու մոլուցքի մեջ ենք, և տուժում է դադարը, կանգառը, հանգիստը․․․


Ու արդյունքում մոռանում ենք ժամանակ առ ժամանակ Երկինք նայել, լիաթոք շնչել, կանգնել հայելու դիմաց ու նայել մեր աչքերից ներս, ժամանակ չենք ունենում գրկելու, ձեռք սեղմելու, սպասելու համար, ժամանակ չենք ունենում ինքներս մեզ հետ մնալու ու ապրելու համար․․․
Ու մեր շտապելուց էլ մեղադրում ենք խեղճ ժամանակին, որ իր ստեղծման օրից մինչ հիմա վայրկյան առ վայրկյան իրար վրա դրվելով՝ կազմում է նույն ժամը, նույն օրն ու նույն տարին։
Արագացրեք, բայց անհարկի մի՛ շտապեք։


Սպասեք, բայց անհարկի մի՛ դանդաղեք։
Ու անկախ ամեն ինչից՝ ժամանակ գտեք հաճախակի կանգ առնելու ու երկու ուղղությամբ նայելու համար՝ դեպի ձեր ներսը ու դեպի Երկինք․ մնացած բոլոր ուղղություններով մեր տեսադաշտը խիստ սահմանափակ է։


Արմեն Նիազյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 20008

Մեկնաբանություններ